Երևանում աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթում արդեն հաղթող ընկերություն կա․ այդ մասին Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր մենք ազդարարում ենք, որ ունենք հաղթող ընկերություն աղբի վերամշակման գործարանի կառուցման հարցում, և հիմա այս ընկերության հետ պետք է մանրամասնենք նրանց աշխատանքների ծավալն ու համապատասխան համաձայնագրեր և պայմանագրեր նախապատրաստենք»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ նախկինում այս գործընթացում նման արդյունքի հասնել չի հաջողվել։
«Նախկինում երբևէ անգամ այս գործընթացում մենք հաջողության չենք հասել։ Մենք մի կարևոր կետի հասել ենք, արդեն ունենք մեր պահանջներին համահունչ չինական, արաբական և հայկական կոնսորցիում»,- նշեց նա։
Ավինյանը չմանրամասնեց հաղթող կոնսորցիումի անվանումը և գործարանի կառուցման նախատեսվող ժամկետները, սակայն նշեց, որ այն չինական, արաբակա և հայկակա ընկերությունների կոնսորցիում է։
***
Նուբարաշենի աղբի խնդրի լուծման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանը ներկայում երկու զուգահեռ գործընթաց է իրականացնում։ Դրանցից մեկը նոր աղբավայրի կառուցման ծրագրի նախապատրաստումն է՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ։
Մյուս ուղղությունը Նուբարաշենի գործող աղբավայրին հարակից տարածքում աղբի վերամշակման գործարանի կառուցումն է։ Նախկինում քաղաքապետարանը հայտարարել էր, որ նախատեսվում է գործարանը կառուցել մոտ 5 հեկտար տարածքում՝ աղբի տեսակավորման հոսքագծերով։
Նուբարաշենի աղբավայրը գործում է 1950-ականներից։ Երևանում տարեկան միջին հաշվով մոտ 290-295 հազար տոննա կենցաղային աղբ է գոյանում։
Աղբավայրի խնդրի լուծման և նոր աղբավայրի կառուցման մասին իշխանությունները խոսում են ավելի քան մեկ տասնամյակ։ 2015-ից հետո նոր աղբավայրի կառուցման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 26 միլիոն եվրո, սակայն նոր աղբավայրը մինչ այժմ չի փոխարինել Նուբարաշենի գործող աղբավայրին։
2019-ին ևս հայտարարվել էր, որ նոր աղբավայր կառուցող ընկերության անունը հայտնի կդառնա տարեվերջին, սակայն մրցույթը հետագայում չեղարկվել էր։












