Գլխավոր Լրահոս

Վրաստանը դիմումի «թերությունների» պատճառով չի գրանցել նոր քաղաքական կուսակցությանը

Վիկտոր Կիպիանին ելույթ է ունենում «Վրաստանն առաջինը» կուսակցության հիմնադիր համագումարին

Վիկտոր Կիպիանին ելույթ է ունենում «Վրաստանն առաջինը» կուսակցության հիմնադիր համագումարին

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի Հանրային ռեգիստրը մերժել է նորաստեղծ «Վրաստանն առաջինը» (Georgia First) քաղաքական կուսակցության գրանցման դիմումը։ Գերատեսչության հայտարարությամբ՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նախկին փաստաբան Վիկտոր Կիպիանիի հիմնադրած կուսակցությունը չի վերացրել իր փաստաթղթերում առկա «թերությունները»։

Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է հունիսի վերջին։ Կիպիանին հայտարարել էր, որ այն նպատակ ունի լինել «փոփոխություններին միտված» քաղաքական ուժ։

Հրապարակայնորեն հասանելի փաստաթղթերի համաձայն՝ Կիպիանին կուսակցության գրանցման համար առաջին անգամ դիմել է հուլիսի 2-ին, սակայն Հանրային ռեգիստրը դիմումում թերություններ է հայտնաբերել։ Գերատեսչությունը նշել է ութ խնդիր, այդ թվում՝ կուսակցության անդամների ցանկի և կանոնադրության հետ կապված ենթադրյալ թերություններ։

Կիպիանին լրացուցիչ փաստաթղթեր է ներկայացրել օգոստոսի 3-ին և 7-ին։ Սակայն օգոստոսի կեսերին դիմումն ի վերջո թողնվել է առանց քննության։ Հանրային ռեգիստրը հայտարարել է, որ թերությունների մեծ մասը չի շտկվել։

Կուսակցությունը հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը։

«Այժմ 30 օր ունենք արձագանքելու և պարզաբանում պահանջելու, թե ինչու է կարգավորող մարմինը համարել, որ մեր կողմից ամբողջությամբ շտկված խնդիրները դեռ լուծված չեն»,- TV Pirveli-ին ասել է «Վրաստանն առաջինը» կուսակցության անդամ Վասիլ Իվանով-Չիկովանին։

«Եթե կարգավորող մարմինը մեր պատասխանը կրկին հիմնավոր չհամարի, կարող ենք դիմել նաև դատարան»,- հավելել է նա։

Կիպիանին նախկինում եղել է Իվանիշվիլիի փաստաբանը, սակայն իշխող կուսակցության հետ նրա ճանապարհները հրապարակայնորեն բաժանվել են 2023-ի գարնանը, երբ «Վրացական երազանքն» առաջին անգամ փորձեց ընդունել վիճահարույց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այդ փորձն այն ժամանակ ձախողվել էր։ Օրենքը քննադատները բազմիցս համեմատել էին Ռուսաստանի իշխանությունների ընդունած օրենսդրության հետ, որն օգտագործվել է այլախոհությունը ճնշելու համար։

Այդ ժամանակ Կիպիանին կասկածի տակ էր դրել նման օրենքի անհրաժեշտությունը՝ հարցնելով՝ արդյոք արժե այն նախաձեռնելով հասարակական մեծ դժգոհություն առաջացնել։ Դրան հաջորդել էր իշխող կուսակցության քննադատությունը։ Կուսակցության այն ժամանակվա նախագահ, ներկայում վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդել էր, որ վիճահարույց օրենքը տարածվելու էր նաև հենց Կիպիանիի վրա, և ենթադրել, որ դրանով է պայմանավորված նրա արձագանքը։

Կոբախիձեն նաև հայտարարել էր, որ դեռ օրենքի վերաբերյալ քննադատությունից առաջ Կիպիանին հեռացվել էր Իվանիշվիլիի իրավաբանական թիմից՝ իբր հենց Իվանիշվիլիի որոշմամբ։ Նա չէր մանրամասնել, թե ինչ է տեղի ունեցել նրանց միջև, սակայն ասել էր, որ պատճառը «շատ ավելի լուրջ» էր, քան օրենքի շուրջ անհամաձայնությունը։

2024-ի օգոստոսին՝ հոկտեմբերին կայացած վիճարկվող խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ, հայտնի էր դարձել, որ Կիպիանին և նրա GeoCase վերլուծական կենտրոնը համագործակցելու են ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի հետ՝ աշխատելով այդ ուժի նախընտրական ծրագրի վրա։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում