Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը ցանկանում է թալիշ ակտիվիստ Իգբալ Աբիլովին տեղափոխել խիստ ռեժիմի բանտ

Թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովը

Թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են բանտարկված թալիշ ակտիվիստ Իգբալ Աբիլովին երեք տարով տեղափոխել խիստ ռեժիմի բանտ։ Իշխանությունների պնդմամբ՝ Աբիլովը, որը 2025-ին տարբեր մեղադրանքներով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, բանտում խախտումներ է թույլ տվել, որոնք նրան այլ ռեժիմի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հիմք են տալիս։

2025-ի մայիսին Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանը Աբիլովին դատապարտել է 18 տարվա ազատազրկման մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ պետական դավաճանության, հեղաշրջման կոչերի և ատելության խոսքի համար։ Բելառուսում բնակվող հետազոտողին ձերբակալեցին 2024-ի հուլիսին, երբ նա Ադրբեջանում այցելում էր հարազատներին։ Նրա ձերբակալությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները հրապարակումներ տարածեցին՝ պնդելով, թե նա համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ։

Միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները Աբիլովին քաղբանտարկյալ են համարում։

Տե՛ս նաև՝ Թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովը հայտարարել է, որ Բաքվի մեկուսարանում խոշտանգումների է ենթարկվել

Իգբալ Աբիլովի իրավունքների պաշտպանության կոմիտեն հայտարարել է, որ նա քաղաքական գործունեությամբ չի զբաղվել և կենտրոնացած է եղել բացառապես գիտական հետազոտությունների ու մշակութային ժառանգության պահպանման վրա։

Կոմիտեի հաղորդմամբ՝ դատական նիստի ընթացքում Քրեակատարողական ծառայության թիվ 12 բանտի վարչակազմը հայտարարել է, որ Աբիլովը խախտել է բանտային կանոնները և ներկայացրել 22 էջանոց զեկույց, որտեղ մանրամասն նկարագրված են ենթադրյալ խախտումները։

Պաշտպանական կողմը, սակայն, հայտնել է, որ ո՛չ Աբիլովը, ո՛չ նրա փաստաբանը նախապես տեղեկացված չեն եղել զեկույցում նշված ենթադրյալ խախտումների կամ կարգապահական տույժերի մասին։ Փաստաթուղթը մինչև դատական նիստը պաշտպանական կողմին չէր տրամադրվել։ Քրեակատարողական ծառայությունը մեկնաբանության հարցմանը չի պատասխանել։

«Դատական նիստի ընթացքում բանտի վարչակազմը ներկայացրեց 22 էջանոց զեկույց՝ Իգբալ Աբիլովի կողմից բանտային կանոնների ենթադրյալ խախտումների և նրա նկատմամբ կիրառված տույժերի վերաբերյալ։ Սակայն ո՛չ Աբիլովը, ո՛չ նրա փաստաբանը նախապես տեղեկացված չէին փաստաթղթում նշված խախտումների կամ տույժերի մասին։ Զեկույցը նախապես չէր տրամադրվել պաշտպանական կողմին, որպեսզի նրանք կարողանային ծանոթանալ և ուսումնասիրել այն»,- հայտարարել է կոմիտեն։

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Աբիլովը կալանքի ընթացքում բանտային կանոններ չի խախտել։ Նրանք նաև նշում են, որ պարզ չէ, թե ինչ ապացույցների վրա են հիմնված այդ մեղադրանքները։

Աբիլովի փաստաբանը դատարանին խնդրել է հետաձգել նիստը, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ծանոթանալ փաստաթղթերին և ուսումնասիրել դրանք։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին։

Դատարանը բավարարել է նաև պաշտպանական կողմի միջնորդությունը՝ թույլ տալով Աբիլովին դատավարության ընթացքում թալիշերեն խոսել՝ թարգմանչի օգնությամբ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում