Փախստականի կարգավիճակը չի համապատասխանել տեղահանվածների կարիքներին․ Արտակ Բեգլարյան

Բռնի տեղահանված արցախցիների շրջանում աղքատությունը հասնում է 60-70 տոկոսի, իսկ պետական աջակցության ծրագրերն անարդյունավետ են․ Ազգային ժողովում տեղի ունեցած «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով Արցախից տեղահանվածների ինտեգրման առանցքային խնդիրները։
Անդրադառնալով իրավական կարգավիճակի խնդրին՝ Բեգլարյանն արձանագրել է, որ սովորական փախստականի կարգավիճակ տալը չի համապատասխանել տեղահանվածների կարիքներին։
«Մեզ զրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և տալով սովորական փախստականի կարգավիճակ, ինչպիսին ստանում են ոչ հայ փախստականները, բնականաբար, դրա հետևանքով մենք բազմաթիվ խնդիրների առջև ենք կանգնել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ լուծումը պետք է լիներ քաղաքացիության պահպանումը՝ օրենսդրական փոփոխություններով բռնի տեղահանվածի հատուկ կարգավիճակ սահմանելու միջոցով։
Նրա գնահատմամբ՝ Արցախի ժողովրդին էթնիկ զտման և ցեղասպանության զոհի կարգավիճակ տալը իրավական հիմք կդառնար նաև սոցիալական հարցերի, այդ թվում՝ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատների կարգավիճակի կարգավորման համար։
Որպես երկրորդ հիմնական խնդիր՝ Արտակ Բեգլարյանն առանձնացրել է սոցիալական ծանր վիճակը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ անցյալ տարվանից սոցիալական աջակցությունը կրճատվել է կամ ամբողջությամբ դադարեցվել։
«Արցախցիների շրջանում աղքատությունը մոտ 60-70 տոկոս է, որը Հայաստանի Հանրապետության միջին աղքատության գնահատականից՝ մոտ 23 տոկոսից, մոտ երեք անգամ ավելին է»,- հայտարարել է Բեգլարյանը՝ հավելելով, որ սա ընդգծված բևեռացման ու խտրականության ցուցանիշ է, իսկ պետական քաղաքականությունը բավարար հասցեական չէ։
Բնակարանային ապահովման հարցում Բեգլարյանը քննադատել է կառավարության որդեգրած մոտեցումը։ Նա նշել է, որ ծրագրից օգտված ավելի քան 4000 ընտանիքների շուրջ 99 տոկոսը գնումներ է կատարել երկրորդային շուկայից։
«Սրա միջոցով արհեստական գնաճ է խթանվել, տնտեսության մեջ տնտեսական որևէ ավելացված արժեք չի ստեղծվում, ժողովրդագրական ավելացված արժեք չի ստեղծվում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ամենաարդյունավետ լուծումը կլիներ կոմպակտ համայնքային կառուցապատումը, որը կլուծեր նաև գնաճի ու բնակֆոնդի թարմացման հարցերը։
Չորրորդ խնդիրը, ըստ նախկին պետնախարարի, զբաղվածությունն է, որը պետք է ուղղակիորեն կապված լիներ բնակարանային ծրագրի հետ՝ մարզերում բնակեցումը խթանելու նպատակով։ Հղում անելով նախորդ տարվա տվյալներին, երբ աշխատում էր շուրջ 21-22 հազար արցախցի, Բեգլարյանը նշել է, որ աշխատունակ արցախցիների շրջանում գործազրկությունը բավականին բարձր է։ Նա նկատել է, որ պետական պաշտոնյաները հանդիպումների ժամանակ ընդունել են ծրագրերի անարդյունավետությունը, սակայն դրան հետևող անհրաժեշտ բարեփոխումներ չեն իրականացվել։











