Աբդուլմալիք ալ-Հութի. մարդ, որը ցնցում է նավթի համաշխարհային շուկան

Եմենի հութիների առաջնորդ Աբդուլմալիք ալ-Հութին տարիներ շարունակ հանրության առջև չի հայտնվել։ Նրա գտնվելու վայրը հայտնի է միայն ամենավստահելի զինակիցներին, Financial Times-ում գրում է թերթի մերձավորարևելյան հարցերով խմբագիր Էնդրյու Ինգլանդը։ Եմենում ենթադրում են, որ նա ղեկավարում է շարժումը հյուսիսային Սաադա նահանգի լեռներում կառուցված թունելների ու քարանձավների ցանցից։
Սակայն մեկուսացված լինելը նրան չի խանգարել վերջին շաբաթներին նոր ճակատ բացել Մերձավոր Արևելքում։ Հութիների հարվածները Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին, սաուդական լցանավերին և Կարմիր ծովի ափով առաջխաղացումը բարձրացրել են նավթի համաշխարհային գները և կրկին ցույց տվել, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ Եմենում գործող զինված շարժումը համաշխարհային առևտրի վրա։
Ինգլենդը գրում է, որ Ալ-Հութին երկար ժամանակ խնդիր է եղել առաջին հերթին Սաուդյան Արաբիայի համար, բայց այժմ նրա գործողությունների հետևանքները զգացվում են շատ ավելի հեռու։
Ամիսներ շարունակ հութիները հիմնականում հեռու էին մնում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմից, թեև Թեհրանը նրանց գլխավոր արտաքին աջակիցն է։ Իրավիճակը փոխվեց հուլիսին, երբ շարժումը վերականգնեց ռազմական գործողությունները Սաուդյան Արաբիայի դեմ՝ փաստացի խախտելով 2022-ին հաստատված հրադադարը։
Հութիները հայտարարեցին սաուդական նավահանգիստների շրջափակման մասին և սկսեցին հարձակվել թագավորությանը պատկանող նավթատարների վրա։ Այնուհետև հարվածներն ավելի ինտենսիվ դարձան․ գրեթե ամեն օր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ էին ուղղվում սաուդական նավթային օբյեկտների դեմ։
Միաժամանակ հութիական ուժերը Եմենի Կարմիր ծովի ափով արագ առաջ շարժվեցին դեպի հարավ՝ ամրապնդելով իրենց դիրքերը Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում։
Այս հարձակումների արդյունքում նավթի գները բարձրացան մայիսի կեսերից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Դրանք նաև ամրապնդել են Ալ-Հութիի դիրքերը Իրանի աջակցությունը վայելող, այսպես կոչված, «դիմադրության առանցքի» ներսում։
Հութիների շարժման հիմնական աջակիցները հետևում են շիա իսլամի զեյդիական ճյուղի արմատական մեկնաբանությանը։ Շարժումը ձևավորվել է 1990-ականներին Աբդուլմալիքի եղբոր՝ Հուսեյն ալ-Հութիի առաջնորդությամբ և սկզբից որդեգրել է ընդգծված հակաամերիկյան, հակաիսրայելական ու պաղեստինամետ գաղափարախոսություն։
Երկար տարիներ հակառակորդները հութիներին ներկայացնում էին որպես վատ կրթված լեռնաբնակ ցեղային մարտիկների։ Սակայն 2004-ին Հուսեյն ալ-Հութիի սպանությունից հետո շարժումը ղեկավարած Աբդուլմալիքը աստիճանաբար այն վերածեց մարտական փորձ ունեցող, լավ կազմակերպված և գաղափարապես մոտիվացված ուժի։
Հութիները մի քանի պատերազմ են մղել Եմենի երկարամյա նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կառավարության դեմ, ինչպես նաև բախումներ ունեցել սաուդական զորքերի հետ։ Միևնույն ժամանակ նրանք հյուսիսային շրջաններում կազմակերպել են «ամառային ճամբարներ»՝ սոցիալական ծրագրերի իրականացման, իրենց գաղափարախոսության տարածման և նոր աջակիցների ներգրավման համար։
2011-ի Արաբական գարունը նրանց հնարավորություն տվեց դուրս գալու հյուսիսային Եմենի սահմաններից։ Հութիները միացան Սալեհի կառավարման դեմ բողոքի շարժմանը և սկզբում աջակցություն ստացան նաև այն եմենցիներից, որոնք նրանց ընկալում էին որպես կոռումպացված իշխանություններին դիմակայող ուժ։
Սակայն անցումային կառավարության թուլության պայմաններում հութիները 2014-ի վերջին գրավեցին մայրաքաղաք Սանան, իշխանությունից հեռացրին միջազգային ճանաչում ունեցող կառավարությանը և շարժվեցին հարավ՝ Ադեն։
Սաուդյան միջամտության հակառակ արդյունքը
Հութիների առաջխաղացմամբ և Իրանի հետ նրանց կապերով մտահոգված Սաուդյան Արաբիան 2015-ին արաբական ռազմական կոալիցիա ձևավորեց։ Նպատակը ապստամբներին հետ մղելն ու Եմենի կառավարությունը վերականգնելն էր։
Սակայն արագ հաղթանակի փոխարեն Ռիադը ներքաշվեց երկարատև, թանկ և ավերիչ պատերազմի մեջ։ Հութիները դիմակայեցին սաուդական կոալիցիայի տարիների ռմբակոծություններին, ապա նաև ամերիկյան ու իսրայելական հարվածներին։
Financial Times-ի զրուցակից նախկին դիվանագետի գնահատմամբ՝ հենց Սաուդյան Արաբիայի միջամտությունը խորացրեց հութիների և Իրանի հարաբերությունները։ Նախկինում դեռ սահմանափակ կապերը վերածվեցին ռազմական համագործակցության, որի շրջանակում Թեհրանը հութիներին տրամադրեց սպառազինություն, տեխնոլոգիաներ և պատրաստություն։ Դիվանագետը սա անվանում է «ինքնիրականացող կանխատեսում»․ Ռիադը պատերազմ սկսեց՝ վախենալով իր հարևանությամբ իրանամետ ուժի ամրապնդումից, բայց պատերազմի արդյունքում այդ ուժն ավելի սերտ կապվեց Իրանի հետ։
Այդուհանդերձ, եմենցի վերլուծաբանները հութիներին չեն համարում Թեհրանի հրահանգները ուղղակի կատարող ուժ։ Նրանց կարծիքով՝ Ալ-Հութին ինքնուրույն առաջնորդ է, որը որոշումներն ընդունում է՝ ելնելով առաջին հերթին սեփական շարժման շահերից։
Շարժման ներսում կան թե՛ Իրանի հետ առավել սերտ կապերի կողմնակիցներ, թե՛ Եմենի ազգային շահն առաջնային համարող գործիչներ։ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարվածները նաև ներքին նպատակ ունեն․ հութիները ցանկանում են հյուսիսային Եմենի տնտեսական ծանր պայմաններում Ռիադից զիջումներ ստանալ և պատերազմն ավարտել իրենց թելադրած պայմաններով։
Գազայի պատերազմից հետո՝ ավելի կոշտ հռետորաբանություն
2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից և դրան հաջորդած Գազայի պատերազմից հետո հութիներն ավելի ագրեսիվ քաղաքականություն որդեգրեցին։ Նրանց իշխանությունը Եմենի վերահսկվող հատվածներում ավելի բռնաճնշող դարձավ, իսկ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հռետորաբանությունը՝ ավելի ռազմատենչ։
Հութիները հրթիռներ և անօդաչու սարքեր արձակեցին Իսրայելի ուղղությամբ, ապա սկսեցին հարձակվել Կարմիր ծովով անցնող նավերի վրա՝ հայտարարելով, որ այդ կերպ աջակցում են պաղեստինցիներին։
ԱՄՆ-ն ու Իսրայելը պատասխանեցին Եմենին հասցված օդային հարվածներով, սակայն չկարողացան վերացնել շարժման ռազմական կարողությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հութիներին ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, ավելի ուշ նույնիսկ խոսեց նրանց «խիզախության» և հարվածներին դիմանալու ունակության մասին։
ԱՄՆ-ում գործող Basha Report խորհրդատվական ընկերության հիմնադիր Մոհամեդ ալ-Բաշայի կարծիքով՝ արտաքին աշխարհից ավելի ու ավելի մեկուսացած ալ-Հութին վերածվել է մեծամոլ առաջնորդի, որն «իրոք հավատում է, որ ազատագրելու է Պաղեստինը»։ Ալ-Բաշան հութիների գաղափարախոսությունը նկարագրում է որպես զեյդիականության և ջիհադականության խառնուրդ՝ համեմված գաղտնի կազմակերպություններին բնորոշ գործելակերպով։
Ինչո՞ւ է Բաբ էլ Մանդեբն այդքան կարևոր
Բաբ էլ Մանդեբը՝ արաբերեն «Արցունքների դարպասը», Եմենի ու Աֆրիկյան եղջյուրի՝ Ջիբութիի և Էրիթրեայի միջև ընկած նեղուցն է։ Այն Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի և Հնդկական օվկիանոսի հետ։
Նեղուցը Սուեզի ջրանցք տանող հարավային մուտքն է։ Դրանով անցնող նավերը Ասիան ու Պարսից ծոցի երկրները կապում են Եվրոպայի հետ՝ առանց Աֆրիկան ամբողջությամբ շրջանցելու։ Ամենանեղ հատվածում Բաբ էլ Մանդեբի լայնությունը մոտ 30 կմ է։ Մայյուն կամ Պերիմ կղզին նեղուցը բաժանում է երկու նավարկելի ուղիների։
Պատմականորեն այս երթուղով է անցել համաշխարհային առևտրի մոտ 12-15 տոկոսը՝ ներառյալ նավթի, հեղուկացված բնական գազի և կոնտեյներային բեռների զգալի ծավալներ։ Հետևաբար նեղուցը պարտադիր չէ ամբողջությամբ փակել՝ համաշխարհային շուկայի վրա ազդեցություն ունենալու համար։ Նույնիսկ առանձին նավերի դեմ հարձակումները բարձրացնում են ապահովագրության և փոխադրումների արժեքը ու ստիպում խոշոր բեռնափոխադրողներին երթուղին փոխել։
Բաբ էլ Մանդեբից խուսափող նավերը ստիպված են Եվրոպա հասնել Աֆրիկայի հարավում գտնվող Բարի Հույսի հրվանդանը շրջանցելով։ Դա ճանապարհն ավելացնում է հազարավոր կիլոմետրերով, երկարացնում մատակարարման ժամկետները և մեծացնում վառելիքի ծախսը։
Նեղուցի նշանակությունն առավել աճել է Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցով փոխադրումների խափանումներից հետո։ Սաուդյան Արաբիան սկսել է ավելի մեծ ծավալի նավթ տեղափոխել դեպի Կարմիր ծովի նավահանգիստներ՝ Հորմուզը շրջանցող խողովակաշարերով։ Սակայն այդ նավթը համաշխարհային շուկա հասցնելու համար կրկին պետք է անցնի Բաբ էլ Մանդեբով։ Այսպիսով, մեկ վտանգավոր նեղուցը շրջանցելու ճանապարհը կախված է դարձել մեկ այլ նեղուցի անվտանգությունից։
Թեհրանի գործընկեր, բայց ոչ ենթակա
Ալ-Հութիի գործողությունները համընկնում են Իրանի ռազմավարական շահերի հետ։ Երկուսն էլ ցանկանում են Եմենը և Կարմիր ծովը օգտագործել տարածաշրջանում ուժ ցուցադրելու, ԱՄՆ-ի ազդեցությունը սահմանափակելու և հակառակորդների վրա տնտեսական ճնշում գործադրելու համար։
Սակայն FT-ի զրուցակիցների գնահատմամբ՝ ալ-Հութիի հիմնական շարժառիթը Եմենում սեփական իշխանության ամրապնդումն է։ Իրանի հետ դաշինքը նրա համար ոչ միայն գաղափարական ընտրություն է, այլև իշխանությունը պահպանելու և հակառակորդներին պայմաններ թելադրելու միջոց։
Հութիների վերջին հաջողություններից հետո նա հազիվ թե հակված լինի փոխզիջման։ Նախկին դիվանագետի խոսքով՝ ալ-Հութին լավ է հասկանում իր «ռազմական ու քաղաքական առավելությունը»։
Հենց այդ հանգամանքն էլ նրան դարձնում է ոչ միայն Սաուդյան Արաբիայի վաղեմի հակառակորդը, այլև համաշխարհային նավթային շուկաների վրա ազդելու ունակ ամենաանկանխատեսելի դերակատարներից մեկը։
Տեղադրություն










