Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան, մենք չենք առարկի․ Փաշինյան

Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել հանրապետության տարածքում տեղակայված 102-րդ ռազմաբազան։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս թեման մինչ այժմ պաշտոնական քննարկման առարկա չի դարձել։
«Նման քննարկում չի եղել և մենք այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել... եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը չի համարում, թե 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Փաշինյանը տեղեկացրել է առաջիկայում Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի և հայ-ռուսական կապերի համապարփակ գույքագրման անհրաժեշտության մասին՝ հասկանալու համար, թե գործնականում որ ոլորտներում են երկու երկրների դիրքորոշումները համընկնում կամ տարբերվում։
Նոր ատոմակայանի կառուցման համատեքստում Փաշինյանը հիշեցրել է, որ սեպտեմբերին սպասվում է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքեյ Լիխաչովի այցը՝ հնարավոր նախագծերն ու առաջարկները ներկայացնելու նպատակով։ Վարչապետը շեշտել է, որ այս հարցը հայկական կողմի համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, այլ բխում է գին-որակ լավագույն հարաբերակցության ապահովման սկզբունքից։
Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսաստանյան ռազմաբազան իրեն պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու»։
Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան գործում է միջպետական պայմանագրերի հիման վրա և նախատեսված է հանրապետության արտաքին անվտանգային սպառնալիքները զսպելու համար։
Կազմակերպություն
Տեղադրություն
Հասանելի է
русский










