Գլխավոր Լրահոս

ԵՄ պատժամիջոցների սպառնալիքի ֆոնին Black Sea Petroleum-ը պնդում է, որ ամբողջությամբ հրաժարվել է ռուսական նավթից

Կուլևիի նավթավերամշակման գործարանը

Կուլևիի նավթավերամշակման գործարանը

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանը շահագործող Black Sea Petroleum ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է ռուսական հում նավթի վերամշակումը։ Ավելի վաղ ԵՄ-ն սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել ընկերության նկատմամբ, եթե այն մինչև 2027-ը չդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։

Սեպտեմբերի 1-ին հրապարակված հայտարարության համաձայն՝ օգոստոսի 23-ից Կուլևիի գործարանն ամբողջությամբ անցել է ոչ ռուսական ծագման հումքի՝ ավարտելով ռուսական հում նավթից հրաժարվելու գործընթացը։

Black Sea Petroleum-ը հայտնել է, որ հուլիսին և օգոստոսի առաջին երեք շաբաթներին գործարանը ռուսական նավթի հետ զուգահեռ վերամշակել է ղազախական հում նավթ, որից հետո ամբողջությամբ անցել է ոչ ռուսական մատակարարումների։

Այս քայլը հաջորդել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում գործարանի պայմանական ընդգրկմանը։ ԵՄ-ն հայտարարել էր, որ գործարանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե այն մինչև 2027-ի հունվար չդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։

Black Sea Petroleum-ը նախկինում արդեն խոստացել էր հրաժարվել ռուսական հում նավթից՝ պատժամիջոցների մասին հայտարարությունից կարճ ժամանակ առաջ նշելով, որ ռուսական նավթի վերամշակումը կդադարեցնի օգոստոսին կամ սեպտեմբերին։ Այժմ ընկերությունը մատակարարումների վերջին փոփոխությունները ներկայացնում է որպես այդ պարտավորությունը կատարելու ապացույց։

Օգոստոսի 30-ին Kriti Legend նավը ժամանել է Կուլևիի նավահանգիստ՝ տեղափոխելով Black Sea Petroleum-ի լիբիական հում նավթի առաջին խմբաքանակը։ Մինչև 90 հազար տոննա ծավալով բեռը մատակարարվել է հուլիսի 3-ին ստորագրված երկարաժամկետ համաձայնագրի շրջանակում, որը գործում է մինչև 2027-ի վերջը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ընկերությունն այս փոփոխությունները ներկայացրել է որպես հումքի աղբյուրների դիվերսիֆիկացման ծրագրի մաս, որի մասին հայտարարել էր հուլիսի 1-ին և 31-ին։

Հուլիսի վերջին Black Sea Petroleum-ը նաև հայտարարել էր, որ Բրյուսելը հաստատել է ընկերության և ԵՄ պաշտոնյաների միջև հաղորդակցությունը, իսկ անցումային շրջանը նախատեսված է եղել գործարանին ժամանակ տալու՝ ռուսական հում նավթից հրաժարվելու և մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար։

Black Sea Petroleum-ը հայտնել է, որ շարունակելու է իրականացնել դիվերսիֆիկացման ծրագիրը, կապի մեջ մնալ Եվրահանձնաժողովի և համապատասխան այլ մարմինների հետ, ներկայացնել իր առաջընթացը հաստատող ապացույցներ, պահպանել գործող օրենքներն ու կանոնակարգերը, ամրապնդել ներքին կառավարման համակարգերը և նպաստել Վրաստանի տնտեսական զարգացմանն ու էներգետիկ անվտանգությանը։

Էներգետիկ ոլորտի փորձագետներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, OC Media-ին ասում է, որ ընկերությանը կհաջողվի իրականացնել այս ծրագիրը, և Կուլևիի մոտ նույնպես գործունեություն ծավալող ադրբեջանական պետական SOCAR-ը, հավանաբար, նույնպես կշահի հեղինակության նման բարելավումից։

Տեղական հակակոռուպցիոն շարժման ղեկավար Վասո Ուրուշաձեն OC Media-ին ասել է, որ, անկախ վերջին փոփոխություններից, հարցը վերաբերում է երկրի ավելի լայն շահերին։

«Սա երկրի շահի և արժանապատվության հարց է։ Խնդիրն այն է, որ վնասն արդեն հասցված է։ Այս ընկերության պատճառով երկրի ներդրումային միջավայրի հեղինակությունն արդեն տուժել է։ Նախկինում էլ մեղադրանքներ են հնչել, որ նրանք օգնել են ուրիշներին շրջանցել պատժամիջոցները»,- ասել է Ուրուշաձեն՝ հավելելով, որ, իր կարծիքով, այս պատմությունը կարող է ի վերջո հանգեցնել ընկերության նկատմամբ պատժամիջոցների կիրառման՝ չնայած մատակարարման շղթայի վերջին փոփոխություններին։

Մայիսին Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հայտնել էր, որ երկրի նավթամթերքի արտահանումն աճել է աննախադեպ 922 տոկոսով։ Աճը պայմանավորված էր Վրաստանի առաջին լիարժեք նավթավերամշակման գործարանի՝ Black Sea Petroleum-ի աշխատանքի մեկնարկով։ Ընդհանուր առմամբ, հունվարից ապրիլ Վրաստանն արտահանել է 324 միլիոն դոլարի նավթամթերք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում