«Անկարան գոհունակությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնության հասնելու քայլերին». սեպտեմբերի 15-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջնականացմամբ նոր համագործակցության ժամանակաշրջան կմեկնարկի մեր տարածաշրջանում», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆիդանը Հարավային Կովկասի առաջընթացը պայմանավորել է հաղորդակցությունների, էներգետիկ ու տնտեսական համագործակցության հեռանկարով, որի հարցում առանձնացրել է Թուրքիայի ու Ադրբեջանի միասնական դերը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, որն իր հերթին ընդգծել է Հարավային Կովկասի հարցերում Թուրքիայի հետ սերտ համագործակցության հանգամանքը, խոսել է հայ-ադրբեջանական վերջին զարգացումների մասին։
«[Իմ գործընկերոջը] տեղեկացրի Վաշինգտոնյան համաձայնություններից մեկ տարի անց դրական փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մտքեր փոխանակեցինք հնարավոր քայլերի մասին, որոնք կծառայեն Հարավային Կովկասում երկարաժամակետ խաղաղությանը», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորել են նաև հաղորդակցությունների թեման և լրագրողներին տեղեկացրել Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին ու Թուրքիայի միացնող երկաթուղու աշխատանքների ընթացքի մասին։
Ըստ Ֆիդանի՝ Կարս-Դիլուջու (մինչև Նախիջևանի սահման) երկաթուղու կառուցման ավարտը նախանշված է մինչև 2029-ը թվականը, իսկ Բայրամովի խոսքերով՝ մինչև 2027-թվականը կավարտվեն Ադրբեջանի հիմնական մասից մինչև Հայաստանի սահման կառուցվող երկաթուղու և ավտոճանապարհի շինարարության աշխատանքները։
«Այդ համատեքստում շատ կարևոր է TRIPP նախագիծը, որի աշխատանքների վերաբերյալ ամերիկացի գործընկերները մեզ պարբերաբար տեղեկացնում են։ Ըստ վերջին տեղեկության՝ բուն շինարարությունը [Հայաստանի տարածքում] կմեկնարկի 2027-ի սկզբներին», - հայտարարել է Բայրամովը։
Թուրքիայի արտգործնախար Հաքան Ֆիդանը Ադրբեջան է ժամանել երկօրյա այցով՝ սեպտեմբերի 15-ից 16-ը, և նախքան իր գործընկեր Բայրամովի հետ հանդիպումը, հյուրընկալվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ադրբեջանում, Ֆիդանը ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև անվտանգային, ռազմական, տնտեսական և այլ բնույթի հարցեր, որոնք ըստ երկու երկրների պաշտոնյաների՝ բխում են Շուշիի հռչակագրի դրույթներից։ Փաստաթուղթը, որը կնքել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից ամիսներ անց՝ հունիսի 15-ին, դաշնակացային հարաբերություններ է սահմանում երկու երկրների միջև։











