Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ ներում է շնորհել 226 մարդու։ Ներման արժանացածների թվում են նաև ինը ցուցարարներ, որոնք ձերբակալվել էին 2024-ի մայիսից մինչև 2025-ի հոկտեմբերը տեղի ունեցած հակակառավարական և ԵՄ-ին աջակցող մի շարք ցույցերի ընթացքում։
Սահմանադրության համաձայն՝ ներում շնորհելը բացառապես նախագահի իրավասությունն է։ Ավանդաբար Վրաստանի նախագահները ներում են շնորհում որոշակի տոների առթիվ՝ սովորաբար Ամանորից կամ Աստվածածնի Վերափոխման տոնից առաջ։ Գործող կարգով նախագահը կարող է դատապարտյալին ազատել պատժի մնացած մասը կրելուց, կրճատել պատժաչափը կամ այն փոխարինել ավելի մեղմ պատժով։
Ներման մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը։ Իշխանամետ Imedi հեռուստաալիքը հաղորդում է, որ ազատ արձակված ցուցարարները ներման խնդրանքով դիմել էին Կավելաշվիլիին։
Ազատ արձակվածների թվում են՝
Սաբա Ջիքիան՝ 19-ամյա ուսանող, որը ձերբակալվել էր 2024-ի դեկտեմբերին և մեղադրվել նոյեմբերի 30-ի ցույցի ժամանակ «ոստիկանին ոտքով հարվածելու» մեջ։ Ոստիկանը՝ Բեկա Գոթիաշվիլին, դատավարության ընթացքում ասել էր, որ որևէ վնասվածք չի ստացել։ 2025-ի հուլիսի 10-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մչեդլիձեն Ջիքիային դատապարտել էր չորս տարի վեց ամիս ազատազրկման։
26-ամյա Դավիթ Խոմերիկին, որը 2024-ի դեկտեմբերին ձերբակալվել էր՝ ցույցի ժամանակ վարչական կարգով բերման ենթարկվելուց հետո։ Ոստիկանությունը պնդել էր, որ նրա պայուսակում Մոլոտովի կոկտեյլ է հայտնաբերվել, և հետագայում նրան մեղադրանք էր առաջադրվել հանցագործություն նախապատրաստելու համար։ Խոմերիկին հերքել էր մեղադրանքը՝ հայտարարելով, որ ձերբակալության ժամանակ իրեն հոգեբանական և ֆիզիկական բռնության ենթարկած ոստիկանները դատարանում ստել են։ Պաշտպանական կողմը պնդել էր, որ նրա դեմ, ոստիկանների ցուցմունքներից բացի, որևէ ապացույց չկա։ Դատավոր Նինո Գալուստաշվիլին նրան դատապարտել էր չորս տարի վեց ամիս ազատազրկման։
Սիմոն Մախարաձեն և Ավթանդիլ Թոփչիշվիլին, որոնք ձերբակալվել էին 2025-ի հոկտեմբերի 4-ի ցույցերի պատճառով։ Ընդդիմությունն այդ ցույցերն անվանել էր «խաղաղ հեղափոխություն»։ Բողոքի ակցիաները նախատեսված էին նույն օրը երկրում անցկացվող տեղական ընտրություններին զուգահեռ։
23-ամյա Դանիել Մումլաձեն և 26-ամյա Գուրամ Խութաշվիլին, որոնք երեք տարվա ազատազրկման էին դատապարտվել 2024-ի դեկտեմբերյան ցույցերի ժամանակ Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում տեսահսկման տեսախցիկներ վնասելու համար։ Երկուսն էլ ընդունել էին մեղքը և հայտարարել, որ պատրաստ են փոխհատուցել վնասը, որը, ըստ հաղորդումների, կազմել է 12 հազար լարի (4400 դոլար), սակայն դատախազը հրաժարվել էր ընդունել նրանց մեղքի ընդունումը և շարունակել դատավարությունը։
Թոռնիկե Մչեդլիշվիլին, որը հոկտեմբերի 4-ի ցույցերի հետևանքով դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման։ Նա մեղավոր էր ճանաչվել խմբի կազմում հատուկ նշանակության օբյեկտներ գրավելու փորձի և կազմակերպված բռնությանը մասնակցելու մեջ։ Մչեդլիշվիլին, ինչպես նաև գործով մյուս մեղադրյալները, մեղքը չէր ընդունել։
20-ամյա Պրիդոն Բուբութեիշվիլին, որը ձերբակալվել էր 2024-ի մայիսին և մեղադրվել մայիսի 1-ին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցի ժամանակ քարեր նետելով հրշեջին վնասվածք պատճառելու և խորհրդարանի դարպասները վնասելու մեջ։ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման։ Ըստ հաղորդումների՝ Գլխավոր դատախազությունը հրաժարվել էր Բուբութեիշվիլիի հետ դատավարական համաձայնագիր կնքել։
Դենիս Կուլանինը՝ Վրաստանում բնակվող ռուսաստանցի ակտիվիստ, որը երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել մարտին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանական մեքենա վնասելու համար։ Նա ընդունել էր մեղքը և ներողություն խնդրել պատճառված վնասի համար։ Կուլանինը ներկայում պահվում է միգրացիոն ժամանակավոր կենտրոնում և կարող է արտաքսման վտանգի առաջ կանգնել։
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ ներման որոշումը վերաբերում է ազատազրկման ձևով պատիժ կրող 217 մարդու և ազատազրկման հետ չկապված պատիժ կրող վեց անձի, իսկ ևս երեքի դատվածությունը մարվել է։
Աշխատակազմը հավելել է, որ նախագահը սահմանադրական իր լիազորությունն օգտագործելու որոշումը կայացրել է «մարդասիրության սկզբունքից և պետական շահից ելնելով»։
2024-2025-ի ցույցերի ընթացքում ձերբակալված ևս մի քանի տասնյակ ցուցարարներ շարունակում են մնալ կալանքի տակ։ Նրանց թե՛ Վրաստանում, թե՛ միջազգային մակարդակով լայնորեն դիտարկում են որպես խղճի բանտարկյալներ։












