Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները «անխուսափելիորեն փոխվելու են» և չեն կարող նախկինի պես լինել։ Այս մասին սեպտեմբերի 19-ին Բուն TV-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե նախկին հարաբերությունների վերականգնման համար «Հայաստանը նորից պետք է կոնֆլիկտի մեջ ներգրավվի»։
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները նույնը չեն կարող լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում, ուրիշ բան՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաղաղության պայմաններում»,- ասել է նա։
Միաժամանակ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը չի ցանկանում խզել Ռուսաստանի հետ կապերը։
Նա նշել է, որ, օրինակ, Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման հարցում Հայաստանը դիտարկում է Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ նախնական գնահատմամբ՝ այդ նախագծի իրականացման համար Ռուսաստանը կարող է լինել լավագույն գործընկերը։
Հուլիսի 6-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ստացել է Հայաստանի կառավարության ֆինանսական հաստատումը, և առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կորոշվի դրա իրականացման հստակ ձևաչափը։
Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցմանը՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը հարցը չի քաղաքականացնում և փնտրում է լավագույն առաջարկը։ Նրա խոսքով՝ հաշվի են առնվելու առաջարկվող գինը, որակը և կառուցման ժամկետները։ Նա նշել է, որ եթե լավագույն առաջարկը Ռուսաստանից լինի, Հայաստանը կարող է աշխատել ռուսական կողմի հետ։
«Մենք երբեք չենք ասել, որ Ռուսաստանի հետ կիրականացնենք ատոմակայանի կառուցումը»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել տարբերակները և ընտրությունը կատարել առաջարկների համեմատության հիման վրա։
Կառավարությունը 2027 թվականի ավարտը սահմանել էր որպես նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրության վերջնաժամկետ։
«Հայաստանը կարող է դուրս մնալ TRIPP-ի միջազգային տրանսպորտային հոսքերից»
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի երկաթուղու ռուսական կոնցեսիոն կառավարման պատճառով վտանգ կա, որ TRIPP ծրագրի շրջանակում ձևավորվող միջազգային հիմնական բեռնահոսքերը կշրջանցեն Հայաստանը։
Նրա խոսքով՝ ներկայում քննարկվում են այնպիսի երթուղիներ, որոնց դեպքում բեռները Նռնաձորից Ագարակի ուղղությամբ կմտնեն Նախիջևան, ապա կշարունակեն ճանապարհը դեպի Թուրքիա՝ առանց Հայաստանի երկաթուղային ցանցից օգտվելու։
Փաշինյանը կրկին շեշտեց՝ Հայաստանը ցանկանում է, որ հայկական երկաթուղու կոնցեսիոն իրավունքը փոխանցվի երրորդ կողմի։ «Այդ երրորդ կողմը պետք է փոխադարձաբար ընդունելի լինի թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար»,- ասել է Փաշինյանը։
Օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներդրողներ կան, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։ 2008-ին Հայաստանի երկաթուղին 30 տարով՝ ևս 10 տարի երկարաձգման հնարավորությամբ, հանձնվել է ռուսական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հավատարմագրային կառավարմանը։
«Եկեղեցու կառավարմանը հավատացյալների մասնակցությունը կարող է կարգավորվել օրենքով»
Հարցազրույցի ընթացքում Փաշինյանը նաև նշել է, թե կարող է օրենսդրական կարգավորումների միջոցով ապահովել հավատացյալների մասնակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարմանը։
«Եկեղեցին կաթողիկոսը չի, եկեղեցին հավատացյալ համայնքն է, որը, ընդ որում, մեր եկեղեցու ավանդույթներով մասնակցում է եկեղեցու կառավարմանը»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը որպես հնարավոր մեխանիզմներ նշել է ծխական խորհուրդների ձևավորումը, դրանց ընտրության կարգի սահմանումը, ինչպես նաև եկեղեցական առաջնորդների թեկնածությունների քննարկման և առաջադրման գործընթացներում հավատացյալների մասնակցությունը։
Նա նաև նշել է, որ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ը իր հանձնարարությամբ պատրաստել է Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու «առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների վերաբերյալ» զեկույց։
Նա չի բացառել, որ զեկույցի հրապարակումից հետո Ազգային ժողովում կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով։
Իշխանություն-Եկեղեցի հարաբարերությունները լարվել են 2025-ի մայիսից, երբ Փաշինյանը սկսեց հրապարակայնորեն քննադատել եկեղեցու ղեկավարությանը և կասկածի տակ դնել Գարեգին Երկրորդի կուսակրոնության ուխտը։ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը Փաշինյանի հայտարարությունները որակում է որպես «հակաեկեղեցական արշավ», իսկ Մայր Աթոռը նշում է, որ իշխանությունը փորձում է միջամտել եկեղեցու ներքին կյանքին։










