Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանում ծնված դերասան Բեկա Բեդիանան (Բեդիանաշվիլի) հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Գերմանիայի քաղաքացի դերասանը կասկածում է, որ որոշումը կապված է իր քաղաքական հայացքների, մասնավորապես՝ Վրաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատության հետ։
Բեդիանան, որը հինգ տարեկանից բնակվում է Գերմանիայում, սակայն պարբերաբար այցելում է Վրաստան, Թբիլիսի էր մեկնել հարազատի հարսանիքին մասնակցելու համար։ Սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նա Թբիլիսիի միջազգային օդանավակայանից սոցիալական ցանցերում հայտնել է տեղի ունեցածի մասին՝ նշելով, որ իրեն վերադարձնում են օդանավ՝ Գերմանիա մեկնող չվերթ նստեցնելու համար։
«Ժամեր շարունակ տարբեր պատճառներ էին նշում։ Տեղեկություններ էին հավաքում, մինչև վերջապես հասկացան, թե ինչում են ուզում ինձ մեղադրել»,- գրել է նա՝ հավելելով․
«Իմ քաղաքական հայացքների պատճառով չեմ կարող մասնակցել աներձագիս հարսանիքին և լինել կնոջս ու դստերս կողքին. նրանք մի քանի օր առաջ էին մեկնել։ Հիմա վախենում եմ, որ ինձ այլևս թույլ չեն տա մտնել երկիր, քանի դեռ այս իշխանությունն է ղեկավարում»։
Բեդիանայի հոր հրապարակած մերժման փաստաթղթի համաձայն՝ դերասանին երկիր չթողնելու պաշտոնական պատճառը Վրաստանի օրենսդրությամբ որպես օտարերկրացու նկատմամբ սահմանված տուգանքը չվճարելն է եղել։
Բեդիանային ընտանիքը 1996-ին՝ Վրաստանում սոցիալական և քաղաքական անկայունության պայմաններում, դեռ մանկության տարիներին տեղափոխել էր Գերմանիա։ 2005-ին նա ստացել է Գերմանիայի քաղաքացիություն՝ ավտոմատ կերպով կորցնելով Վրաստանի քաղաքացիությունը։
Ավելի ուշ դերասանը OC Media-ին պատմել է, որ մուտքը մերժելու գործընթացը երկարատև ու շփոթեցնող է եղել, և տարբեր փուլերում դրան ներգրավվել են տարբեր ոստիկաններ։ Սկզբում նրան հարցրել են՝ արդյոք անձնագրում նշված անունը համապատասխանում է իր իրական անվանը, իսկ հետո հայտնել, որ Վրաստանում իր նկատմամբ 1000 լարիի (380 դոլար) տուգանք է սահմանվել։ Նրան նաև հարցրել են, թե 2025-ի տարբեր օրերին ինչով է զբաղվել։
Բեդիանայի խոսքով՝ հարցերը պարզաբանելու համար նա սեփական նախաձեռնությամբ ապակողպել է հեռախոսը և ոստիկաններին ցույց տվել, թե տարբեր ժամանակահատվածներում որտեղ և ինչով է զբաղվել։ Այդ ժամանակ նրանք տեսել են նաև նախորդ տարվա օգոստոսին Թբիլիսիում արված նյութերը, այդ թվում՝ լուսանկարներ կենտրոնական Ռուսթավելի պողոտայից, որտեղ 2024-ի նոյեմբերից ամեն օր հակակառավարական ցույցեր են անցկացվում։
«[Ոստիկանը] տեսավ, որ լուսանկարներից մեկում Ռուսթավելի [պողոտան] է, ու հարցրեց՝ ա՛հ, այսինքն՝ դու ցույցի՞ էիր մասնակցում»,- ասում է դերասանը։
Բեդիանայի խոսքով՝ լուսանկարներում իր փոքրիկ դուստրն էր, որը, տեսնելով կառնավալային դիմակներով ցուցարարներին, ցանկացել էր այնտեղ լուսանկարվել։
Նա ասել է, որ ոստիկաններին բացատրել է՝ պարզապես անցել է ցույցի տարածքով և չի մասնակցել դրան։ Սակայն վերջում իրեն հայտնել են, որ բողոքի ակցիաներին վերաբերող օրենքը խախտելու համար պետք է վճարի 5000 լարի (1900 դոլար) տուգանք։
«Ես հարցրի՝ նույնիսկ եթե մասնակցած լինեի [ցույցին], ի՞նչ սխալ բան եմ արել։ Ինչ-որ մեկի վրա ինչ-որ բան նետե՞լ եմ, փողո՞ց եմ փակել, թե՞ դիմակ եմ կրել։ Պետք է ինձ ինչ-որ բանում մեղադրեք, բայց ինձ վերագրելու ոչինչ չկա, որովհետև այնտեղ երկու վայրկյան եմ եղել, այն էլ՝ պարզապես անցնելիս»,- պատմել է նա ոստիկանների հետ խոսակցությունը։
Բեդիանայի խոսքով՝ ոստիկանները չեն երաշխավորել, որ տուգանքը վճարելուց հետո էլ իրեն թույլ կտան մուտք գործել Վրաստան՝ ասելով, որ այդ հարցը կլուծվի միայն վճարումից հետո։ Ավելի հստակ պատասխան ստանալու անհաջող փորձերից հետո դերասանը հրաժարվել է ընդունել տուգանքը և վերադարձել Գերմանիա։
Գործընթացի բնույթից ելնելով՝ ներառյալ սկզբում իրար հետ կապ չունեցող հարցերը, տուգանքի տարբեր չափերի նշումը և բողոքի ակցիայի հետ կապված խախտման մասին պնդումը միայն այն բանից հետո, երբ ոստիկանները նրա հեռախոսում տեսել են ցույցի լուսանկարները, Բեդիանան կասկածում է, որ իր անունը համակարգում այլ պատճառով է նշված եղել, իսկ տուգանքը հետագայում պարզապես պատրվակ է դարձել։
Նրա խոսքով՝ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել մի քանի շաբաթ առաջ Գերմանիայում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի հետ ունեցած զրույցը։ Վերջինս նրան հրավիրել էր բացել վրացական կինոյի միջոցառում Գերմանիայի հարավարևմտյան Վիզբադեն քաղաքում։ Բեդիանայի խոսքով՝ զրույցի ընթացքում ինքը քննադատել է Վրաստանի իշխանություններին և ասել, որ միջոցառմանը չի մասնակցի, եթե այնտեղ ներկա լինեն Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ։
«Կարծում եմ՝ ամեն ինչ հենց դրա պատճառով է տեղի ունեցել»,- հավելում է նա։
Դերասանը հայտարարել է, որ փաստաբան է վարձելու և բողոքարկելու է որոշումը։
«Ես վրացի եմ. ի՞նչ վտանգ եմ ներկայացնում։ Ինչո՞ւ չպետք է ինձ թույլ տան մուտք գործել իմ երկիր»,- հարցնում է նա։
OC Media-ն լրացուցիչ մանրամասների համար դիմել է Ներքին գործերի նախարարությանը, սակայն գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանել անհատական գործը։












