Գլխավոր Լրահոս

Կադիրովը ընտրություններից առաջ ուժայիններին կոչ է արել «տնից տուն գնալ» և վերահսկել բնակիչներին

Կադիրովը ընտրություններից առաջ ուժայիններին կոչ է արել «տնից տուն գնալ» և վերահսկել բնակիչներին

Կադրը՝ տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետության ուժային կառույցների ղեկավարներին կոչ է արել ուժեղացնել իշխանությունների կողմից կասկածելի համարվող բնակիչների նկատմամբ վերահսկողությունը։ Նա նաև քննադատել է երիտասարդ տղամարդկանց՝ երկար մորուք պահելու և տաբատի փողքերը վեր ծալելու, իսկ կանանց՝ «քողեր» կրելու համար։

Սեպտեմբերի 9-ին Կադիրովն ասել է, որ ուժայինները պետք է ուշադրություն դարձնեն այն մարդկանց, որոնք, իր կարծիքով, կարող են վտանգ ներկայացնել կամ «անցանկալի» հայացքներ ունենալ։ Նա իրավապահներին կոչ է արել «տնից տուն գնալ» և ստուգել կասկածելի բնակիչներին։ Կադիրովը չի հստակեցրել, թե բնակիչների ինչ գործողությունները կարող են բավարար հիմք համարվել ուժայինների այցի կամ ձերբակալության համար։

«Ազատություն»-ը Կադիրովի խոսքերը թարգմանել է չեչեներենից։ Նրա խոսքով՝ որոշ «շեյթաններ»՝ իսլամական աստվածաբանության մեջ չար ոգիներ, ենթադրաբար սադրանքներ են նախապատրաստում ընտրարշավի ընթացքում։

«Յուրաքանչյուր աշխատակից գիտի, որ պատասխանատու է ոչ միայն իր, այլև հանրապետության յուրաքանչյուր ներկայացուցչի համար։ Ինչպես գիտեք, մենք հաղթել ենք ահաբեկչությանը։ Բայց նրանք վախենում են, որ մեր ժողովուրդը միասնական կլինի, որ Չեչնիայում միասնություն ու համերաշխություն կլինի, որ համերաշխություն կլինի նաև հեռացածների հետ [...]։ Որոշ հեռացածներ հիմա արտասահմանում են։ Այդ շեյթանները չարիք են տարածում, այստեղ մեր երիտասարդներին սովորեցնում են՝ «մեկին դանակահարել, մյուսին կրակել» [...]։ Այսօր հատկապես Արևմուտքը, Եվրոպան և ՆԱՏՕ-ն են մեզ ատում։ Նրանք սադրում են, որպեսզի մեր հանրապետությունում խաղաղություն և համերաշխություն չլինի»,- ասել է Կադիրովը՝ իր պնդումները հիմնավորող ապացույցներ չներկայացնելով։

Կադիրովը նաև նպատակային ստուգումներ իրականացնող ուժայիններին կոչ է արել սպառնալ ընտանիքներին։ Նրա խոսքով՝ եթե որևէ մեկի որդին «ինչ-որ բան անի», դրա համար պատասխանատվություն կկրի ընտանիքը։

Իշխանություններին ընդդիմանալու մեջ կասկածվող անձանց հարազատներին նրանց գործողությունների համար պատասխանատու համարելու պրակտիկան Չեչնիայում գործում է արդեն երկար տարիներ։

Կադիրովը նախկինում ևս կոչ է արել կոլեկտիվ պատժի ենթարկել նրանց հարազատներին, ում իշխանությունները ընդդիմախոս են համարում։ Օրինակ՝ 2025-ի ապրիլին Աչխոյ-Մարտանում ոստիկանների վրա հարձակումից հետո նա հրահանգեց Չեչնիայից արտաքսել ընդդիմադիր NIYSO շարժման առաջնորդների հարազատներին և հարձակվողի ընտանիքին, ինչպես նաև բռնագրավել նրանց ունեցվածքը։

Սեպտեմբերի 9-ի նույն ելույթում Կադիրովը խոսել է նաև երիտասարդ տղամարդկանց արտաքին տեսքի մասին։ Նրա խոսքով՝ հանրապետությունում շատ երկար մորուք պահելու և տաբատի փողքերը վեր ծալելու նորաձևություն է տարածվել։ Նա տղամարդկանց կոչ է արել «կարճացնել մորուքները» և դրանք պահել «կրոնին համապատասխան»։

Կադիրովը նաև կանանց հորդորել է հագնվել իսլամական նորմերին համապատասխան և չընդօրինակել արաբական հագուստի ոճերը։ Մասնավորապես, նա քննադատել է «քողերի» կրումը՝ ասելով, որ Չեչնիայում կանայք «երբեք նիկաբ չեն կրել»։

Սա առաջին դեպքը չէ, երբ Կադիրովը մեկնաբանում է չեչեն կանանց հագուստը։ 2024-ին, երբ Ռուսաստանում քննարկվում էր նիկաբի հնարավոր արգելքը, նա պաշտպանեց մուսուլման կանանց՝ հիջաբ կրելու իրավունքը, սակայն միաժամանակ ասաց, որ դեմքն ամբողջությամբ ծածկող քողը Չեչնիայում ավանդական չէ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում