Իրանը Վրաստանից ավտոմեքենաների արտահանման երրորդ խոշոր ուղղությունն է

Ռուսթավիի ավտոշուկան
Լուսանկարը՝ Սուլխան Բորջիկաշվիլիի/OC Media
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) վերջին զեկույցի համաձայն՝ Իրանը դարձել է Վրաստանից ավտոմեքենաների արտահանման երրորդ խոշոր ուղղությունը՝ զիջելով միայն Ղրղզստանին և Ղազախստանին։
Իրան արտահանման ծավալն աննախադեպ աճել է․ արտահանվել է 7360 ավտոմեքենա՝ ընդհանուր 129 միլիոն դոլար արժողությամբ։ Համեմատության համար՝ 2025-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր ընդամենը 10 ավտոմեքենա՝ 280 հազար դոլար ընդհանուր արժեքով։
«Հասկանալի է, որ Ռուսաստանն այդ մեքենաները ստանում է Ղրղզստանի միջոցով, իսկ 2024-ին Իրան գրեթե ոչինչ չէր արտահանվում»,- OC Media-ին ասել է տնտեսագետ և ընդդիմության նախկին պատգամավոր Ռոման Գոցիրիձեն։
«Շրջափակման պատճառով Իրանն այլ տարբերակ չուներ, քան մեքենաները Վրաստանից ներմուծելը։ Այլևս չի կարող դա անել Իրանի նավահանգիստներով կամ Հորմուզի միջոցով»,- նշել է նա։
2026-ի փետրվարին ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Դրա հետևանքով ավանդական ծովային ճանապարհներով Իրան ավտոմեքենաների ներմուծումը նվազեց։ Geostat-ի զեկույցը կարող է ցույց տալ, որ այդ պահանջարկի մի մասը լրացվել է Վրաստանից վերարտահանման աճով։
Ընդհանուր առմամբ, աճել է նաև առևտրաշրջանառությունը։ Geostat-ի տվյալներով՝ 2026-ի հունվար-օգոստոսին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ապրանքներով, առանց չհայտարարագրված առևտրի, կազմել է 17,9 միլիարդ դոլար՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8,4 տոկոսով։
Դրանից արտահանումը կազմել է 5,4 միլիարդ դոլար՝ աճելով 22,1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12,5 միլիարդ դոլար՝ 3,4 տոկոս աճով։ Բացասական հաշվեկշիռը կազմել է 7 միլիարդ դոլար՝ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 39,5 տոկոսը։
2026-ի հունվար-օգոստոսին Վրաստանի ապրանքների ներմուծումը կազմել է 12,5 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 400 միլիոն դոլարով կամ 3,4 տոկոսով ավելի է։
Ներմուծվող ապրանքների շարքում առաջին տեղում մարդատար ավտոմեքենաներն են՝ 2,36 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։
Սակայն ավտոմեքենաների ներմուծումը տարեկան կտրվածքով նվազել է 12,5 տոկոսով։ Երկրորդ տեղում նավթն ու նավթամթերքն են՝ 1,16 միլիարդ դոլարով և 37,4 տոկոս աճով։ Երրորդ տեղում դեղագործական արտադրանքն է՝ 468,4 միլիոն դոլարով, որի ներմուծումն աճել է 4,3 տոկոսով։
Ներմուծման մյուս խոշոր կատեգորիաներից են բնական գազը՝ 331,9 միլիոն դոլար, ինչպես նաև հում նավթն ու նավթամթերքը՝ 283,1 միլիոն դոլար։
Արտահանման մեջ մարդատար ավտոմեքենաները ևս պահպանել են առաջին տեղը, թեև դրանց արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է 22 տոկոսով՝ մինչև 1,35 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում նավթն ու նավթամթերքն են՝ 688,9 միլիոն դոլար արտահանմամբ՝ 2025-ի հունվար-օգոստոսի 59 միլիոն դոլարի դիմաց։ Սա 1068 տոկոս աճ է։ Երրորդ տեղում թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերն են՝ 403,1 միլիոն դոլարով և 69 տոկոս աճով։
Geostat-ը նաև հայտնել է, որ տեղական արտահանումն աճել է 63,5 տոկոսով՝ հասնելով 3,286 միլիարդ դոլարի։ Տեղական արտադրության ապրանքները կազմել են ընդհանուր արտահանման 60,6 տոկոսը՝ նախորդ տարվա 45,2 տոկոսի դիմաց։
Աճը մասամբ պայմանավորված է նավթամթերքի վերամշակման և արտահանման ծավալների ավելացմամբ։ Տեղական արտահանման մեջ առաջին տեղում նավթամթերքն է՝ 19,8 տոկոս մասնաբաժնով, որին հաջորդում են թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը և ֆեռոհամաձուլվածքները։ Միևնույն ժամանակ, գինու և այլ ալկոհոլային խմիչքների արտահանումը նվազել է։











