Հայաստանի և Չեխիայի նախագահները քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը

Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ, հայտնում են նախագահականից։
Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը և անդրադարձել համագործակցության առկա ուղղությունների ընդլայնմանն ու նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, էներգետիկայի և ջրի կառավարման ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Կարևորվել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտներում փոխգործակցության խորացումը, ինչպես նաև տնտեսական, կրթական, գիտական և մշակութային կապերի ընդլայնումը։
Նախագահները քննարկել են նաև ատոմային էներգետիկայի և էներգետիկ անվտանգության ոլորտներում փորձի փոխանակման, մասնագիտական կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցերի։ Այս համատեքստում ընդգծվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև խաղաղ գոյակցության և կայունության ապահովման կարևորությունը։
Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Պետր Պավելը վերահաստատել են իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ընդգծելով այդ սկզբունքների կարևորությունը ինչպես երկու երկրների, այնպես էլ ավելի լայն միջազգային համագործակցության համար։











