Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում ստորագրվել է Համայնքային զարգացման համաձայնագիր, որի համաձայն՝ ծրագրի շրջանակում Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքներին տարեկան նախատեսվում է հատկացնել 7-9 մլն ԱՄՆ դոլարի համարժեք ֆինանսական միջոցներ։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Համաձայնագիրը ստորագրել են «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, ՀՀ կառավարությունը՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ, ինչպես նաև Ջերմուկի, Վայքի և Սիսիանի համայնքները։
Ըստ Պապոյանի՝ շինարարության փուլում «Լիդիան Արմենիա»-ն համայնքային զարգացման համար տարեկան 7 մլն դոլարին համարժեք դրամ կտրամադրի։ Արտադրության փուլում ներդրումների չափը կկազմի տարեկան 7 կամ 9 մլն դոլար՝ կախված տվյալ ժամանակահատվածում ոսկու միջին գնից։
Առաջին՝ 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, նախատեսվել է 10.5 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում։
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել նաև «Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամ», որի միջոցով կիրականացվի համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորման և կառավարման հիմնական մասը։
Համաձայնագրի համաձայն՝ ծրագրի ազդեցության ենթակա բնակավայրերն են Ջերմուկը, Կեչուտը, Գնդեվազը, Սարավանը՝ ներառյալ Սարալանջը և Ուղեձորը, և Գորայքը։
Փաստաթուղթը ստորագրել են «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը և Ջերմուկի համայնքապետ Մանան Գևորգյանը։
Կարդացեք նաև՝ Ամուլսարում արդյունահանումը դեռ չի սկսվել․ ի՞նչ էին խոստանում և ի՞նչ փուլում է ծրագիրը հիմա












