Ռուսաստանի հետ պայմանագրային բազան շտապ վերանայելը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել. քաղաքագետ

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դաշնակցային բնույթի փաստացի փոփոխությունը սկսվել էր դեռ 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո, երբ Երևանը չստացավ Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ակնկալած անվտանգային աջակցությունը. ՍիվիլՆեթի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանի հետ գործող դաշնակցային պայմանագրային բազան հիմա շտապ վերանայելը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել։
Հինգշաբթի հրապարակված հարցազրույցում նա ասել է, որ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում Ռուսաստանի վերաբերյալ օգտագործված նոր ձևակերպումները ավելի շուտ արդեն տեղի ունեցած փոփոխության արձանագրումն են, քան նոր շրջադարձ։
«Այդ փոփոխությունը տեղի է ունեցել գլխավորապես 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ եղավ դիմում, Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից չեղավ պատասխան, և հայտարարվեց անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին»,- ասել է Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ դաշնակցային հարաբերությունները առաջին հերթին ենթադրում են փոխադարձ անվտանգային աջակցություն, և հենց այդ պահից Ռուսաստանն այլևս դե ֆակտո չի ընկալվել որպես Հայաստանի ռազմավարական անվտանգային դաշնակից։ «Այդ ժամանակվանից դե ֆակտո չի ընդունվել, չի համարվել, չի վերաբերվել Ռուսաստանին որպես ռազմավարական անվտանգային դաշնակից»,- ասել է նա։
Կառավարության նոր ծրագրում Ռուսաստանն այլևս չի բնութագրվում որպես «ռազմավարական դաշնակից», իսկ «դաշնակցային հարաբերություններ» և «ռազմավարական գործընկերություն» ձևակերպումները Մոսկվայի վերաբերյալ չեն օգտագործվում։ Փոխարենը ծրագիրը խոսում է Ռուսաստանի հետ «գործընկերային հարաբերությունների վերափոխման և խորացման» մասին։
Տե՛ս նաև՝ Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարական դաշնակից» չէ
Ռուսաստանը նաև արտաքին քաղաքականության բաժնում հայտնվել է ութերորդ տեղում՝ Հայաստանի չորս հարևաններից, Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից հետո։ ՀԱՊԿ-ը դուրս է մնացել արտաքին քաղաքականության բազմակողմ ուղղությունների ցանկից, մինչդեռ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը շարունակում է մնալ առանձին ուղղություն։
Սուքիասյանի գնահատմամբ՝ նոր բառապաշարն ինքնին քաղաքական նշանակություն ունի, սակայն հենց այն չէ, որ որոշում է հայ-ռուսական հարաբերությունների իրական վիճակը։
Նա նաև զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ գործող դաշնակցային պայմանագրային բազան հիմա շտապ վերանայելը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել։ «Եթե ինչ-որ մի բան չի աշխատում, թող չաշխատի, պետք չէ՝ դա վերացնես»,- ասել է Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտաքին քաղաքականության մեջ հաճախ օգտագործում է իրավական և պայմանագրային գործիքները, երբ դրանք համապատասխանում են իր շահերին, իսկ Հայաստանի նկատմամբ ուժերի անհամաչափությունը կարող է այդ մեխանիզմներն ավելի ազդեցիկ դարձնել։
Ռուսաստանը դեռ ունի զգալի տնտեսական լծակներ
Չնայած հարաբերությունների փոփոխությանը՝ Հայաստանը շարունակում է զգալի կախվածություն ունենալ Ռուսաստանից մի շարք ռազմավարական ոլորտներում, ասել է Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ սննդային անվտանգությունը, սոցիալ-տնտեսական կայունությունը և էներգետիկ անվտանգությունը այն ոլորտներից են, որտեղ Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի շահերից է բխում առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ իրական այլընտրանքներ չեն ստեղծվել։
Սուքիասյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ դեռ չի օգտագործել հնարավոր տնտեսական ճնշման ամբողջ գործիքակազմը։ «Դեռ ամբողջ արսենալը, կոպիտ ասած, օգտագործված չի»,- ասել է նա։
Մինչ այժմ խնդիրները հիմնականում վերաբերում են Հայաստանից Ռուսաստան արտահանմանը, սակայն Սուքիասյանի խոսքով՝ Ռուսաստանից Հայաստան ներմուծման մեջ կան շատ ավելի զգայուն ուղղություններ։
Նա առանձնացրել է հացահատիկն ու էներգակիրները, հատկապես բնական գազը։
Առաջիկա հնարավոր ճնշման կետերից մեկը կարող է լինել տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին սպասվող ռուսական գազի գնի վերաբանակցումը։
«Մինչ այս մենք խոսել ենք Հայաստանից Ռուսաստան արտահանումների մասին։ Կարող է օգտագործվել նաև Ռուսաստանից Հայաստան արտահանումը որպես ազդեցության լծակ»,- ասել է նա։
Ըստ Սուքիասյանի՝ միայն ցորենի և հացահատիկի մատակարարումը «լրջագույն լծակ» է։ Ռուսաստանը կարող է նաև օգտագործել աշխատանքի, լիցենզիաների և այլ իրավունքների հետ կապված գործիքներ Ռուսաստանի տարածքում գտնվող հայաստանցիների և ռուսաստանաբնակ հայերի նկատմամբ։
ԵՄ-ԵԱՏՄ ընտրությունը՝ որպես կարմիր գիծ
Սուքիասյանը Մոսկվայի համար հիմնական կարմիր գծերից է համարում Հայաստանի ինստիտուցիոնալ ընտրությունը ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև։
Մյուս զգայուն հարցերը ռազմավարական ենթակառուցվածքներն են՝ էներգետիկան, երկաթուղին և որոշ չափով նաև ռուսական ռազմաբազան։
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս սրացումը միայն եվրոպական ինտեգրման օրակարգով բացատրել չի կարելի։ Վերջին ամիսներին միաժամանակ առաջ են եկել նաև Հայաստանի երկաթուղու ռուսական կոնցեսիայի և նոր ատոմակայանի կառուցման հարցերը։
Այդուհանդերձ, նա չի թերագնահատում ԵՄ-ԵԱՏՄ ընտրության նշանակությունը։
Սուքիասյանի խոսքով՝ մինչև վերջերս Երևանը փորձում էր մոտեցնել հայկական օրենսդրությունն ու համակարգերը եվրոպական չափանիշներին՝ առանց ԵՄ անդամակցությունը որպես անմիջական նպատակ ձևակերպելու։
«Եթե այն ժամանակ մենք ասում էինք՝ եթե նման ալտերնատիվ լինի, հիմա ասում ենք՝ երբ նման ալտերնատիվ լինի, ինչը ենթադրում է, որ մենք որոշումը կայացրել ենք, ուղղակի չգիտենք, թե երբ է լինելու»,- ասել է նա։
Սուքիասյանը Հայաստանի ԵՄ անդամակցությունը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում «ուղղակի անիրատեսական» է համարում։
Եթե ԵՄ ուղղությունը օգտագործվում է Ռուսաստանի հետ հարաբերություններում խաղադրույքները բարձրացնելու համար, դա կարող է հակառակ արդյունք տալ, զգուշացրել է նա։
Սուքիասյանի համոզմամբ՝ Հայաստանի համար առաջնայինը պետք է լինի իրական այլընտրանքների ստեղծումը մինչև հնարավոր նոր ճգնաժամը։
«Ունենք ժամանակ, պետք է այդ այլընտրանքները ստեղծելու վրա աշխատել, այլ ոչ թե սպասել, թե երբ է դա լինելու»,- ասել է նա։










