Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Մոլդովայի ոստիկանությունը Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալել է ադրբեջանցի տղամարդու։ Լուսանկարը՝ Մոլդովայի ոստիկանություն։
Մոլդովայի ոստիկանությունը սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ ձերբակալել է Ադրբեջանի 49-ամյա քաղաքացու, որը կասկածվում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության համար տեղեկություններ հավաքելու մեջ։
Իրավապահների հաղորդմամբ՝ անունը չհրապարակված տղամարդուն ձերբակալել են երկրի մայրաքաղաք Քիշնևում՝ «երկրում գտնվող ռազմական օբյեկտների, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում ԱՄՆ-ին պատկանող օբյեկտների մասին» տեղեկություններ հավաքելու կասկածանքով։ Պետական Moldpress լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տղամարդը «ենթադրաբար հավաքագրվել է 2026-ի օգոստոսին և, քննիչների տվյալներով, նախապատրաստվում էր Մոլդովայում և Ուկրաինայում դիվերսիոն գործողություններ իրականացնելուն»։
Սա Մոլդովայում Ռուսաստանի օգտին ենթադրյալ լրտեսության և միջամտության վերջին դեպքն է։ Ռուսաստանի հետ երկրի հարաբերությունները վատթարացել են Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Այս տարվա մարտին դատական գործերից մեկում պնդվում էր, որ Ռուսաստանի հետ կապվող մեծ ցանցն օգտագործվել է գործակալների հավաքագրման ու պատրաստման համար՝ Մոլդովան և եվրոպական այլ երկրներ ապակայունացնելու ծրագրերով։ Մոսկվան նախկինում հերքել է միջամտության վերաբերյալ մեղադրանքները։
Ոստիկանության տվյալներով՝ ադրբեջանցի կասկածյալի բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել է բջջային հեռախոս, որում հայտնաբերված տվյալները վկայում են մի անձի հետ կապերի մասին, որը, ըստ ենթադրության, ներկայացել է որպես Անվտանգության ծառայության աշխատակից։ Իշխանությունների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները տղամարդուն ուժով դուրս բերում մեքենայից և ձերբակալում Քիշնևի փողոցներից մեկում։
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ ձերբակալել է Մոլդովայի քաղաքացու՝ ռուս բարձրաստիճան զինվորականին սպանելու փորձի կասկածանքով։ Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ 21-ամյա տղամարդուն հավաքագրել էր Ուկրաինան, և նա առնվազն վեց կրակոց էր արձակել անունը չհրապարակված սպայի ուղղությամբ, որը շարունակում է մնալ հիվանդանոցում։
Մոլդովայի ոստիկանությունը անունը չհրապարակված Ադրբեջանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրել տեղեկությունների չարտոնված հավաքագրման համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Հետաքննությունը շարունակվում է։












