Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Բուն TV-ին տված հարցազրույցում չի ցանկացել բացահայտել, թե ինչու է հեռացել պետական համակարգից։
«Անկեղծ ասած, այս պահին պատրաստ չեմ այդ թեմայի շուրջ խոսել, դեռ առիթներ կլինեն դրա մասին խոսելու»,- ասել է Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այս տարվա օգոստոսին ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Նա միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։
Գրիգորյանը հարցազրույցում հերքել է այն ենթադրությունը, թե չի ցանկացել ստանձնել իրեն առաջարկված պաշտոնները՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից հետո դրանք ոչ համարժեք համարելով։
Նա նշել է, որ քաղաքական թիմից չի հեռացել և շարունակում է Հայաստանի հետ կապված ծրագրերի ուղղությամբ աշխատանքը։
Հարցին՝ որքան ժամանակ է պատրաստվում մնալ մասնավոր հատվածում, Գրիգորյանը նշել է, որ այս պահին հակված է այնտեղ մնալ։
Գրիգորյանին հարցրել են նաև, թե 2025 թվականի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա՞ր արդյոք։
«Նախ 25 թվականի սկզբին կար նաև Միացյալ Նահանգների ինտենսիվ ներգրավման մղում, նշեցի վարչապետ Փաշինյանի և փոխնախագահ Վենսի հանդիպումը, և դրանով Միացյալ Նահանգների հետաքրքրությունը էլ ավելի էր ավելացել տարածաշրջանում»,- ասել է նա։
Հարցազրուցավարը ճշտել է՝ արդյոք նա չի հերքում, որ այդ ժամանակ պատերազմի վերսկսման սպառնալիք կար։
«Ես ներկայացրել եմ այն, ինչ կար»,- պատասխանել է Գրիգորյանը։












