Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Meydan TV-ի հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքը երկրի տարբեր հատվածներում 15 կալվածք ունեն, որոնց վերաբերյալ հանրությանը հասանելի պաշտոնական գրանցումներ չկան։ Այս գույքերը հակասությունների պատճառ են դարձել դրանց հարևանությամբ գտնվող տների քանդման և շրջակա հանրային տարածքների հասանելիությունը սահմանափակելու պատճառով։
Անկախ լրատվամիջոցի տվյալներով՝ Ալիևների ընտանիքին պատկանող գույքերը կառուցվել են գեղատեսիլ վայրերի՝ անտառների, լճերի և լողափերի հարևանությամբ գտնվող ռազմավարական տարածքներում։ Դրանք սփռված են Ադրբեջանի տարբեր շրջաններում և նախատեսված են բացառապես Ալիևների ընտանիքի անձնական օգտագործման համար։
Meydan TV-ն իր հետաքննությունը պատրաստել է «տարիների ընթացքում տարբեր աղբյուրներից հավաքված տեղեկությունների» վրա՝ նշելով, որ գույքի պաշտոնական ռեգիստրի տվյալներին հասանելիություն ստանալը «անհնար է»։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ իրենց հաջողվել է քարտեզագրել այդ տները՝ տեղացիներից ստացված տեղեկությունների և արբանյակային պատկերների միջոցով։
Լրատվամիջոցը հայտնել է, որ որոշ կալվածքների կառուցման համար տեղի բնակիչներին հարկադրաբար դուրս են բերել իրենց տներից, իսկ որոշ դեպքերում գյուղեր են քանդվել։ Բացի այդ, շինարարները, որոնք աշխատել են այդ կալվածքների վրա, խնդիրներ են ունեցել աշխատավարձերը ստանալու հարցում։
2011-ին Ադրբեջանի կառավարությունը քանդել է Գաբալայի շրջանի Կուսաթ գյուղը։ Meydan TV-ի տվյալներով՝ այնտեղ Ալիևի և նրա դստեր՝ Լեյլա Ալիևայի համար բնակելի պալատ է կառուցվել։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 16 ընտանիք ստիպված է եղել լքել իր տունը և փոխհատուցման դիմաց տեղափոխվել Գաբալա։ Meydan TV-ն չի հստակեցրել, թե որքան փոխհատուցում են ստացել բնակիչները։
Հաղորդվում է նաև, որ Բաքվի արվարձաններից մեկում 16-հարկանի շենքի 120 ընտանիք վտարվել է Խուտորի պալատի կառուցման համար։
Meydan TV-ն հայտնել է, որ 2021-ին Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել նախագահի աշխատակազմի շենքի մոտ։ Նրանք պնդում էին, որ գյուղի գյուղատնտեսական և արոտավայրերի հողերը կաշառքի դիմաց փոխանցվել են այլ անձանց։ Խոշբուլաղի ամենատեսանելի հատվածներից մեկում այժմ գտնվում է մի գույք, որը, ըստ հաղորդումների, կառուցվել է Ալիևի որդու համար․
«Գյուղի միակ անտառապատ հատվածը փակվել է նախագահի ընտանիքի համար»։
Ալիևների ընտանիքին պատկանող մեկ այլ գույք, ըստ ամենայնի, գտնվում է Նոհուր լճի տարածքում, որը հայտնի է գեղատեսիլ տեսարաններով և հանգստի գոտու կարգավիճակով։ Գույքի կառուցումից հետո լճի հարակից տարածք մուտք գործելը կամ այնտեղ լուսանկարելը արգելվել է։
Լրատվամիջոցը նշել է նաև Բաքվի արվարձան Բիլգահի ծովափին կառուցված մեկ այլ հսկայական շքեղ համալիր, որի արժեքը միլիոնավոր դոլարներ է։
Meydan TV-ն նաև հայտնել է, որ Արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովը Գաբալայի շրջանի Գամարվան գյուղում մեծ կալվածք է կառուցել և այն նվիրել Ալիևին։ Համալիրն ունի թենիսի կորտ, արհեստական լիճ և տեսարան դեպի Բում գետը։ Գույքը խիստ հսկողության տակ է։
Հաղորդվում է, որ Ալիևների ընտանիքը գույք ունի նաև Ադրբեջանից դուրս։
2021-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) պարզել էր, որ Լոնդոնում մոտ 700 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ անշարժ գույք է ձեռք բերվել Ալիևների ընտանիքի և նրանց մերձավորների կողմից։
Արտասահմանյան կազմակերպությունների ռեգիստրի հրապարակային տվյալների համաձայն՝ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, անձամբ Լոնդոնի Հայդ պարկի անմիջապես դիմաց գտնվող վեց շքեղ բնակարանների սեփականատերեր են։
The Guardian-ի տվյալներով՝ Լեյլա և Արզու Ալիևաները նաև Դուբայում շքեղ Sofitel հանգստավայրի համասեփականատերերն են։












