Նոյեմբերի 1-ից կթողարկվեն նոր կենսաչափական անձնագրեր՝ տեղեկանքներին վերջ կտրվի. ՆԳ նախարար

Հայաստանը նոյեմբերի 1-ից կգործարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը: Այն ոչ միայն առանցքային նախապայման է Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ ընթացող բանակցություններում, այլև արմատապես փոխում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Կենսաչափական համակարգի ներդրումը Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացն արդեն իսկ արժանացել է եվրոպացի գործընկերների դրական գնահատականին: Ներքին գործերի նախարար, վիզաների ազատականացման հարցով Եվրամիության հետ Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանի խոսքով՝ առաջին գնահատման զեկույցի շրջանակներում եվրոպացի գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանն ունի «առաջանցիկ տեմպեր», հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և սահմանների համալիր կառավարման ուղղություններով:
Եվրամիության հետ վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ վարող միակ երկիրն այսօր Հայաստանն է: Երևանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին: Եվրամիության երկրներ առանց վիզա մուտք ունենալու համար Հայաստանը պետք է իրականացնի 74 հենանիշից (benchmark) բաղկացած Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը: Ի թիվս այլ կետերի՝ այդ փաստաթղթի առանցքային պահանջներից է կենսաչափական փաստաթղթերի համակարգերի ներդրումը:
Նախարարը վստահեցնում է, որ կենսաչափական անձնագրերի թողարկման ժամկետն արդեն հայտնի է, և գործընթացն ընթանում է հստակ ժամանակացույցով:
«Ուզում եմ ուրախությամբ փաստել, որ նոյեմբերի 1-ից արդեն գրասենյակները պատրաստ կլինեն մեր քաղաքացիներին սպասարկման համար, և քաղաքացիները կկարողանան ազատորեն դիմել թե՛ կենսաչափական անձնագրի և թե՛ նույնականացման քարտի համար»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ այս նպատակով երկրում ձևավորվում է միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող տվյալների նոր կենտրոն՝ ապահովելով անձնական տվյալների «գերպաշտպանվածություն և բացառելով ինքնության կեղծման կամ գողության հնարավոր ռիսկերը»:
Կենսաչափական նոր համակարգի առանձնահատկությունը, նախարարի խոսքով, դրա ամբողջական փոխկապակցվածությունն է բնակչության պետական ռեգիստրին: Գործնականում սա նշանակում է բյուրոկրատական քաշքշուկների և թղթային տեղեկանքների դարաշրջանի ավարտ:
«Մենք մաքրում ենք մեր համակարգերը, որպեսզի, պատկերավոր ասած, հին սերվերից դեպի նոր սերվեր տեղափոխությունը՝ տվյալների միգրացիան, լինի այնքան ճշգրիտ, որ մասնավոր գործընկերոջ՝ շուկա մուտք գործելու պայմաններում քաղաքացիները սպասարկման գրասենյակներում որևէ խնդրի չհանդիպեն», - ասում է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ նոյմեբերի 1-ից անձնագիրը թարմացնելուց հետո քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այցելել այլ գերատեսչություններ՝ տվյալների անճշտությունները շտկելու համար, քանի որ պետական բոլոր մարմիններն ու մասնավոր հատվածը իրական ժամանակում կօգտվեն նույն վավերացված աղբյուրից:
«Բնակչության պետական ռեգիստրը Հայաստանի Հանրապետությունում լինելու է միակ հուսալի տվյալների բազան»,- ընդգծում է ներքին գործերի նախարարը՝ մատնանշելով բարեփոխման հիմնական նպատակը: «Այդ անվերջ տեղեկանքները, քաղաքացու տվյալն իրեն վաճառելու արատավոր պրակտիկան, որը հատկապես հաշվառման տեղեկանքների դեպքում ունենք, իսպառ բացառելու ենք», - եզրափակում է նա։











