Գլխավոր Լրահոս

Զոնաբենդը կանանց մարդասիրական պատվիրակություն է պատրաստում Բաքու մեկնելու համար

Զոնաբենդը կանանց մարդասիրական պատվիրակություն է պատրաստում Բաքու մեկնելու համար

Սիրանուշ Ադամյան

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը պատրաստում է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը սեպտեմբերին նախատեսում է մեկնել Բաքու՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելելու համար։ Այս մասին Զոնաբենդն ասել է Forbes Woman-ի ռուսալեզու հրատարակության հետ հարցազրույցում, որը հրապարակվել օգոստոսի 31-ին։

Զոնաբենդի խոսքով՝ նախաձեռնությունը բացառապես մարդասիրական նպատակ ունի։ Պատվիրակությունը ցանկանում է հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին, այցելել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին և նրանց փոխանցել հարազատների նամակներ, լուսանկարներ ու թույլատրելի անձնական իրեր։

Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ադրբեջանում ներկայության դադարեցումից հետո պահվող անձանց վիճակի վերաբերյալ վստահելի տեղեկատվության հասանելիությունն ավելի է սահմանափակվել։

Զոնաբենդը հայտնել է, որ այցի կազմակերպմանն աջակցելու խնդրանքով նամակներ է հղել միջազգային մի շարք կազմակերպությունների, առաջին հերթին՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրա խոսքով՝ Ալիևան ավելի վաղ Վարդանյանի հետ զրույցում պատրաստակամություն էր հայտնել աջակցել այցի կազմակերպմանը, սակայն Զոնաբենդը դեռ պատասխան չի ստացել։

Զոնաբենդը նաև ասել է, որ Վարդանյանը 2026-ի ապրիլին դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ առաջարկելով մեկնել Բաքու և հարազատների հետ այցելել այնտեղ պահվող հայերին։ Մանասյանը պատասխանել էր, որ նման այցը դուրս է իր լիազորությունների շրջանակից։

Տե՛ս նաև՝ Թողնում եմ նրա խղճին,Աստված ձեզ դատավոր․ Ռուբեն Վարդանյանի արձագանքը՝ Հայաստանի ՄԻՊ-ին

Մայիսին Վարդանյանը դիմել էր վարչապետ Փաշինյանին՝ հարցնելով, թե որ կառույցն է պատասխանատու Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիների պաշտպանության և աջակցության համար։ Զոնաբենդի խոսքով՝ նա այդ հարցերին պատասխան չի ստացել։

Զոնաբենդը կարծում է, որ պատվիրակության այցին համաձայնելը Ադրբեջանի համար կարող է բարի կամք ցուցադրելու հնարավորություն լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների ընթացքում։

ՄԻԵԴ դիմում՝ դատավարական խախտումների վերաբերյալ

Զոնաբենդը հարցազրույցում նաև ասել է, որ Վարդանյանի պաշտպանական կողմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Բաքվում նրա դատավարության ընթացքում արձանագրված դատավարական խախտումների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ դատավարությանը չեն թույլատրվել միջազգային փաստաբաններ և դիտորդներ, սահմանափակվել է Վարդանյանի շփումը փաստաբանի հետ, նիստերն անցկացվել են ադրբեջաներեն՝ ռուսերեն թարգմանությամբ, իսկ դատական արձանագրություններում հայտնաբերվել են փաստական սխալներ։

Զոնաբենդը պնդել է նաև, որ մեղադրանքում կիրառվել է «կոլեկտիվ պատասխանատվության» մոտեցում։ Նրա խոսքով՝ Վարդանյանին վերագրվել են նաև 1988-ի իրադարձություններին վերաբերող դրվագներ, երբ նա դեռ Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր։

Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքում՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական գործողությունից և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային տեղահանումից հետո։ 2026-ի փետրվարին Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Վարդանյանը չի ճանաչել դատավարության օրինականությունը և չի բողոքարկել դատավճիռը։

Տե՛ս նաև՝ Բաքուն մինչև օգոստոսի 31-ը պետք է ՄԻԵԴ-ին տրամադրի հայ գերիների դատավճիռները. Սիրանուշ Սահակյան

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում