Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Փաշինյանը սեպտեմբերի 9-ին Փարիզ է մեկնել՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին։
Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են Հայաստանի կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը:












