Սեպտեմբերի 5-ին Կրեմլում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների բանակցությունները։
Կրեմլից հայտնել են, որ փակ դռների հետևում անցկացված հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ և եղել է «կառուցողական և չափազանց անկեղծ»։
«Զրույցը տևել է ավելի քան երեք ժամ, ավելի ստույգ՝ 3 ժամ 10 րոպե»,- լրագրողներին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ Ուիթքոֆն ու Քուշները հանդիպման ընթացքում հետաքրքրվածություն են հայտնել Ուկրաինայում ռազմական գործողությունները հնարավորինս արագ ավարտելու հարցում, ինչպես նաև ներկայացրել են հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ իրենց առաջարկներն ու տեսակետները։
«Ամերիկացի ներկայացուցիչները լրջորեն էին պատրաստվել այս այցին։ Նրանք ոչ միայն հայտնել են ռազմական գործողությունները հնարավորինս արագ ավարտելու ավանդական հետաքրքրվածության մասին, այլև ներկայացրել են կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ մի շարք առաջարկներ»,- ասել է Ուշակովը։
Ուշակովի փոխանցմամբ՝ Պուտինը Թրամփի ներկայացուցիչներին ասել է, որ Ռուսաստանը մտադիր է հասնել Ուկրաինայում իր առջև դրված նպատակներին, իսկ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է վերացնել «հակամարտության խորքային պատճառները»։
Նա հավելել է, որ ամերիկացի բանագնացները ներկայացրել են ԱՄՆ-ի դիրքորոշումը և խոստացել են Պուտինի տեսակետները փոխանցել ուկրաինացի ղեկավարներին՝ Կիևում կայանալիք հանդիպումների ընթացքում։
Թրամփի հատուկ բանագնացները Կրեմլում կայացած հանդիպման արդյունքները դեռ չեն մեկնաբանել։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան նրանք Մոսկվայից մեկնել են Ուկրաինա՝ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների։












