Երևանի հանրային տրանսպորտի ամենասուր խնդիրը փողոցների ծանրաբեռնվածությունն ու ապօրինի կայանումներն են, սեպտեմբերի 7-ի գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը պայմանավորված է ընդհանուր երթևեկության կազմակերպմամբ, մարդատար ավտոմեքենաների թվի աճով և տարբեր հատվածներում մեքենաների ապօրինի կանգառներով։
«Նույնիսկ մինչև կանգառների վերադասավորումը պետք է հասկանալ՝ ինչպես ենք մեքենաները այդ կանգառներից հանում։ Սա ամենասուր խնդիրն է Երևանում»,- ասաց քաղաքապետը։
Ըստ Ավինյանի՝ ավտոբուսների համար առանձնացված գծերը այլընտրանք չունեն և անհրաժեշտ են հանրային տրանսպորտի արագ տեղաշարժն ապահովելու համար։
«Շատ դեպքերում մենք արձանագրում ենք, որ ոչ թե ունենք ավտոբուսների քանակի խնդիր, այլ ընդհանուր առմամբ ունենք փողոցների ծանրաբեռնվածության խնդիր, որն էլ բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման»,- եզրափակեց նա։
Ավինյանը ամփոփելով ընդգծեց, որ հանրային տրանսպորտի երթևեկելի գոտիները պետք է առաջնահերթություն լինեն քաղաքային իշխանության համար։
Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվեց սեպտեմբերի առաջին շաբաթվա հանրային տրանսպորտից օգտվելու ցուցանիշները։ Ըստ այդմ՝ տրոլեյբուսներում արձանագրվել է ավելի քան 219,000 վավերացում, մետրոպոլիտենում՝ 621,000, իսկ ավտոբուսներում՝ ավելի քան 2,7 մլն վավերացում։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 3,5 մլն վավերացում է եղել։ Նշվեց, որ առկա է բնական աճ՝ պայմանավորված ուսումնական սեզոնի մեկնարկով։
«Սա վավերացումների ռեկորդային թվեր են։ Սա նշանակում է, որ հանրային տրանսպորտից էլ ավելի շատ մարդ է օգտվում։ Այն գործիքակազմը, որը կիրառվեց ապրիլ ամսից (քաղաքապետարանը սկսեց տուգանել չվճարող ուղևորներին,- խմբ.), էականորեն փոխեց իրավիճակը հանրային տրանսպորտում»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։












