Աբխազիայում Կրթության վարչության խախտումների հետևանքով բյուջեից 180 հազար դոլար է կորել

Սուխում
Լուսանկարը՝ OC Media-ի
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Աբխազիայի Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ 2022-ից մինչև 2026-ի կեսը Կրթության վարչությունը ավելի քան 15 միլիոն ռուբլի (180 հազար դոլար) է ոչ նպատակային օգտագործել։
Աուդիտը նաև պարզել է, որ վարչությունը պարբերաբար պայմանագրեր է կնքել իր ենթակա կառույցներում աշխատող անձանց հետ, ինչը, Աբխազիայի օրենսդրության համաձայն, շահերի բախում է։ Հետաքննությունը նաև արձանագրել է, որ վարչությունը չի ստեղծել գույքի ընդունման և դուրսգրման հանձնաժողով, ինչպես նաև թույլ է տվել «հարկային և բյուջետային օրենսդրության ոլորտում ֆինանսական խախտումներ»՝ ավելի քան 180 հազար դոլարի չափով։ Թեև Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ գումարի մեծ մասն արդեն վերադարձվել է, դեպքը դժգոհություն է առաջացրել աբխազական սոցիալական ցանցերում։
Աուդիտից հետո Սուխումի վարչակազմին խախտումները վերացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել։ Վարչությունն արդեն վերադարձրել է 12 միլիոն ռուբլի (150 հազար դոլար), իսկ մնացած գումարի վերականգնման գործընթացը շարունակվում է։ Telegram-ի «Apsny Iakha’» ալիքի տվյալներով՝ Կրթության վարչությունը մշակում է գումարը փուլ առ փուլ վերադարձնելու ծրագիր։
Աբխազիայում կոռուպցիոն իրավախախտումների նկատմամբ պատմականորեն մեղմ մոտեցում է եղել։ 2020-2024-ին բացահայտված խախտումներից ոչ մեկը քրեական գործի չի հանգեցրել։ Այդ պատճառով աբխազական սոցիալական ցանցերի օգտատերերը թերահավատորեն են վերաբերվում գումարի վերադարձի հնարավորությանը և դժգոհություն են հայտնում, իրենց կարծիքով, չափազանց մեղմ պատիժների պատճառով։
«Ինչո՞ւ նրանց պարզապես աշխատանքից ազատել։ Սրա համար պետք է բանտ նստեն»,- գրել է օգտատերերից մեկը։
Facebook-ի մեկ այլ օգտատեր հարցրել է․ «Մի՞թե Գլխավոր դատախազությունից չափազանց շատ բան ենք պահանջում՝ կոռումպացված պաշտոնյային աշխատանքից ազատել»։
Մեկ ուրիշը գրել է․ «Բոլորը պետք է օրենքով պատասխանատվության ենթարկվեն, բայց, ցավոք, այստեղ օրենքը բոլորի համար չի գործում, միայն սովորական մարդկանց։ Որևէ պաշտոնյա երբևէ պատասխանատվության ենթարկվե՞լ է։ Ո՛չ։ «Ամեն ինչ կկարգավորվի, բոլորը կկարողանան ներս մտնել, բայց ոչ դուրս գալ»»։
Մեկ այլ օգտատեր քննադատել է գործի շուրջ թափանցիկության պակասը․ «15 միլիոն են գողացել, իսկ այս «հերոսների» դեմքերն անգամ չեն ուզում ցույց տալ։ Ինչո՞ւ պետք է հավատանք այս տեղեկությանը։ Գուցե ընդհանրապես ճիշտ չէ։ Ովքե՞ր են այս մարդիկ և որտե՞ղ են աշխատում»։
Կոռուպցիայի հարցը Աբխազիայում վաղուց վիճահարույց թեմա է։ 2020-ին 10 օր տևած հացադուլներից հետո վերջապես ընդունվեց օրենք, որը պետական ծառայողներին պարտավորեցնում էր հայտարարագրել ոչ միայն իրենց, այլև հարազատների շահերը։
Փոփոխված օրենքով պետական ծառայողները կարող էին կորցնել աշխատանքը և զրկվել պետական հատվածում աշխատելու իրավունքից, եթե չհայտարարագրեին պահանջվող ամբողջ տեղեկությունը կամ կեղծ տվյալներ ներկայացնեին։
Քվեարկությունից առաջ որոշ պատգամավորներ քննադատել էին օրինագիծը։ Պատգամավոր Գիվի Կվարչիան նույնիսկ բողոքի ակցիաներն անվանել էր «իշխանությունների վրա ճնշում գործադրելու նարնջագույն [հեղափոխության] մեթոդների կիրառում»։ Ուկրաինայում 2004-ի Նարնջագույն հեղափոխությունը Ռուսաստանում լայնորեն ներկայացվել է որպես արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից հովանավորվող գործընթաց։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։











