Գլխավոր Լրահոս

Բաքուն մինչև օգոստոսի 31-ը պետք է ՄԻԵԴ-ին տրամադրի հայ գերիների դատավճիռները. Սիրանուշ Սահակյան

Բաքուն մինչև օգոստոսի 31-ը պետք է ՄԻԵԴ-ին տրամադրի հայ գերիների դատավճիռները. Սիրանուշ Սահակյան

Սիրանուշ Ադամյան

Ադրբեջանը մինչև օգոստոսի 31-ը պետք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրի Բաքվում պահվող հայերի նկատմամբ կայացված դատավճիռների պատճենները կամ դրանց ամփոփագրերը, ինչպես նաև նրանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը։ Եթե Բաքուն չկատարի պահանջը, դա կարող է ուժեղացնել արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ հայկական կողմի պնդումները։

Այս մասին օգոստոսի 29-ին Շանթ ՀԸ-ի հետ հարցազրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը հնարավոր է եղել ստանալ, սակայն մյուս 15 հայերի պարագայում իրավիճակն այլ է։

«15-ի պարագայում նրանց հնարավորություն է տրվել ծանոթանալու, ընթերցելու տեքստ, որը չունի անհրաժեշտ պաշտոնական վավերապայմաններ, ինչպիսիք են ստորագրությունը, կնիքը, QR կոդը, և այն անփոփոխելի չէ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ հայերը կարող են էլեկտրոնային տարբերակով կարդալ դատավճիռ վերնագրված փաստաթուղթը, բայց չեն կարող այն ստանալ և փոխանցել իրենց փաստաբաններին։ Փաստաթղթի օրինակները, ըստ Սահակյանի, չեն տրամադրվել նաև Ադրբեջանի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններին։

Եթե Բաքուն մինչև օգոստոսի 31-ը չկատարի ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ Սահակյանի, դատարանը կարող է արձանագրել նաև արդյունավետ միջազգային գանգատ ներկայացնելու իրավունքի խախտում։

«Դատավճռի բացակայության պարագայում մեր կողմից ներկայացված պնդումները համարվելու են հաստատված։ Այստեղ մեծանում է արդար դատաքննության իրավունքի լրջագույն խախտումներ արձանագրելու հավանականությունը»,- ասել է նա։

Սահակյանի գնահատմամբ՝ դատավճիռները թաքցնելը նաև մեծացնում է հավանականությունը, որ Եվրոպական դատարանը վարույթները դիտարկի որպես քաղաքական բնույթի գործընթաց։

Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ դիմումների նպատակը միայն առանձին խախտումների արձանագրումը չէ։ Հայկական կողմը վիճարկում է նաև դատավարությունների օրինականությունն ու դրանց հետևանքով ազատազրկման իրավաչափությունը։

«Մենք ձգտում ենք հասնել նրան, որ դատավարությունները եղել են կեղծ։ Դատավարությունների ընթացքում երաշխիքներ պահպանված չեն եղել, կա ակնհայտ արդարադատության մերժում»,- ասել է Սահակյանը։

Նա նաև նշել է, որ հայկական կողմը մերժում է մոտեցումը, ըստ որի չճանաչված պետություններում ինքնորոշման իրավունքի իրականացումը կարող է ինքնին քրեականացվել։

«Ոչ ներպետական օրենքները և ոչ միջազգային իրավունքը չեն սանկցավորում ինքնորոշման իրավունքը որպես հանցավոր արարք»,- ասել է նա։

Երրորդ երկրի այցերի մեխանիզմը չի աշխատում

Սահակյանի խոսքով՝ Բաքվում պահվող հայերի վիճակի վերաբերյալ անկախ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է վերականգնել նրանց ֆիզիկական կապը արտաքին աշխարհի հետ։

Նա երկու իրատեսական մեխանիզմ է առանձնացրել՝ երրորդ երկրի միջոցով Հայաստանի անունից հյուպատոսական այցելությունների կազմակերպումը և Կարմիր խաչի մարդասիրական գործունեության վերականգնումը։

«Այս պայմաններում մենք իրատեսականորեն երկու հնարավոր մեխանիզմ ենք տեսնում՝ հյուպատոսական այցելությունները և Կարմիր խաչի մարդասիրական գործունեության վերականգնումը»,- ասել է Սահակյանը։

Երրորդ երկրի դիվանագետների միջոցով այցելությունների մեխանիզմի շուրջ, սակայն, արդյունք դեռ չկա։ Հայաստանի առաջարկած երկիրը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ «Մենք արդյունքներ չունենք, և երրորդ երկրների այցելության համար անհրաժեշտ է նաև մյուս պետության, այսինքն՝ Ադրբեջանի համաձայնությունը»,- ասել է Սահակյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը հենց Բաքվի համաձայնության բացակայությունն է։ «Նրանք նպատակային կերպով իրենց համաձայնությունը չեն տալիս որևէ թեկնածու երկրի առնչությամբ և դրանով գոյություն ունեցող մեխանիզմը դարձնում են չգործող»,- նշել է նա։

Սահակյանը հյուպատոսական հասանելիությունը բնութագրել է որպես Հայաստանի սուվերեն իրավունք և նաև արտերկրում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիք։

Զոնաբենդի մարդասիրական նախաձեռնությունը

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինը, առաջարկել է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։

Նախաձեռնության նպատակն է հանդիպել Ադրբեջանում պահվող հայերին, նրանց փոխանցել ընտանիքների նամակները, լուսանկարները և թույլատրելի անձնական իրերը։ Զոնաբենդը նախաձեռնությանն աջակցելու խնդրանքով դիմել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին։  

Հուլիսին նա բաց նամակներ էր հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասին և Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևային։  

Սիրանուշ Սահակյանը հարցազրույցում ասել է, որ Զոնաբենդի նախաձեռնությունը քննարկվել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ առաջարկված մոդելի՝ հայտնի կին իրավապաշտպանները պետք է կարողանան այցելել փակ հաստատություններ՝ համագործակցելով նաև Ադրբեջանի օմբուդսմենի հետ։

«Այցելությունը նպատակ ունի նրանց փոխանցել անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ, որոնց միջոցով ընտանիքները նրանց բացակայությամբ ընթացած կյանքի դրվագներ կկարողանան վերականգնել»,- ասել է Սահակյանը։

Նրա խոսքով՝ այցի համար անհրաժեշտ են Ադրբեջանի համաձայնությունը, մուտքի արտոնագրեր և անվտանգության երաշխիքներ, որոնք հնարավոր է ստանալ միայն միջպետական շփումների միջոցով։

Զոնաբենդը կառավարության հետ հանդիպման ընթացքում առաջարկել էր նաև նշանակել պատասխանատու անձ, որի հետ հնարավոր կլիներ մշտական կապ պահպանել գերիների մարդասիրական խնդիրների շուրջ։

«Տիկին Զոնաբենդը նաև հարցի հրատապությունը ցուցադրելով նշեց, որ ակնկալիքներ կան, որ գոնե մինչև օգոստոսի վերջ մենք կունենանք պաշտոնական դիրքորոշում, կոնտակտային անձ»,- ասել է Սահակյանը։

Նրա խոսքով՝ դեռ պաշտոնական տեղեկություն չի ստացվել։

. . .

Ադրբեջանում ներկայում հաստատված տվյալներով պահվում է 19 հայ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։ Նրանց մեծ մասը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից և դրան հաջորդած էթնիկ զտումից հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում