Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կոմիտե է ձևավորվել

ԲՀԿ առաջնորդ,առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման գործով մեղադրվող Գագիկ Ծառուկյանի պաշտպանության համար օգոստոսի 31-ին ձևավորվել է հանրային կոմիտե։ Նախաձեռնողները հայտարարում են, որ իրենց նպատակը ոչ միայն Ծառուկյանի, այլև մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։
Կոմիտեի հայտարարության համաձայն՝ նախաձեռնությունը դեմ է քաղաքական դրդապատճառներով հետապնդումներին, հաշվեհարդարին, տնտեսական ունեզրկմանը և սեփականության նկատմամբ ապօրինի ոտնձգություններին։ Կոմիտեն նշում է, որ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների և քաղաքական հետապնդումների բազմաթիվ դեպքեր կան, որոնք դիտարկում է որպես միասնական օրակարգ։
Կոմիտեի համակարգողն է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Կոմիտեի կազմում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարներ Վարդան Օսկանյանը և Արա Այվազյանը, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աբրահամյանը, Անի Սամսոնյանը, Արծվիկ Մինասյանը և Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Կոմիտեի անդամների թվում են նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանը, իրավաբան Ռուբեն Մելքոնյանը, «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ինչպես նաև հասարակական, մշակութային և մարզական ոլորտների մի շարք ներկայացուցիչներ։
Կոմիտեին միացել են նաև Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, Արցախի նախկին պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
Ըստ հրապարակված ցանկի՝ նախաձեռնությանը միացել է ընդհանուր առմամբ 58 անձ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին քարոզարշավի ընթացքում հրապարակայնորեն սպառնացել էր ունեզրկել ընդդիմադիր գործչին։
Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանողմի շարք ձեռնարկություններում։ Նույն օրը Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատանքը ևս կասեցվել է։
Կազմակերպություն










