Գլխավոր Լրահոս

Կադիրովի 18-ամյա որդին ցուցադրել է սեփական ուժային ստորաբաժանումը

«Դուստում-13» կենտրոնական բազայի զինծառայողները

«Դուստում-13» կենտրոնական բազայի զինծառայողները

Կադրը՝ տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 18-ամյա որդի Ադամ Կադիրովը 2025-ի նոյեմբերից ունի սեփական ուժային ստորաբաժանում։ «Դուստում-13» կենտրոնական բազան տեղակայված է Կադիրովների տոհմական Ախմատ-Յուրտ գյուղում՝ «Ախմատ» SOBR հատուկ նշանակության ստորաբաժանման տարածքում, և մասնակցում է ուժային կառույցների վարժանքներին ու ճանապարհային ստուգումներին։ Ստորաբաժանումը գործում է դեռ անցյալ տարվանից, սակայն ավելի մեծ ուշադրություն է գրավել այն բանից հետո, երբ ռուսական անկախ Verstka պարբերականը հոդված հրապարակեց Չեչնիայում 18-ամյա Կադիրովի աճող ազդեցության մասին։

Ստորաբաժանման անունը կապված է Ադամ Կադիրովի անձնական բրենդի՝ «Դուստում» մականվան հետ, որը նա ժառանգել է հորից։ Ռամզան Կադիրովը պնդում է, որ այդ մարտական անունն օգտագործել է Չեչենական առաջին պատերազմի ժամանակ՝ իրեն անվանելով աֆղան գեներալ Աբդուլ Ռաշիդ Դոստումի պատվին։ Ադամ Կադիրովի ընկերները կրում են K13 տարբերանշանով հագուստ, իսկ K13-ը նաև նրան պատկանող էներգետիկ ըմպելիքներ արտադրող ընկերության անունն է։

«Ախմատ» SOBR ստորաբաժանման հրամանատար Թիմուր Էդիլովի՝ սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութերում Կադիրովի ստորաբաժանման անդամները մարտավարական և հրաձգային պատրաստություն են անցնում, սովորում են կառավարել անօդաչու թռչող սարքեր, հակազդել դրանց և տարհանել վիրավորներին։ Մասնակիցներից մի քանիսը կրում են թե՛ «Դուստումի», թե՛ «Ախմատ» SOBR-ի տարբերանշաններ։

OC Media-ի հաշվարկով՝ տեսանյութում առնվազն 250 մարդ է երևում, ինչը մոտավորապես համապատասխանում է ռուսական բանակի մեկ գումարտակի թվաքանակին։

«Դուստում-13» կենտրոնական բազայի պաշտոնական կարգավիճակի, լիազորությունների կամ գործունեության իրավական հիմքերի մասին հրապարակային տեղեկություններ չկան։

Առնվազն 2025-ի նոյեմբերից ստորաբաժանման հետ կապվող հաշիվներն ու չեչենական սոցիալական մեդիայի ալիքները հրապարակումներ են անում Կուրչալոյի շրջանում «Դուստում-13» կենտրոնական բազայի իրականացրած ճանապարհային ստուգումների մասին։ Տեսանյութերում ստորաբաժանման աշխատակիցները կանգնեցնում են մեքենաները՝ ստուգելու ապակիների մգեցվածությունը, որն արգելված է Ռուսաստանում։ Միևնույն ժամանակ ստորաբաժանումն ինքն է երթևեկում մգեցված ապակիներով մեքենաներով։

Դեռ մինչև «Դուստում-13»-ի ստեղծվելը Ադամ Կադիրովի ենթակայության տակ արդեն մեկ գումարտակ կար։ Ռուսական անկախ Novaya Gazeta Evropa-ն 2026-ի հուլիսին գրել էր, որ նա 2023-ից վերահսկում է Ռուսաստանի ազգային գվարդիայի՝ Բայսանգուր Բենոևսկու անվան գումարտակը։ Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմին մասնակցելու համար ստեղծված ստորաբաժանումը հիմնականում մնացել է Չեչնիայում։ Դրա զինծառայողները օգտագործում են DUSTUM 95 համարանիշներով մեքենաներ։

Ադամ Կադիրովը Ռամզան Կադիրովի երրորդ որդին է։ Չնայած տարիքին՝ մինչև 18 տարեկանը նա արդեն մի քանի պաշտոն ուներ Չեչնիայի ուժային կառույցներում և «հասել» էր լեյտենանտի կոչման։ 2025-ի ապրիլին նրան նշանակեցին հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։ Մինչ այդ նա դարձել էր հոր անվտանգության ծառայության ղեկավարը և վերահսկողություն էր ստացել մի շարք ուժային կառույցների նկատմամբ, այդ թվում՝ հանրապետության Ներքին գործերի նախարարության, Գուդերմեսի Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի, ինչպես նաև Շեյխ Մանսուրի և Բայսանգուր Բենոևսկու անվան գումարտակների։

Ադամ Կադիրովը հանրային ուշադրության կենտրոնում էր դեռ մինչև հանրապետության ուժային կառույցներում պաշտոններ ստանալը։ 2023-ի սեպտեմբերին նրա հայրը տեսանյութ հրապարակեց, որտեղ այն ժամանակ 15-ամյա Ադամը Գրոզնիի կալանավայրում ծեծում էր Վոլգոգրադի բնակիչ Նիկիտա Ժուրավելին, որը մեղադրվում էր Ղուրանն այրելու մեջ։ Ռամզան Կադիրովը գրել էր, որ իր որդին «ծեծել է նրան և ճիշտ է արել»։ Դրանից հետո Ադամ Կադիրովը սկսեց պետական և գերատեսչական պարգևներ ու նոր պաշտոններ ստանալ։

2023-ի հոկտեմբերին Ադամ Կադիրովին շնորհվեց Չեչնիայի հերոսի կոչում։ 2026-ի հունիսին նա երկրորդ անգամ ստացավ նույն կոչումը։ Երկրորդ պարգևատրման պաշտոնական հիմնավորման մեջ նշվում էին նրա «պետությանը մատուցած բացառիկ ծառայությունները»։

Ժուրավելի հետ միջադեպից հետո Ադամ Կադիրովը պարգևներ ստացավ նաև Թաթարստանի, Կարաչայ-Չերքեզիայի և Կաբարդինո-Բալկարիայի իշխանություններից, ինչպես նաև Չեչնիայի «Դայմեխկան Սիյ» («Ազգի հպարտություն») շքանշանը, կրոնական շքանշաններ և այլ մեդալներ։

2026-ի սկզբին Ադամ Կադիրովն արդեն ավելի քան 20 պարգև և տարբերանշան ուներ։ Դրանց թվում էին Ռուսաստանի ազգային գվարդիայի «Մարտական տարբերության համար» մեդալը, Rosenergoatom-ի «Ատոմակայանների անվտանգության բարձրացման գործում ունեցած ծառայությունների համար» ոսկե մեդալը և Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության 90-ամյակին նվիրված հուշամեդալը։

Տե՛ս նաև՝ Հետաքննություն․ Ադամ Կադիրովի գումարտակը «Ուկրաինա է մեկնել ընդամենը երկու անգամ»

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում