Ապամոնտաժվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի Սևանի առանձնատան պարիսպը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում, ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը, իսկ առանձնատան վերաբերյալ Դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում»,- ասված է Դատախազության հայտարարության մեջ:
Առանձնատնից բացի, Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ:
Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025-ի դեկտեմբերից մինչև 2026-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:











