Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի հետ կապվող ընկերությունը նախատեսում է Թբիլիսիի կենտրոնում սրճարան և ռեստորան կառուցել։ Նախագիծն իրականացնելու համար Թբիլիսիի քաղաքապետարանը համաձայնություն է տվել տարածքի մի մասից հանգստի գոտու կարգավիճակը հանելու վերաբերյալ։
4078 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը գտնվում է Մտկվարի գետի աջ ափին՝ Չոր կամրջի մոտ։ Այն 2008-ից պատկանում է Atu-ին՝ 25 տարի առաջ ստեղծված և Իվանիշվիլիի ընտանիքի հետ կապվող միավորմանը։ Այժմ միավորումը նախատեսում է տարածքում կառուցել «բազմաֆունկցիոնալ հանրային օբյեկտ», որը հիմնականում ծառայելու է որպես սրճարան և ռեստորան։
Նախագծի բացատրական գրության համաձայն՝ շենքը կունենա «դինամիկ, օրգանական ձև», որը նախատեսված է գետի շարժումն ու շրջակա միջավայրի բնական ձևերը «արտացոլելու» համար։

Փաստաթղթի համաձայն՝ նախագիծը ներառելու է ռեստորանային տարածքներ, բաց պատշգամբներ, նստատեղեր և կանաչ գոտիներ։ Նշվում է, որ ծրագիրը տարածքը կդարձնի հանրության համար ավելի ակտիվ օգտագործվող՝ միաժամանակ «պահպանելով դրա հանգստի գործառույթը»։
Չնայած այս պնդմանը՝ միավորումը Թբիլիսիի քաղաքապետարանից խնդրել է հնարավոր կառուցապատման տարածքից հանել հանգստի գոտու կարգավիճակը՝ պատճառաբանելով, որ «գործող գոտիավորումը լիարժեքորեն թույլ չի տալիս նախատեսվող հանրային-գործարար գործառույթը»։
Թբիլիսիի Ճարտարապետության ծառայության կայքի համաձայն՝ քաղաքապետարանի Մշակութային ժառանգության խորհուրդը հունիսի 12-ին դրական եզրակացություն է տվել դիմումին, որը հետագայում՝ օգոստոսի 5-ին, հաստատել է նաև Ճարտարապետության ծառայությունը։

Խորհրդի դիրքորոշումը միաձայն չի եղել։ Նիստի արձանագրության համաձայն՝ քննարկմանը մասնակցած հանձնաժողովի վեց անդամներից միայն երեքն են աջակցել տարածքի կարգավիճակը հանգստի գոտուց հանրային-գործարար գոտու փոխելուն։ Ձայների հավասար բաժանման դեպքում վերջնական որոշումը սովորաբար կայացնում է խորհրդի նախագահը։
Հանրային ռեգիստրի տվյալներով՝ Atu միավորման խորհրդի ներկայիս նախագահը Ռոստոմ Չաբրաձեն է։ Նա նաև Atu Holding-ի խորհրդի անդամ է՝ Վրաստանում գրանցված ընկերության, որը 2024-ի վերջին հիմնել է Իվանիշվիլիի որդին՝ Ուտա Իվանիշվիլին։












