Գլխավոր Լրահոս

Գերմանիայի կանցլեր Մերցին նոր ընտրական պարտություններ են սպառնում

Գերմանիայի կանցլեր Մերցին նոր ընտրական պարտություններ են սպառնում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) կարող է նոր ծանր պարտություններ կրել սեպտեմբերի 20-ին Բեռլինում և Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում անցկացվելիք երկրամասային ընտրություններում։ Քվեարկությունները կարող են մեծացնել Մերցի նկատմամբ ճնշումը թե՛ կուսակցության ներսում, թե՛ իշխող կոալիցիայում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՔԴՄ-ն արդեն խոշոր պարտություն է կրել սեպտեմբերի 6-ին Սաքսոնիա-Անհալթում, որտեղ աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ AfD-ն, քիչ էր մնացել բացարձակ մեծամասնություն ստանար երկրամասային խորհրդարանում։

AfD-ն իր հաղթանակը որակել է որպես ՔԴՄ-ի «վերջի սկիզբ»։ Կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը հայտարարել է, որ ՔԴՄ-ն «մեռած է», և պահանջել արտահերթ դաշնային ընտրություններ։

Հանրապետական մակարդակով ՔԴՄ-ն և նրա բավարական դաշնակից Քրիստոնեա-սոցիալական միությունը հարցումներում ստանում են 18-20 տոկոս աջակցություն։ Դա զգալիորեն ցածր է նախորդ տարվա դաշնային ընտրությունների արդյունքից և AfD-ի ներկայիս ցուցանիշներից։

Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում ՔԴՄ-ի վարկանիշը ընդամենը 7 տոկոս է։ Եթե կուսակցությունը չհաղթահարի 5 տոկոսի շեմը, ապա Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կարող է ընդհանրապես ներկայացված չլինել որևէ երկրամասի օրենսդիր մարմնում։

Բեռլինում ՔԴՄ-ն և «Ձախերը» հարցումների համաձայն հավասար՝ 20-ական տոկոս աջակցություն ունեն։ Սակայն ՔԴՄ-ն նաև վտանգում է կորցնել մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը։

Ռոստոկի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Վոլֆգանգ Մունոն կանխատեսում է, որ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում ՔԴՄ-ին «աղետալի արդյունք» է սպասվում։ Նրա խոսքով՝ Բեռլինում վատ ելքը և քաղաքապետի պաշտոնի կորուստը կտրուկ կմեծացնեն ճնշումը Մերցի նկատմամբ։

Այդուհանդերձ, AfD-ի՝ իշխանության գալու հեռանկարները սահմանափակ են։ Բեռլինում մյուս կուսակցությունները չեն ցանկանում համագործակցել նրա հետ։ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում AfD-ի հիմնական մրցակիցը ոչ թե ՔԴՄ-ն է, այլ գործող վարչապետ, սոցիալ-դեմոկրատ Մանուելա Շվեզիգը, որը շարունակում է մնալ երկրամասի ամենաճանաչված և ամենահայտնի քաղաքական գործիչը։

Սաքսոնիա-Անհալթում պարտությունից հետո Մերցը չեղարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ծրագրված այցը Նյու Յորք։ ՔԴՄ-ն նաև արտահերթ նիստ է հրավիրել՝ ընտրությունների արդյունքներին կուսակցության արձագանքը համակարգելու և Մերցի շուրջ միասնություն ցուցադրելու համար։

Հարցումները, սակայն, վկայում են Մերցի նկատմամբ վստահության խորացող ճգնաժամի մասին։ ՔԴՄ-ի կողմնակիցների մեծ մասն այլևս նրան հարմար թեկնածու չի համարում կանցլերի պաշտոնի համար։ Ընդհանուր բնակչության շրջանում այդ տեսակետը կիսում է հարցվածների 78 տոկոսը։

Մերցը հայտարարել է, որ երկրամասային ընտրությունների արդյունքները չի կապում իր քաղաքական ապագայի հետ և մտադիր է ավարտին հասցնել կանցլերի պաշտոնում իր քառամյա ժամկետը։

«Ես ընտրվել եմ չորս տարով և ցանկանում եմ, որ այդ չորս տարին օգտագործենք երկիրն այս դժվար շրջանից դուրս բերելու համար»,- ասել է նա։

70-ամյա Մերցը Գերմանիայի կառավարության ղեկավար է դարձել 16 ամիս առաջ՝ խոստանալով վերակենդանացնել տարիներ շարունակ գրեթե չաճող տնտեսությունը։ Նրա կառավարությունը, սակայն, առայժմ չի կարողացել հաղթահարել հանրային հոռետեսությունը կամ համոզել ընտրողներին, որ կենսաթոշակային և այլ ցավոտ բարեփոխումները կբարելավեն տնտեսական վիճակը։

ՔԴՄ-ից ութ երկրամասային ղեկավարներ հրապարակավ աջակցել են Մերցին։ Սակայն կուսակցության որոշ ներկայացուցիչներ արդեն կասկածի տակ են դնում նրա՝ ընտրություններում հաղթելու կարողությունը։ Հնարավոր իրավահաջորդների թվում առավել հաճախ նշվում են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի վարչապետ Հենդրիկ Վյուստը և Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում