Իլյա Յաշինը չեղարկել է այցը Հայաստան՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառով

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը չեղարկել է Հայաստան նախատեսված այցն ու Երևանում իր մասնակցությամբ միջոցառումները՝ հայտարարելով, որ իրեն զգուշացրել են հնարավոր «ֆիզիկական սպառնալիքի» մասին։
Յաշինը Երևանում պատրաստվում էր մասնակցել Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացվելիք «Կեսօր՝ հանուն խաղաղ Ռուսաստանի» ակցիային։
«Քանի դեռ Վաշինգտոնում էի, ինձ զգուշացրին Հայաստան իմ այցի հետ կապված որոշակի ռիսկերի մասին։ Մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է։ Ցավոք, չեմ կարող անտեսել այս տեղեկությունը և ստիպված եմ հետևել անվտանգության արձանագրություններին։ Ուստի Հայաստան այցը հետաձգվում է, իսկ այնտեղ նախատեսված միջոցառումներին իմ մասնակցությունը՝ չեղարկվում»,- գրել է Յաշինը սոցցանցերում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորություն կունենա այցելել Երևան։
Նա ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, լինելու է Երևանում Ռուսաստանի դեսպանատան ընտրական տեղամասի մոտ։ Յաշինը և արտերկրում գտնվող մի շարք այլ ռուս ընդդիմադիրներ կոչ էին արել ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության վերջին օրը՝ ուղիղ ժամը 12:00-ին, ներկայանալ ընտրատեղամասեր՝ այդ կերպ արտահայտելով իրենց անհամաձայնությունը Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։
Այժմ Յաշինը նախատեսում է «Կեսօր՝ հանուն խաղաղ Ռուսաստանի» ակցիային մասնակցել Նյու Յորքում՝ Ռուսաստանի հյուպատոսության մոտ։
Իլյա Յաշինը 2022-ի դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի վերաբերյալ, ըստ դատարանի, կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքով։ 2024-ի օգոստոսին ազատ էր արձակվել Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև կալանավորների փոխանակման շրջանակում և լքել Ռուսաստանը։ Ավելի ուշ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը Յաշինի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։











