COP17 բնապահպանական գագաթնաժողովին պետք է ներկայացվի նաև քաղաքապետարանի առանցքային նախագծերից մեկը՝ Դալմայի այգիների բարեկարգման ծրագիրը։ Սեպտեմբերի 7-ին քաղաքապետարանի գործակարգավարական նիստին, սակայն, պարզվեց, որ քաղաքային իշխանությունները մինչ օրս չունեն պատրաստի նախագիծ և կատարված գործնական աշխատանքներ։
Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 7-ի նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ քաղաքը COP17-ի շրջանակում (հոկտեմբերի 19-30) ընդունելու է մոտ 15,000 հյուրի։ Նա քաղաքապետարանի աշխատակազմից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է Դալմայի այգիների նախագիծը, քանի որ քաղաքապետարանն առանձին տաղավարով պետք է այն ներկայացնի։ Աշխատակազմից հայտնեցին,որ այս փուլում նախ ուսումնասիրում են գույքն ու կենսաբազմազանությունը, որպեսզի հետագայում ծրագիրը խնդիրներ չունենա։
Ավինյանի հարցին, թե ունի քաղաքապետարանն էսքիզային նախագիծ՝ արձագանքեց Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ մրցույթն ամփոփման փուլում է։ Նա, սակայն, հավելեց, որ գործընկեր Ասիական զարգացման բանկն օրերս է քաղաքապետարանին ներկայացրել որոշակի դիտարկումներ։
«Մենք ամփոփում ենք ու այս շաբաթվա ընթացքում վերջնական փաթեթը կներկայացնենք իրենց։ Ես կարծում եմ, որ այս ամսվա ընթացքում մենք կունենանք հաղթող ընկերություն»,- ասաց Բաբայանը՝ հույս հայտնելով, որ COP17-ին միգուցե ունենան «որոշակի լուծումներ»։
Այս մտքի հետ համաձայն չէր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս տեմպով տեսնում եմ, որ չենք ունենա լուծումներ։ Եթե երկու ամիս նրանք են քննարկել, մինչև դուք ընտրեք ուշ կլինի, արդեն սեպտեմբեր ամիսն է։ Մենք չենք ունենա արդյունք, սա արդեն փաստ է։ Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ տեղյակ չեմ, որ այսպես ձգձգվում է գործընթացը»,- հարցրեց Ավինյանը, իսկ Բաբայանն նշեց, որ գործընկեր բանկը հավաստիացրել է, որ խնդիր չի առաջանա «որևէ բան ցուցադրելու համար»։
«Այդ «որևէ բանը» արդեն վախեցնում է ինձ․ եթե պետք է էնքան որ խզբզեն, ինչ-որ մեկն ինչ-որ մի բան, ավելի լավ է չխզբզեն։ Խզբզողներից մենք էլ ունենք, կարող ենք նրանց խնդրել՝ խզբզեն, դրա համար պետք չէ մեծ գումարներ վճարել»,- ասաց Ավինյանը՝ հանձնարարելով հետագայում մանրամասն զեկուցել, թե ինչու է ստեղծվել այս վիճակը։
Դալմայի այգու հնարավոր տեսքը։ Կանաչապատ վիզուալիզացիան՝ Urbanista.am կայքից։












