TRIPP-ի շինարարությունը կարող է սկսվել հաջորդ տարվա սկզբին․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

TRIPP նախագծի շինարարությունը կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա սկզբին։ Այս մասին Semafor-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը նախագծին աջակցելու համար մինչ այժմ շուրջ 201 մլն դոլար է հատկացրել։
Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը մտահոգություններ չունի TRIPP-ի զարգացման համար ստեղծվող ընկերությունում ԱՄՆ կառավարության 74% բաժնեմասի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ որոշումների կայացման լիազորությունները կմնան հայկական կառույցների ձեռքում, իսկ ԱՄՆ-ի մեծ բաժնեմասը նշանակում է, որ Վաշինգտոնը կմնա նախագծի կարևոր աջակիցը։
Դեսպանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը, թեև կողմերի միջև դեռևս կան չլուծված հարցեր։ Դրանց թվում նա նշել է Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանի Սահմանադրությունից որոշակի հղում հեռացնելու վերաբերյալ։
Անդրադառնալով Իրանին՝ Մկրտչյանն ասել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ չի քննարկել Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակելու հարցը, թեև Վաշինգտոնը ճնշում է գործադրում մի շարք երկրների վրա՝ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու նպատակով։
Հարցին, թե Երևանն ինչպես կարձագանքի, եթե ԱՄՆ-ը նման պահանջ ներկայացնի, Մկրտչյանը պատասխանել է․ «Ամեն ինչ կարելի է քննարկել»։











