Հայաստանում ռուսական բիզնեսի շահերի խախտումը չի մնա առանց արձագանքի․ Գալուզին

Հայաստանում ռուսաստանյան տնտեսական օպերատորների օրինական շահերի խախտումը չի մնա առանց ռուսական կողմի համապատասխան արձագանքի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք հայկական կողմի հետ մեր շփումներում պարբերաբար բարձրացնում ենք Հայաստանում ռուսական բիզնեսի գործունեության պայմանների հարցը: Մեզ տարբեր մակարդակներում վստահեցրել են, որ ներքին ներդրումները վտանգված չեն: Սակայն, ինչպես տեսնում ենք, այս հայտարարությունները լիովին չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Գալուզինը:
Նա նշել է, որ Հայաստանում քաղաքական դրդապատճառներով սեփականության «վերաբաշխման» նշաններ են նկատվում։
Գալուզինը որպես օրինակ նշել է Սամվել Կարապետյանի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա պնդում է, որ ընկերության ազգայնացումը ավելի շատ նման է քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդարի։
Հայաստանի կառավարությունը որոշման նախագիծ է մշակել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և պետականացնելու վերաբերյալ։
Գալուզինն անդրադարձել է նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հնարավոր վաճառքին։
«Հայտարարվում է, թե ռուսական ներկայությունը, իբր, զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից՝ արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Իրականում հակառակն է․ ռուսական ընկերությունը երկար տարիներ իր ամբողջ եկամուտը ներդնում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման, արդիականացման և զարգացման մեջ»։
Նրա խոսքով՝ ընկերությունը 2008 թվականից Հայաստանում ներդրել է 30 մլրդ ռուբլի՝ մոտ 388 մլն դոլար, իսկ հարկերի տեսքով վճարել 15 մլրդ ռուբլի։
Օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ներդրողներ կան, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ կոնցեսիայի վաճառքի մասին խոսակցությունները կարող են վկայել երկաթուղին այլ պետությունների աշխարհաքաղաքական նախագծերի շրջանակում փոխանցելու մտադրության մասին։
«Ռուսաստանյան տնտեսական օպերատորների օրինական շահերի խախտումը ոչ միայն վնաս կհասցնի հանրապետության ներդրումային միջավայրին, այլև ռուսական կողմից չի մնա առանց համապատասխան արձագանքի»,– հայտարարել է Գալուզինը։
2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:











