Ամուլսարում արդյունահանումը դեռ չի սկսվել․ ի՞նչ էին խոստանում և ի՞նչ փուլում է ծրագիրը հիմա

Լուսանկարը՝ Էկոնոմիկայի նախարարությունից
Ամուլսարի ծրագրի շահագործման ժամկետների վերաբերյալ պաշտոնյաների և ընկերության հայտարարությունները վերջին տարիներին մի քանի անգամ փոխվել են։
2024-ի դեկտեմբերին, երբ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսը փոխանցվեց կառավարությանը, ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը հայտնել էր, որ շինարարությունը կսկսվի առաջիկա եռամսյակում, իսկ հանքի շահագործումը նախատեսվում է 2025-ի չորրորդ եռամսյակում։
Մեկ ամիս անց՝ 2025-ի հունվարի 13-ին, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ շինարարական աշխատանքները կսկսվեն գարնանը, իսկ արդյունահանումը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։
«Մենք գարնանը արդեն կսկսենք շինարարական աշխատանքները և այդ պարագայում արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կսկսենք արդյունահանումը»,- ասել էր նախարարը։
Իսկ 2025-ի հոկտեմբերի 10-ին՝ Ամուլսար կատարած այցի ժամանակ, Պապոյանը հայտարարել էր, որ «արդյունահանման պրոցեսը սկսված է», և շուտով կմեկնարկի նաև վերամշակումը։
Ֆինանսաների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ շաբաթներ անց՝ 2025-ի հոկտեմբերի 27–ին, ասել էր` կանխատեսում են, որ 2026-ի ընթացքում 4 տոննա ոսկի են արդյունահանելու։
Սակայն 2026-ի օգոստոսին CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան «Լիդիան Արմենիայից» հայտնել են, որ ոսկու արդյունահանման գործընթաց դեռևս չի սկսվել։
Ի՞նչ փուլում է ծրագիրը ներկայում
«Ամուլսարում դեռևս չի սկսվել արդյունահանման բուն գործընթացը»,- հայտնում են «Լիդիան Արմենիայից» և նշում, որ ծրագիրը գտնվում է շինարարության եզրափակիչ փուլում, իսկ զուգահեռաբար իրականացվում են շահագործման մեկնարկին նախորդող տեխնիկական և օպերացիոն աշխատանքները։
Ընկերությունը նաև նշել է, որ շինարարական աշխատանքները վերսկսվել են մոտ մեկ տարի առաջ, իսկ շահագործման մեկնարկի հստակ ժամկետի մասին կհայտարարվի «շուտով»։

Էկոնոմիկայի նախարարությունից CivilNetCheck-ին հայտնել են, որ ծրագիրը գտնվում է շինարարության փուլից շահագործման հանձնման և գործառնական պատրաստվածության փուլին անցման գործընթացում։
Նախարարության տվյալներով՝ ոսկու առաջին արտադրությանը նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ամբողջական արտադրական ցիկլը նախատեսվում է սկսել 2026-ի երրորդ եռամսյակի վերջում, իսկ ամբողջական արտադրական հզորությանը հասնել՝ 2027-ի երկրորդ եռամսյակում։
Ի՞նչ է կատարվել ներդրումային ծրագրով
Կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին ստորագրել էին 250 մլն դոլարի ներդրումային փաթեթ։
Ըստ ընկերության՝ հանքավայրի շահագործման ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 մլն դոլար, որից արդեն իսկ իրականացվել է 500 մլն-ը, իսկ 250-ը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։
Ամուլսարում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։
Ընկերության պատասխանի համաձայն՝ ծրագրի ավարտական փուլին հասնելու համար նախատեսված 250 մլն ներդրումներն իրականացվել են հաստատված ժամանակացույցի համաձայն։ Դրանց շրջանակում վերականգնվել և զարգացվել են ենթակառուցվածքները, ինչպես նաև ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ։
Ամուլսարի ազդակիր համայնքներին նախատեսված աջակցությունը
«Լիդիան Արմենիան» պարտավորվել էր շինարարության ընթացքում տարեկան 7 մլն դոլար հատկացնել Ամուլսարի ազդակիր համայնքներին՝ Ջերմուկ, Վայք և Սիսիան խոշորացված համայնքներին։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ առաջին հատկացումները նախատեսվում է կատարել մինչև 2026-ի վերջը։ Ընկերության փոխանցմամբ՝ ներկայում կառավարությունն ու «Լիդիան Արմենիան» մշակում են համապատասխան պայմանագիր, որով պետք է իրավաբանորեն ամրագրվի այդ պարտավորությունը։
Ընկերությունը նաև նշում է, որ աջակցությունը վերաբերում է 2025 և 2026-ին, քանի որ այն կապված է շինարարական աշխատանքների փաստացի մեկնարկի հետ։
Ի դեպ, «Լիդիան Արմենիայից» հայտնում են, որ 2026-ի հուլիսի 31-ի դրությամբ Ամուլսարի ծրագրում ներգրավված է եղել 1360 աշխատակից, որոնցից 269-ը բնակվում են ծրագրի ազդակիր համայնքներում։
Փաստերի ստուգում
Նելլի Լազարյան
CivilNetCheck










