Գլխավոր Լրահոս

Ըստ վրացի ակտիվիստի՝ իրեն մեղադրանք է առաջադրվել Մարգարիտա Սիմոնյանին վիրավորող գրառման համար

Թոռնիկե Ռազմաձեն

Թոռնիկե Ռազմաձեն

Կադրը՝ TV Pirveli-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրացի ակտիվիստ Թոռնիկե Ռազմաձեն պնդում է, որ Ներքին գործերի նախարարությունը դատարան է դիմել սոցիալական ցանցում ռուս քարոզիչներ Մարգարիտա Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի հասցեին իր գրած հայհոյանքի պատճառով։ ՆԳՆ-ն, սակայն, հայտարարել է, որ գործը վերաբերում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հասցեին վիրավորանքին, որը նույնպես երևում էր այն տեսանյութում, որի տակ Ռազմաձեն թողել էր մեկնաբանությունը։

Ռազմաձեի խոսքով՝ իր նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել օգոստոսի 18-ին հրապարակած տեսանյութի տակ Facebook-ում գրած մեկնաբանության պատճառով։ Տեսանյութում նա անդրադարձել էր Սիմոնյանի հեռուստաելույթին, որում նա ասել էր, թե 18-րդ դարի վրաց արքա Էրեկլե 2-րդը «ծնկի եկած» դիմել է Ռուսաստանին և խնդրել իրեն ընդունել։ Սիմոնյանը նաև հայտարարել էր, որ ապագայում կհայտնվեն «նոր Էրեկլե թագավորներ», որոնք նույնպես «ծնկի եկած» կդիմեն Մոսկվային։

Տեսանյութում Սիմոնյանի խոսքերը համեմատվում էին վարչապետ Կոբախիձեի՝ Գեորգիևսկի պայմանագրի մասին հայտարարությունների հետ։ Այդ պայմանագիրը Ռուսական կայսրության հետ կնքվել էր Էրեկլե 2-րդի օրոք։ Ռազմաձեի պնդմամբ՝ Կոբախիձեի հռետորաբանությունը շատ նման է ռուս քարոզչի հռետորաբանությանը։

«Ծնկների վրա ձեր մերը ք***եմ»,- իր տեսանյութի տակ հրապարակման օրը գրել էր Ռազմաձեն, որը Facebook-ում գրեթե 100 հազար հետևորդ ունի։

Ավելի քան երեք շաբաթ անց Ռազմաձեն մեկ այլ տեսանյութում իր հետևորդներին ասել է, որ հենց այս մեկնաբանության պատճառով է իր դեմ գործ հարուցել ՆԳՆ-ի կազմում հունիսին ստեղծված ստորաբաժանումը, որը պաշտոնապես զբաղվում է ատելության խոսքի դեմ պայքարով։ Այդ ստորաբաժանումն արդեն սոցիալական ցանցերում օգտագործված արտահայտությունների պատճառով հարյուրավոր գործեր է ուղարկել դատարաններ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ տուգանվել են, իսկ ոմանք՝ ձերբակալվել։

«Խնդիրն այն ուղերձն է, որը «Վրացական երազանքը» սրանով մեզ է փոխանցում, այն է՝ պարզվում է, մեզ չի թույլատրվում ռուս քարոզիչներին վիրավորող բաներ ասել»,- ասել է նա։

Ռազմաձեի հայտարարությունը տարածվել է սոցիալական ցանցերում, այն լուսաբանել են գրեթե բոլոր անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցները։

«Փաստ է, որ [իմ դեմ բողոք են ներկայացրել] Սիմոնյանին ու Սոլովյովին ուղղված մեկնաբանության պատճառով»,- ավելի ուշ OC Media-ին ասել է ակտիվիստը՝ նկատի ունենալով ռուս մեկ այլ քարոզիչ Վլադիմիր Սոլովյովին, որը նույն ստուդիայում էր, երբ Սիմոնյանն արել էր վրաց թագավորի մասին իր հայտարարությունները։

Ներքին գործերի նախարարությունը մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ OC Media-ին հայտնել է, որ Ռազմաձեի և մեկ այլ ակտիվիստ՝ Անա Բդեիանիի նկատմամբ վարույթ է սկսվել Կոբախիձեին վիրավորելու համար։

Նախարարության հաղորդմամբ՝ ակտիվիստների նկատմամբ վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքի երկու հոդվածով՝ մանր խուլիգանություն (166-րդ հոդված) և պետական-քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին վիրավորելը։ Վրաստանի դատարաններն այս երկու դրույթներն օգտագործել են հրապարակային հայտարարությունների համար մարդկանց պատժելու նպատակով։

Սակայն Ռազմաձեի հրապարակած գործի նյութերի մի հատվածում, որն, ըստ ամենայնի, կազմել է նախարարությունը, նշվում է միայն մեկ իրավախախտում՝ մանր խուլիգանությունը։ Այս հանգամանքը հարցեր է առաջացրել, թե եթե ակտիվիստին իսկապես պատասխանատվության են ենթարկում Կոբախիձեին վիրավորելու համար, ինչու արձանագրությունում չի նշվել երկրորդ՝ 173-րդ հոդվածը, որը սովորաբար կիրառվում է պաշտոնատար անձանց վիրավորելու գործերով։

Նախարարությունը դեռ չի պատասխանել այս հարցի վերաբերյալ OC Media-ի լրացուցիչ հարցմանը։

Ռազմաձեի դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին։

Ռազմաձեի գործին անդրադարձել են նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դրա հետ կապվող շրջանակների ներկայացուցիչները՝ պնդելով, որ գործը վերաբերում է միայն Կոբախիձեին և որևէ կապ չունի ռուս քարոզիչների հետ։

«Նա պնդում է, թե իրեն պատժում են ռուս քարոզչին վիրավորելու համար, և հիմա իրեն ներկայացնում են որպես նահատակ հերոս»,- գործը մեկնաբանելիս ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում