Գլխավոր Լրահոս

Երևանի իշխանությունները քննարկում են խցանումների դեմ «ցավոտ» սահմանափակումներ

Երևանի իշխանությունները քննարկում են խցանումների դեմ «ցավոտ» սահմանափակումներ

Լիա Ավագյան

Երևանի իշխանությունները քննարկում են մայրաքաղաքում ավտոմեքենաների երթևեկությունը սահմանափակելու մի շարք տարբերակներ՝ խցանումները նվազեցնելու համար։ Դրանց թվում են կենտրոնում կայանման ժամերի սահմանափակումը, որոշ ժամերի մեքենաների մուտքի արգելքը և Երևան մուտք գործելու նկատմամբ հնարավոր խստացումները։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը չորեքշաբթի տված հարցազրույցում ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Նա ընդգծել է, որ որևէ կոնկրետ տարբերակի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Քաղաքապետարանը ներկայում տվյալներ է հավաքում երթևեկության հոսքերի վերաբերյալ։

«Մենք պետք է կայացնենք, կարելի է ասել, ցավոտ որոշումներ՝ մասնավորապես որոշակի սահմանափակումների վերաբերյալ»,- ասել է Գալջյանը։

Նրա խոսքով՝ նորաստեղծ Երթևեկության կառավարման կենտրոնը տեսախցիկների միջոցով հաշվարկում է տրանսպորտային հոսքերը։ Նոր տեսախցիկներ են տեղադրվում նաև Երևանի մուտքերում՝ հասկանալու, թե որքան մեքենա է մտնում մայրաքաղաք։ Քաղաքային իշխանությունները հույս ունեն մինչև տարեվերջ ունենալ բավարար տվյալներ՝ հնարավոր սահմանափակումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։

Գալջյանի ներկայացրած տարբերակներից մեկը Երևանի կենտրոնում կայանման առավելագույն ժամանակ սահմանելն է։ Նա նշել է նաև որոշ ժամերի մուտքի արգելքի և առհասարակ Երևան մուտք գործելու պայմանների հնարավոր խստացման մասին։ «Դա կարող է լինել տարբերակներից մեկը՝ կայանման ժամերի սահմանափակում, հատկապես կենտրոնում։ Այսինքն՝ որոշակի ժամից ավելի կայանման իրավունք չլինի կամ լինի այլ կարգավորումներով»,- ասել է նա։

Գալջյանի խոսքով՝ հնարավոր սահմանափակումների քննարկման պատճառներից մեկն այն է, որ Երևանի երթևեկության մեջ զգալի բաժին ունեն նաև մարզերից եկող մեքենաները։ Նա ասել է, որ աշխարհի տարբեր քաղաքներում բնակիչների և քաղաքից դուրս ապրողների համար երթևեկության տարբեր կանոններ են գործում, և Երևանում ևս նման մոտեցում կարող է քննարկվել։

Միաժամանակ նա ընդգծել է, որ այս հարցերը դեռ քննարկման փուլում են և վերջնական մոդել ընտրված չէ։

Գալջյանը որպես միջազգային պրակտիկայի օրինակ նշել է նաև մի համակարգ, երբ քաղաքի մուտքերում տեսախցիկները ֆիքսում են մեքենայի մուտքի և ելքի ժամը, իսկ քաղաքում մնալու համար սահմանվում է որոշակի սակագին։

«Սա տարբերակներից մեկն է, որը ես չեմ ասում՝ անպայման կիրառելու ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ հավաքվող տվյալները պետք է ցույց տան՝ արդյոք նման խիստ միջոցների անհրաժեշտություն կա, թե խնդիրը հնարավոր կլինի լուծել Երևանի ներսում այլ միջոցներով։

Մարզերից եկող մեքենաների ազդեցությունը դեռ ուսումնասիրվում է

Գալջյանը ընդունել է, որ քաղաքապետարանը ներկայում չունի ամբողջական հետազոտություն, որը ցույց կտա, թե մարզերից Երևան մտնող մեքենաները որքանով են նպաստում խցանումներին։

Նրա խոսքով՝ հենց այդ բացը լրացնելու համար են այժմ տվյալներ հավաքվում։ Քաղաքապետարանը ցանկանում է հասկանալ նաև, թե որքան մեքենա է Երևան մտնում մարզերից։

Գալջյանը նշել է, որ մարզերից մայրաքաղաք եկող մեքենաների մի մասը տաքսի ծառայություններ է մատուցում։ Նրա խոսքով՝ ներկայում մեքենայի արտաքին տեսքից հաճախ հնարավոր չէ որոշել՝ այն տաքսի է, թե ոչ։

Այս համատեքստում նա նշել է քաղաքային լիցենզավորված տաքսիների համակարգ ստեղծելու գաղափարը։ Այդ տաքսիները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների և կարող են տեղական վճարի դիմաց ստանալ երթևեկության որոշ առավելություններ։

Գալջյանի խոսքով՝ հնարավոր առավելություններից մեկը կարող է լինել ավտոբուսների համար առանձնացված գծերից օգտվելու իրավունքը։ Նա ընդգծել է, որ սա ևս միայն քննարկվող գաղափար է, ոչ թե ընդունված որոշում։

Հանրային տրանսպորտի գերակայություն

Գալջյանի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունների հիմնական նպատակը հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն է և մարդկանց մի մասին անձնական մեքենայից հանրային տրանսպորտ տեղափոխելը։

Երևանում նախատեսվում է ընդլայնել ավտոբուսային առանձնացված գծերի ցանցը։ Գալջյանն ընդունել է, որ դա կարող է լրացուցիչ խցանումներ առաջացնել մասնավոր մեքենաների համար, քանի որ առանձնացված գծերը ստեղծվելու են նրանց համար նախատեսված տարածքի հաշվին։

Նրա խոսքով՝ նպատակը ավտոբուսներին հնարավորություն տալն է ավելի արագ և կանխատեսելի երթևեկել, որպեսզի հանրային տրանսպորտը դառնա անձնական մեքենայի ավելի գրավիչ այլընտրանք։

Այս քայլերը կապվում են նաև ևս 200 ավտոբուս ձեռք բերելու ծրագրի հետ։ Գալջյանի խոսքով՝ մինչև նոր ավտոբուսների ձեռքբերումը պետք է երթևեկությունն այնպես կազմակերպել, որ դրանք խցանումների մեջ չմնան և կարողանան ժամանակին հասնել կանգառներ։

Նա նշել է, որ ներկայիս խցանումների պատճառով ավտոբուսները հաճախ ուշանում են, ինչի հետևանքով կանգառներում մարդկանց կուտակումներ են առաջանում։

Գալջյանի խոսքով՝ միայն նոր ավտոբուսների ձեռքբերումը խնդիրը չի լուծի, եթե ուղևորահոսքը նույնը մնա։ Այդ դեպքում քաղաքը կունենա ավելի մեծ ծախսեր և ավելի շատ տրանսպորտ ճանապարհներին, սակայն հանրային տրանսպորտից օգտվողների թիվը չի ավելանա։ Դա, ըստ նրա, կմեծացնի նաև համայնքային բյուջեից համակարգի սուբսիդավորման անհրաժեշտությունը։

Այդ պատճառով քաղաքային իշխանությունները ցանկանում են սահմանափակումները ներդնել աստիճանաբար՝ հանրային տրանսպորտին զուգահեռ առավելություն տալով։

Գալջյանի խոսքով՝ փոփոխությունները կարող են սկզբում փորձարկվել Երևանի փոքր կենտրոնում, որտեղ խցանումների խնդիրը առավել սուր է։ Արդյունքներն ու քաղաքացիների արձագանքը գնահատելուց հետո հնարավոր կլինի հասկանալ՝ արդյոք նույն միջոցները պետք է տարածել նաև քաղաքի այլ հատվածներում։

Նա նաև նշել է, որ նոր և շրջանցիկ ճանապարհների կառուցումը կարող է բեռնաթափել քաղաքի որոշ հատվածներ, բայց միայն ենթակառուցվածքային ծրագրերով փոքր կենտրոնի խցանումների խնդիրը չի լուծվի։

«Այն, որ մենք պետք է որոշումներ կայացնենք, դա միանշանակ է», - ասել է Գալջյանը՝ հավելելով, որ այդ որոշումներից ևս դժգոհություններ կլինեն։ա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում