Գլխավոր Լրահոս

Իվանիշվիլիի նախկին դաշնակիցը, ըստ հաղորդումների, Մայամիի վիլլան ռեկորդային 51,5 միլիոն դոլարով է վաճառել

Գիորգի Բաչիաշվիլին և Բիձինա Իվանիշվիլին, 2013

Գիորգի Բաչիաշվիլին և Բիձինա Իվանիշվիլին, 2013

Լուսանկարը՝ Georgian Co-Investment Fund-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրացի գործարար Գիորգի Բաչիաշվիլին, որը վերջերս ազատ էր արձակվել Վրաստանի բանտից՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ ֆինանսական գործարքներին վերաբերող մեղադրանքներով պատիժ կրելուց հետո, ըստ հաղորդումների, Մայամիում գտնվող իր վիլլան վաճառել է 51,5 միլիոն դոլարով։ Վաճառքի մասին հայտնել են ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ, մինչդեռ Բաչիաշվիլիի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։

Վաճառքի մասին առաջինը հայտնած The Real Deal-ի տվյալներով՝ Իվանիշվիլիի նախկին դաշնակից, հետագայում նրա քննադատ դարձած Բաչիաշվիլիի վաճառած գույքը Հիբիսկուս կղզում 1՝ Մայամիի բացառիկ և շքեղ թաղամասերից մեկում, որը կամրջով միացված է նույնքան հեղինակավոր Փալմ կղզուն։

Պատմությանը հետագայում անդրադարձած ամերիկյան մեկ այլ պարբերական՝ New York Post-ը, նշել է, որ Բաչիաշվիլին վիլլան վաճառքի է հանել օգոստոսին, և այն վաճառվել է ընդամենը 11 օր անց։ Երկու պարբերականներն էլ գործարքն անվանել են Հիբիսկուս և Փալմ կղզիների համար ռեկորդային գնով վաճառք։

Պարբերականներն ընդգծել են ծովափնյա առանձնատան շքեղությունը։ Ըստ հաղորդումների՝ այն ունի մի քանի ննջասենյակ և լոգասենյակ, սպասարկող անձնակազմի համար նախատեսված սենյակներ, տնային գրասենյակ, լողավազան, գիշերային ակումբ և երկու մասնավոր նավամատույց՝ զբոսանավի համար նախատեսված տարածքով։

The Real Deal-ը նշել է, որ առանձնատունը կառուցված է ծովածոցի ափին գտնվող երկու հողամասերի վրա, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 1950 քառակուսի մետր, իսկ բուն շինության մակերեսը՝ գրեթե 1000 քառակուսի մետր։

Նույն լրատվամիջոցի տվյալներով՝ վիլլան վաճառվել է 270 S. Hibiscus Drive Inc ընկերության միջոցով, որը ղեկավարում է Ֆլորիդայում գործող Wolsen Real Estate ընկերության ղեկավար Դենիս Սմիկալովը, սակայն Բաչիաշվիլին նշվում է որպես գույքի «իրական սեփականատեր»։ Լրատվամիջոցը նաև հայտնել է, որ 2021-ին ընկերությունը գույքը գնել էր 19 միլիոն դոլարով, սակայն այն ժամանակ շինությունը դեռ անավարտ էր։

Գնորդի մասին քիչ բան է հայտնի։ The Real Estate-ը նշել է Liholiho Trust-ը, իսկ New York Post-ը ներկայացրել է նրան որպես «առեղծվածային գնորդ»։

OC Media-ն կապվել է Բաչիաշվիլիի փաստաբան Բոբ Ամստերդամի հետ՝ տեղեկությունները ճշտելու, ինչպես նաև վաճառքի պատճառների և Բաչիաշվիլիի գտնվելու վայրի մասին հարցնելու համար։ Նա հրաժարվել է մեկնաբանել։

Բաչիաշվիլին մինչև 2019-ը եղել է Georgian Co-Investment Fund-ի գլխավոր տնօրենը։ Հիմնադրամը Իվանիշվիլին ստեղծել էր 2013-ին՝ իշխանության գալուց կարճ ժամանակ անց։ 2019-ից Բաչիաշվիլին սկսել էր ղեկավարել հիմնադրամի խորհրդատվական խորհուրդը։

Երբեմնի մտերիմ գործընկերների ճանապարհները վերջին տարիներին բաժանվել էին, ինչին զուգահեռ Բաչիաշվիլիի դեմ մի շարք քննություններ էին սկսվել։ Գործերից մեկը վերաբերում էր Իվանիշվիլիին ենթադրաբար պատկանող կրիպտոարժույթի յուրացմանը, մյուսը՝ փողերի լվացմանը։ Այդ մեղադրանքներով Բաչիաշվիլին 2025-ի մարտին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։

Բաչիաշվիլին հերքել էր մեղադրանքները և դրանք քաղաքական դրդապատճառներով էր պայմանավորել։

Նրա դատավարությունն ուղեկցվել էր մի շարք աղմկահարույց զարգացումներով, այդ թվում՝ դատավճռից կարճ ժամանակ առաջ արտերկիր գաղտնի մեկնելով և 2025-ի մայիսին հաջորդած ձերբակալությամբ, որը, Բաչիաշվիլիի պնդմամբ, իրականում իրեն արտերկրից առևանգել էր նշանակում։

Անսպասելի զարգացմամբ՝ փետրվարին Բաչիաշվիլին ազատ էր արձակվել դատավարական համաձայնագրի շրջանակում։ Գործով դատախազը հայտարարել էր, որ գործարարը «ընդունել է մեղքը» իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերով և «փոխհատուցել վնասը»։

Ազատ արձակվելուց հետո Բաչիաշվիլին հանրության առաջ չի հայտնվել և որևէ հայտարարություն չի արել համաձայնագրի հանգամանքների վերաբերյալ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում