Փաշինյանը Մոդիին հրավիրել է Հայաստան

Բիշքեկում օգոստոսի 31-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
«Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին շեշտել են, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել և պատրաստակամություն հայտնել շարունակելու ջանքերը՝ այն էլ ավելի խորացնելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության ու դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Ընդգծվել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հետագա կազմակերպումը կօժանդակի գործընկերության խորացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հնդկաստանի վարչապետին հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու հրավերը և պատրաստակամություն հայտել նույնպես պատեհ առիթով այցելել Հնդկաստան։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացման ընթացքին»,- հայտնում են կառավարությունից։
Հնդկաստանի վարչապետն իր սոցիալական հարթակներում նույնպես անդրադարձել է հանդիպմանը. «Հրաշալի հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։
Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը պատրաստ է ընդլայնվելու պաշտպանության, ՏՏ-ի, տիեզերական ոլորտի, կրթության, դեղագործության և այլ ուղղություններով։
Վստահ ենք նաև, որ առաջիկայում կխորանան առևտրային և ներդրումային կապերը», - գրել է Մոդին։
Показать меньше
Տեղադրություն











