Գլխավոր Լրահոս

Չորս տարի՝ երեխայի հետ ֆերմայում. զրո աշխատավարձ, վերահսկողություն, բռնություն

Չորս տարի՝ երեխայի հետ ֆերմայում. զրո աշխատավարձ, վերահսկողություն, բռնություն

Գևորգ Թոսունյան, Հայկ Ղազարյան

2021-ի ամռանը Մերի Հարությունյանն ու նրա անչափահաս որդին՝ 10-ամյա Գոռը, աշխատանքի են անցել, Մերիի խոսքով, Տաթև վարչական համայնքի ղեկավար Գոռ Մինասյանի ֆերմայում։ Մերիի պատմելով՝ սկզբում աշխատանքի պայմանները իրեն ընդունելի էին թվում, սակայն հետագայում աշխատանքը վեր է ածվել շահագործման․ նա աշխատել է առանց վարձատրության, սահմանափակված է եղել իր տեղաշարժը, իսկ որդին ստիպված է եղել ոչխարներ պահել՝ դպրոց հաճախելու փոխարեն: Ֆերմայի աշխատակիցներից մեկը որդուն ենթարկվել է բռնության՝ ոտքն են կոտրել։ Մերին ունի ևս երեք անչափահաս երեխա։ Գոռ Մինասյանի փաստաբան Արտակ Նավասարդյանն էլ ՍիվիլՆեթի հետ զրույցում հերքեց Մերի Հարությունյանի և նրա որդու՝ Գոռ Մինասյանի ֆերմայում աշխատելու և այնտեղ շահագործվելու մասին պնդումները։ Նրա խոսքով՝ Մինասյանին Մերի Հարությունյանի վերաբերյալ որևէ մեղադրանք չի ներկայացվել։

Մերի Հարությունյանն ու որդին ֆերմայում ապրել են չորս տարի։ Տարածքը, նրա նկարագրմամբ, մեկուսացված է եղել բնակավայրից, իսկ ֆերմայում տեղադրված տեսախցիկների միջոցով իրենց մշտապես հետևել են։ Կինը պատմում է նաև ֆիզիկական բռնության, սպառնալիքների, անձնագրի և հեռախոսի նկատմամբ վերահսկողության մասին։ Նրա խոսքով՝ խուզարկության ժամանակ Գոռ Մինասյանի տնից իրավապահները հայտանաբերել են իր հեռախոսն ու փաստաթղթեր։

Մերին պատմում է, որ ինքը մի քանի անգամ փորձել է փախչել ֆերմայից, սակայն չի կարողացել։ Վերջնականապես այնտեղից դուրս է եկել այն ժամանակ, երբ Գոռ Մինասյանը տնային կալանքի տակ էր՝ այլ վարույթով։ Մեր նկարահանումների ժամանակ ևս Գոռ Մինասյանը տնային կալանքի տակ էր, սակայն հարցումը ուղարկելուց հետո պարզեցինք, որ նա թրաֆիքինգի գործով կալանավորվել է սեպտեմբերի 15-ին։

Կինը դիմել է իրավապահներին, հարցաքննվել։ Հիմա նա հայցում է պաշտպանություն ու պահանջում է Գոռ Մինասյանից չորս տարվա իր աշխատավարձը, որն այդպես էլ չի տեսել։ Ընտանիքն աղքատ է, և հենց հանգամանքն է ստիպել նրան անչափահաս որդու հետ անցնել աշխատանքի Մինասյանի մոտ։ Հարցին, թե ինչու չի բարձրաձայնել բռնության մասին, ասում է, որ վախեցել է. վարչական ղեկավարն ունի կապեր ու ազդեցություն։

Գոռ Մինասյանի վերաբերյալ հանրային տիրույթում հնարավոր է որոշ տեղեկություններ գտնել հիմնականում նրա հետ կապված քրեական վարույթների վերաբերյալ։ Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ նա անցնում է մի խումբ անձանց կողմից կազմակերպված սպանության փորձի քրեական վարույթով։

Գոռ Մինասյանը մեկ այլ քրեական գործով՝ որպես մեղադրյալ, լուսանկարը՝ Առավոտի։
Գոռ Մինասյանը մեկ այլ քրեական գործով՝ որպես մեղադրյալ, լուսանկարը՝ Առավոտի։

Ըստ մեղադրանքի՝ Գոռ Մինասյանը կազմակերպել և ղեկավարել է Կարո Մարտիրոսյանին ապօրինաբար կյանքից զրկելու փորձը։ Այդ նպատակով նա հավաքագրել է իր եղբայրներին, մտերիմներին և այլ անձանց։ Հենց այս գործով էլ Մինասյանը եղել է տնային կալանքի տակ։

«Ես ձեզ ամեն ինչով կապահովեմ, մենակ ինձնից փող մի ուզեք»

Մերի Հարությունյանի խոսքով՝ ֆերմայում իր աշխատանքը ներառում էր կենդանիների խնամք, կթում և գոմերի մաքրում։

«Ասում է՝ պետք է ապրանք կթես, ապրանք հավաքես, ոչխար կթես։ Ասացի՝ այդքանը չեմ կարողանում միաժամանակ անել։ Հետո ասաց, որ պիտի անպայման մի գործ էլ անեմ»,- հիշում է նա։ 

Կինն ասում է՝ իրեն աշխատանքի ողջ ընթացքում աշխատավարձ չեն վճարել։

«Ինձ գումար չէր տալիս։ Ասում էր, որ ինքը հագուստով ու ուտելիքով մեզ կապահովի, մենակ իրենից փող չուզենք»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Նա նշում է, որ ֆերմայում իր աշխատանքի ընթացքում խնամել է շուրջ 63 գլուխ անասուն։ Աշխատավարձ չստանալու պայմաններում տարիներ շարունակ աշխատելը իր և ընտանիքի համար լուրջ խնդիր է ստեղծել։

«Չորս տարի ու մի քանի ամիս ես այնտեղ աշխատել եմ, չէ՞ որ պիտի իմ գումարը տա, որ ես իմ երեխաներին ապահովեմ։ Ինչո՞ւ պիտի 100 հազար դրամ վարձ տամ, որ ապրեմ։ Հիմա իմ տունը կունենայի, երեխաներս ապահովության մեջ կապրեին, այս պայմաններում չէի ապրի»,- նշում է նա։

Ֆերման Տաթև համայքից հեռու է եղել, և այնտեղ մարդիկ գրեթե չեն այցելել։ Մերրիի խոսքով՝ բացի անասուններին խնամելուց, օգնել է կառուցել նաև գյուղից դեպի Աղվանի ճանապարհի վրա գտնվող «Տաթև» սննդի կետի շենքը։ ՍիվիլՆեթը պարզեց, որ այս սննդի կետի հողամասի սեփականատերը հենց Գոռ Մինասյանն է։ Իրավունքը գրանցվել է  2022-ին, բայց շինությունը կառուցվել է 2022-2025թթ. ընթացքում՝ նույն ժամանակահատվածում, որը մատնանշում էր Մերին։

Երեխան՝ դպրոցից դուրս, ոչխարների հետ

Մերիի որդին ձևականորեն շարունակում էր համարվել Տաթևի դպրոցի աշակերտ, սակայն դասերին կանոնավոր չէր հաճախում։

«Մեծ երեխաս 14 տարեկան է։ Դպրոց գնալու փոխարեն, ոչխար էր պահում, դպրոց չէր թողնում։ Ասում էր՝ «Դու գնա ոչխար պահիր, դպրոցում ի՞նչ ես անելու»»,- ասում է նա։

Որդին մեզ պատմեց, որ ինքը ֆերմայում հիմնականում ոչխարներ է արածեցրել։ Աշխատանքը հաճախ սկսվել է գիշերային ժամերին։ Եղել են դեպքեր, երբ կյանքը վտանգի տակ է հայտնվել։

«Գիշերը ժամը չգիտեմ քանիսին ասում էր (նկատի ունի Գոռ Մինասյանին - խմբ․)․ «Արի ոչխար պահիր»։ Ես չէի ուզում։ Տանում էի ոչխարին սարերը պահելու, ցրվում էին, այնպիսի եղանակ էր լինում, մի քիչ ամպամած, անձրևի տակ էի մնում։ Որ ոչխարը չփախչեր, կողքին նստում էի, թրջվում։ Շորերս փոխում էի, որ չհիվանդանայի, բայց հիվանդացել էի։ Հաց չէի ուտում, մայրս էր համոզում, որ հաց ուտեմ»,- հիշում է երեխան։

Գոռի խոսքով՝ ֆերմայում աշխատելու ընթացքում կոտրվել է նրա ոտքը, որի համար մայրն ու որդին մեղադրում են ֆերմայի մեկ այլ աշխատակցի՝ Վիլենին։

«Ոտքս բարձրացրեց ու ջարդեց։ Ասում եմ՝ ինչո՞ւ ջարդեցիր, բան չի պատասխանում»։

Մայրն էլ հիշում է, որ այդ դեպքից հետո ոստիկաններ են եկել ֆերմա, երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն և ոտքի մեջ երկաթ են տեղադրել։ Նա պնդում է, որ այդ պահին Գոռ Մինասյանը իրեն վախեցրել է, որ ոստիկաններին չպատմի կատարվածի մասին։

«Մի քանի անգամ փորձել եմ փախչել, բռնել ու հետ են ուղարկել»

Մերի Հարությունյանը ֆերմայից դուրս գալու 3 փորձ է կատարել։

«Առաջին անգամ, որ ուզեցի փախչել, մառախուղ էր, տարածքը չէր երևում․ մտածում էի՝ ոնց անեմ՝ փախչեմ, չէի ուզում մնալ, բայց բռնվեցի։ Մի քանի անգամ փորձել եմ փախչել, անգամ զանգել էի ծնողիս, չէր թողնում»։

Ֆերմայից դուրս գալու իր հնարավորությունները սահմանափակվել են նաև անձնագրի և հեռախոսի նկատմամբ վերահսկողությամբ։

Վերջին օրը

Ֆերմայից հեռանալու հնարավորություն վերջնականապես առաջացել է այն ժամանակ, երբ Գոռ Մինասյանը տնային կալանքի տակ էր։ Մերին պատմում է, որ վերջին օրերին հերթական վեճից հետո իրեն հարվածել և վիրավորել են։

«Հակաճառեցի, ասացի․ «Չեմ անում․ գումարս տալի՞ս ես, որ անեմ․ չեմ անում»։ Սկսեց ծեծել, ես էլ ասացի․ «Դե որ խփում ես, կթողնեմ, կգնամ»»,- պատմում է Մերի Հարությունյանը։

Այդ օրը նա կարողացել է կապ հաստատել մոր հետ՝ մեկ այլ մարդու հեռախոսով։

«Սովորական անծանոթ մարդու հեռախոսով զանգեցի մայրիկիս, եղբայրս եկավ, ինձ տարավ այնտեղից։ Այդ պահին, երբ եղբայրս եկավ, ինքն արդեն փակի տակ էր»,- ասում է նա։ 

Ֆերմայից դուրս գալուց հետո Մերի Հարությունյանը փորձում է վերականգնել իր կյանքը և ապահովել երեխաներին։

«Ես ընդամենը իրենից իմ գումարն եմ ուզում, չեմ ուզում վարձով ապրել։ Ես իմ երեխաների ապրուստն եմ ուզում հոգալ։ Ինչ որ պետք է անեմ, երեխաներիս դպրոց եմ ուղարկում, ուզում եմ ամեն ինչ իր կարգուկանոնով լինի»,- ասում է նա։

ՔԿ-ն հաստատում է՝ կա վարույթ

ՀՀ քննչական կոմիտեից ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հունիսի 28-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է հարուցվել մարդու թրաֆիքինգի և հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով): Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում:

Ըստ կոմիտեի՝ քրեական վարույթով քննության առարկա են դարձել Սյունիքի մարզի Տաթև վարչական շրջանի նախկին ղեկավարի գործողությունները, այդ թվում՝ Մերիին ու որդուն շահագործման ենթարկելու վերաբերյալ: Այսինքն՝ շահագործման այլ դեպքեր ևս եղել են։

Գոռ Մինասյանի փաստաբանը պնդում է, որ Մերի Հարությունյանը ֆերմայում չի եղել

Գոռ Մինասյանի փաստաբան Արտակ Նավասարդյանը հերքում է Մերի Հարությունյանի և նրա որդու՝ Գոռ Հարությունյանի՝ Գոռ Մինասյանի ֆերմայում աշխատելու և այնտեղ շահագործվելու մասին պնդումները։ Նրա խոսքով՝ Մինասյանին Մերի Հարությունյանի վերաբերյալ որևէ մեղադրանք չի ներկայացվել։

«Ինչ վերաբերում է ձեր նշած անձին, որ իրեն ենթադրաբար թրաֆիքինգի է ենթարկել Մինասյանը, նման հանգամանքը ևս հերքում ենք, ու այդ մասով որևէ մեղադրանք նույնիսկ Գոռ Մինասյանին չի ներկայացվել»,- ասաց Նավասարդյանը։

Նա նշեց, որ Մինասյանը ներկայում կալանավորված է մեկ այլ անձի՝ Վիլեն Սահակյանի նկատմամբ ենթադրյալ թրաֆիքինգի մեղադրանքով (այն նույն անձն է, որը, ըստ Մերի Հարությունյանի, կոտրել է որդու ոտքը - խմբ․)։ Փաստաբանը, սակայն, այդ մեղադրանքն էլ անհիմն է համարում և ասում է, որ պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է իր անմեղությունը հիմնավորող ապացույցներ։

Փաստաբանը նաև հաստատեց, որ Գոռ Մինասյանը ֆերմա ունի Տաթև համայնքում և, իր խոսքով, մինչ օրս զբաղվում է այնտեղ անասնապահությամբ։

Նավասարդյանի խոսքով՝ պաշտպանական կողմը հարցաքննել է ֆերմայի ներկա և նախկին աշխատակիցներին։ Ըստ փաստաբանի՝ ներկայում աշխատողներն ասել են, որ իրենց կամքով են աշխատում և գոհ են աշխատանքից, իսկ նախկին աշխատակիցները նշել են, որ երբ չեն ցանկացել շարունակել աշխատանքը, պարզապես դադարեցրել են այն։

«Այդտեղ որևէ անձի նկատմամբ որևէ ստիպողական բան չի եղել»,- ասաց նա։

Մերի Հարությունյանի պնդումը, թե Գոռ Մինասյանը իրեն և որդուն չորս տարի աշխատեցրել է առանց վարձատրության, Նավասարդյանը չի ընդունում։ Նրա խոսքով՝ Մինասյանը «միանշանակ չի ընդունում» մեղքը։

Մերի Հարությունյանի որդու՝ Գոռի ոտքը ֆերմայի աշխատակից Վիլեն Սահակյանի կողմից կոտրելու մասին փաստաբանը նույնպես որևէ տեղեկություն չուներ։ Փաստաբանն ասաց, այսօր Գոռ Մինասյանը կալանավորվել է հենց Վիլեն Սահակյանի նկատմամբ ենթադրյալ թրաֆիքինգի ենթարկելու վարույթով

Մեկուսացված վայրերում շահագործման բացահայտման համար անհրաժեշտ են հանկարծակի ստուգումներ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, թրաֆիքինգի հարցերով փորձագետ Դավիթ Թումասյանի խոսքով՝ հեռավոր և մեկուսացված վայրերում, մասնավորապես, ֆերմաներում աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտման հարցում լուրջ խնդիրներ կան։ Նրա գնահատմամբ՝ այստեղ առանցքային նշանակություն ունեն հանկարծակի և համակարգված այցելությունները։

«Երբ տեսուչների թվաքանակը բավարար չէ, հնարավոր չի լինում միանգամից ստուգել այն բոլոր տարածքները, որտեղ հավանական է անձանց շահագործումը»,- ասում է Թումասյանը։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, թրաֆիքինգի հարցերով փորձագետ Դավիթ Թումասյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, թրաֆիքինգի հարցերով փորձագետ Դավիթ Թումասյան

Նա կարծում է, որ հատկապես մարզերում մեծ թվով ֆերմաների առկայության պայմաններում կարևոր է, որ ստուգումները հնարավորինս արագ և միաժամանակ իրականացվեն մի քանի տարածքներում։ Հակառակ դեպքում ֆերմայի սեփականատերը, տեղեկանալով հարևան տնտեսությունում իրականացվող ստուգման մասին, կարող է թաքցնել հավանական զոհերին կամ այլ գործողություններով կանխել նրանց հայտնաբերումը։

Թումասյանն ասում է, որ թրաֆիքինգի դեպքում հանցագործները հաճախ հոգեբանական ներգործության և սպառնալիքների միջոցով վախի մթնոլորտ են ձևավորում՝ երբեմն նույնիսկ պնդելով, թե կապեր ունեն ոստիկանությունում, ԱԱԾ-ում կամ այլ ուժային կառույցներում։

Թրաֆիքինգի արձանագրված դեպքերի թիվը վերջին տարիներին աճել է

ՀՀ դատախազության տարեկան հաղորդումների տվյալներով՝ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի արձանագրված դեպքերի թիվը վերջին տարիներին աճել է։ 2021-ին արձանագրվել է 7 դեպք, 2022-ին՝ 8, 2023-ին՝ 19, իսկ 2024-ին՝ 36 դեպք, իսկ 2025-ին նվազում է եղել՝ 24 դեպք։ 

Այսինքն՝ 2022-2025 թվականներին արձանագրված դեպքերի թիվը ավելի քան եռապատկվել է։ Միևնույն ժամանակ, դատախազության հաղորդումներում աշխատանքային թրաֆիքինգը առանձին կատեգորիայով չի ներկայացվում, ուստի այս թվերից հնարավոր չէ առանձնացնել հենց աշխատանքային շահագործման դեպքերի քանակը։

Դատախազության տվյալները, սակայն, ցույց են տալիս ոչ միայն դեպքերի արձանագրման աճը, այլև այն, որ թրաֆիքինգի որոշ դեպքեր բացահայտվում են այն ժամանակ, երբ սկզբում դրանք քննվում են այլ հանցագործությունների շրջանակում։ Օրինակ՝ 2023-ի հաղորդման համաձայն՝ ընտանիքում բռնության կրկնվող դեպքի վերաբերյալ քննվող վարույթի ուսումնասիրության արդյունքում հսկող դատախազը պարզել էր, որ իրականում անօգնական վիճակում գտնվող երեխայի նկատմամբ տեղի է ունեցել թրաֆիքինգ։ Դրանից հետո քրեական հետապնդումը հարուցվել էր արդեն թրաֆիքինգի հոդվածով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում