Գլխավոր Լրահոս

Վրաստանի նախկին գլխավոր դատախազը Ռուսաստանի կողմից կռվելու համար ռազմական ստորաբաժանում է ստեղծել

Օթար Պարծխալաձեն

Օթար Պարծխալաձեն

Լուսանկարը՝ Marshallpress-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարծխալաձեն, որը ներկայում Ռուսաստանի քաղաքացի է և բնակվում է այնտեղ, «Գեորգիևսկի» անունով ռազմական ստորաբաժանում է ստեղծել՝ Ուկրաինայի դեմ Մոսկվայի կողմից կռվելու համար։ Պարծխալաձեն, որը վերջերս իր ազգանվանն ավելացրել է «Ռոմանովը», պետական TASS գործակալությանը հայտարարել է, որ Ռուսաստանը պայքարում է «արևմտյան ճնշման դեմ՝ իր ինքնությունը, ավանդույթները, լեզուն և մշակույթը պահպանելու համար»։

TASS-ը Պարծխալաձեին ներկայացրել է որպես ստորաբաժանման «հրամանատար»՝ նշելով, որ «Գեորգիևսկին» կազմված է «համախոհներից և դաշնակիցներից, որոնք հանդես են գալիս մեր ժողովուրդների և երկրների միավորման, ինչպես նաև ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության օգտին»։

TASS-ի հաղորդմամբ՝ Պարծխալաձեն նաև հայտարարել է, որ ինքն ու իր թիմը Ռուսաստանի՝ Ուկրաինային սահմանակից շրջաններում, ինչպես նաև «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում» «ռազմական գործողությունների» հենց սկզբից աջակցել են ռուս «զինծառայողներին և քաղաքացիական անձանց»։ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն» անվանումը Մոսկվան և նրա դաշնակիցներն օգտագործում են Ուկրաինայի Դոնեցկի մարզի համար, որի մեծ մասը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Հրապարակման մեջ չի նշվում, թե քանի մարտիկ է ընդգրկված նորաստեղծ ստորաբաժանման մեջ և ինչ ազգությունների ներկայացուցիչներ կան դրա կազմում։ Պարծխալաձեն այն անվանել է «միջազգային»։

Զուգահեռ անցկացնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, որին Մոսկվան ակտիվորեն հղում է անում իր քարոզչությունում՝ Ուկրաինայի դեմ պատերազմը հիմնավորելու համար, Պարծխալաձեն հայտարարել է, որ «1945-ին Հաղթանակի դրոշը Ռայխստագի վրա բարձրացրել են ռուս Միխայիլ Եգորովը և վրացի Մելիտոն Կանտարիան»։

«Վստահ եմ, որ ինչպես այն ժամանակ, այս անգամ էլ թշնամու պարտության խորհրդանիշը կրկին ռուսն ու վրացին կբարձրացնեն»,- հավելել է նա՝ նկատի ունենալով այրվող շենքի վրա դրոշի բարձրացման հայտնի լուսանկարը։ Սակայն, հակառակ Պարծխալաձեի խոսքերին, լուսանկարում պատկերված զինվորների ինքնության, ինչպես նաև նրանց էթնիկ ծագման շուրջ մինչ օրս տարբեր վարկածներ կան։

Ստորաբաժանման անունը հղում է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքին, որտեղ 1783-ին պայմանագիր ստորագրվեց վրացական Քարթլի-Կախեթի թագավորության և Ռուսական կայսրության միջև, որն ի վերջո հանգեցրեց Վրաստանի բռնակցմանը։

Մի շարք սկանդալների կենտրոնում հայտնված Պարծխալաձեն 2013-ի վերջին կարճ ժամանակ զբաղեցրել է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնը։ Նրա հասցեին նաև բռնության և «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի անունից շորթում իրականացնելու մեղադրանքներ են հնչում։

2023-ի սեպտեմբերին ԱՄՆ-ը Պարծխալաձեի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի խորհրդատվական ոլորտի հետ կապերի և Վրաստանի վրա Ռուսաստանի «չարամիտ ազդեցությանը» նպաստելու համար։ Դրանից հետո վրացական բանկերը սկզբում սառեցրին նրա հաշիվները։ Սակայն Վրաստանի Ազգային բանկը միջամտեց՝ հայտարարելով, որ միջազգային պատժամիջոցները չեն կարող կիրառվել Վրաստանի քաղաքացու նկատմամբ, եթե նա վրացական դատարանի կողմից մեղավոր չի ճանաչվել։

Նույն տարվա հոկտեմբերին Վրաստանի այն ժամանակվա նախագահ և «Վրացական երազանքի» կոշտ քննադատ Սալոմե Զուրաբիշվիլին Պարծխալաձեին զրկեց Վրաստանի քաղաքացիությունից։ Զուրաբիշվիլիի աշխատակազմը հայտարարել էր, որ Պարծխալաձեն Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել՝ առանց վրացական քաղաքացիությունը պահպանելու համար Վրաստանի իշխանություններին դիմելու։

2025-ի դեկտեմբերին Պարծխալաձեն հայտնվեց մեկ այլ սկանդալի կենտրոնում, երբ նրա անունը կապվեց նույն տարվա գարնանը Թբիլիսիում տեղի ունեցած՝ մաֆիայի հետ առնչվող աղմկահարույց սպանության հետ։ Դրանից հետո Վրաստանի դատարանը նրա նկատմամբ հեռակա կարգով նախնական կալանք սահմանեց։

Մինչ ստորաբաժանման ստեղծման մասին հայտարարությունը՝ օգոստոսին վրացական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Պարծխալաձեն անդամակցել է Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությանը։

Ի տարբերություն Պարծխալաձեի՝ բազմաթիվ վրացիներ կռվել են և շարունակում են կռվել Ուկրաինայի կողմից, իսկ տասնյակ մարդիկ զոհվել են մարտերում։ Նրանց թվում են նաև Վրաստանի նախկին և գործող քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում