Գլխավոր Լրահոս

Ըստ ենթադրությունների՝ Ռուսթավելի պողոտայի վերանորոգման ընթացքում ասբեստ է հայտնաբերվել

Ըստ ենթադրությունների՝ Ռուսթավելի պողոտայի վերանորոգման ընթացքում ասբեստ է հայտնաբերվել

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը նախազգուշացում է տարածել՝ Թբիլիսիի քաղաքապետարանին կոչ անելով հետաքննել Ռուսթավելի պողոտայի ընթացիկ վերականգնման աշխատանքների ժամանակ ենթադրաբար հայտնաբերված ասբեստի առկայությունը։

Գրասենյակը հայտարարությամբ հանդես եկավ, երբ օգոստոսի 21-ին համացանցում տարածվեցին Ռուսթավելի պողոտայում հայտնաբերված ասբեստի նմանվող նյութի լուսանկարներ։ Սոցիալական ցանցերի օգտատեր Իրակլի Պիպիան հայտնել է, որ խորհրդային իշխանությունները պողոտայի տակ ջրատար խողովակներ կառուցելիս ասբեստ են օգտագործել։

Ըստ քաղաքային և բնապահպանական ակտիվիստ Նատա Փերաձեի՝ ջարդված ասբեստից խողովակներից նմուշներ են վերցվել և պատրաստ են ուղարկվելու Բեռլինի լաբորատորիա։ Նա հավելել է, որ փորձաքննության համար անհրաժեշտ է գումար հավաքել։

«Ասբեստը առողջության համար բարձր վտանգ ներկայացնող նյութ է, և դրա ազդեցությունը կապված է ծանր հիվանդությունների, այդ թվում՝ մեզոթելիոմայի և թոքերի քաղցկեղի հետ։ Վտանգը կտրուկ մեծանում է նյութի մեխանիկական մշակման՝ կտրելու, ջարդելու, հորատելու և հողից հեռացնելու ժամանակ։

«Վրաստանում ասբեստի կարգավորման միջազգային չափանիշները լիարժեք չեն ներդրվել, և չեն ընդունվել տեխնիկական կանոնակարգեր, որոնք կկարգավորեին աշխատավայրում ասբեստի ազդեցությունից աշխատողների պաշտպանությունը»,- հայտնել է Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը։

Այն նաև զգուշացրել է, որ պողոտայի հարակից դպրոցներում դասերը սկսվելու են սեպտեմբերի 15-ին, և աշակերտները կարող են ասբեստի ազդեցության ենթարկվել․

«Երեխաները հատկապես խոցելի են ասբեստի ազդեցության նկատմամբ, քանի որ նրանց շնչառական համակարգը դեռ ձևավորման փուլում է, իսկ ասբեստի հետ կապված հիվանդությունների գաղտնի շրջանը կարող է տևել տասնամյակներ»։

Հանրային պաշտպանի գրասենյակը Թբիլիսիի քաղաքապետարանին կոչ է արել պարզել՝ արդյոք վերանորոգվող հատվածում հայտնաբերված նյութը ասբեստ է պարունակում, ինչպես նաև հանրությանը տեղեկացնել խնդրի մասին։

2019-ին ԵՄ-ում ավելի քան 70 հազար մարդ մահացել է աշխատավայրում նախկինում ասբեստի ազդեցության ենթարկվելու հետևանքով։

Ռուսթավելի պողոտայի վերանորոգման հարցը իշխանությունները քննարկում էին դեռ 2023-ից։ Աշխատանքները սկսվել են 2026-ի հուլիսի վերջին, իսկ դրանց ավարտը նախատեսված է նոյեմբերին։

Վերականգնման աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերությունը սահմանված ժամանակացույցը չպահպանելու համար չորս անգամ տուգանվել է՝ ընդհանուր 5000 լարիով (1900 դոլար)։

Ռուսթավելի պողոտան պատմականորեն եղել է բազմաթիվ զանգվածային ցույցերի և ցուցարարների ու հատուկ նշանակության ոստիկանության միջև բախումների վայր։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում