Գլխավոր Լրահոս

Վրաստանի խորհրդարանի նախագահը ԵՄ-ին մեղադրել է երկրում «ֆաշիստական գաղափարախոսությամբ խմբեր» ֆինանսավորելու մեջ

Շալվա Պապուաշվիլին

Շալվա Պապուաշվիլին

Լուսանկարը՝ Վրաստանի խորհրդարանի կայքից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, որը հայտնի է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատներին աջակցելու համար ԵՄ-ի հասցեին կոշտ քննադատություններով, այժմ Բրյուսելին մեղադրել է երկրում «ֆաշիստական գաղափարախոսությամբ խմբեր» ֆինանսավորելու մեջ։

Վրաստանի հանրային հեռարձակողի (GPB) հաղորդմամբ՝ Պապուաշվիլիին հարցրել են Creative Compass Georgia փառատոնի մասին, որը նվիրված է մշակույթին և ստեղծարար արդյունաբերություններին։ Այն հիմնականում ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, իսկ համաֆինանսավորումն ու իրականացումն ապահովում է Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի վրացական մասնաճյուղը։ Ծրագրի իրականացմանը մասնակցում է նաև Դանիայի մշակույթի ինստիտուտը։

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին Գորիի Art House անկախ մշակութային տարածքում ելույթ կունենա վրացի երգիչ Կորձը (Kordz), որը իշխանությունների բացահայտ քննադատներից է։ Հարցը տված լրագրողը կենտրոնացել է ծրագրի հենց այս հատվածի վրա՝ հետաքրքրվելով, թե «որքանով է դա ընդունելի»։

Ի պատասխան՝ ըստ ամենայնի նկատի ունենալով Կորձին, Պապուաշվիլին ասել է, որ «երբ ֆաշիստական կարգախոսների հեղինակներին ԵՄ-ի գումարներով են ֆինանսավորում, դա Վրաստանում ծայրահեղականության, արմատականության և ֆաշիզմի խրախուսում է»։

«Ինչպես տեսել եմ, այս մարդը ֆաշիստական վանկարկումների հեղինակն է»,- ասել է նա՝ հավելելով, որ «Բրյուսելին չի հետաքրքրում վրաց ժողովրդի արձագանքը», իսկ նպատակը Վրաստանի ապակայունացումն է։

«Փաստ է, որ եվրոպական գումարներն այս կազմակերպությունների միջոցով օգտագործվում են այն մարդկանց ֆինանսավորելու համար, որոնք տարածում են ծայրահեղականություն, արմատականություն և ֆաշիստական գաղափարախոսություն»,- նշել է նա։

Պապուաշվիլին չի հստակեցրել, թե Կորձի երգերից որ արտահայտությունն է «ֆաշիստական» համարում։ Ըստ ամենայնի, նա նկատի ուներ հակակառավարական բողոքի կարգախոսը, որը հատկապես լայն տարածում գտավ նոյեմբերի 28-ին սկսված ցույցերի ժամանակ՝ իշխող կուսակցության՝ Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը դադարեցնելու որոշումից հետո։

Թեև Կորձը, ըստ ամենայնի, կարգախոսի «հեղինակը» չէ, 2024-ի դեկտեմբերի 4-ին YouTube-ում հրապարակված իր «Anti-Georgian Dream Anthem» տեսանյութում նա օգտագործել է դիմակավորված հակակառավարական ցուցարարների՝ այդ կարգախոսը վանկարկող ձայնագրությունը՝ «կոցեբիի» մասին հայհոյանքով։

«Կոցեբի»-ն խոսակցական «կոցի» բառի հոգնակի ձևն է, որով ընդդիմախոսները կոչում են «Վրացական երազանք» կուսակցության անդամներին կամ աջակիցներին։ Տերմինը ծագում է կուսակցության վրացերեն անվանումից՝ Kartuli Otsneba։

Հետագա ամիսներին տեղեկություններ հայտնվեցին առնվազն երեք արվեստագետների վրա փողոցային հարձակումների մասին, որոնք իրենց ստեղծագործություններում օգտագործել էին այս կարգախոսները։ Նրանց թվում էր նաև Կորձը, որի վրա 2025-ի հուլիսի 9-ին հարձակման փորձ էր եղել։ Դրանից երեք օր առաջ հարձակման էր ենթարկվել երգիչ Վանիկո Թարխնիշվիլին, իսկ նույն տարվա մարտին՝ երգիչ Դավիթ Գաբունիան։

«Վրացական երազանքը» հաճախ օգտագործում է «ֆաշիզմ», «արմատականություն» և «ծայրահեղականություն» եզրույթները իր ընդդիմախոսներին ու քննադատներին բնութագրելու համար։

Իշխող կուսակցությունն ու նրա դաշնակիցները նաև օգտագործում են «լիբերալ ֆաշիզմ» ձևակերպումը՝ այն վերագրելով, իրենց խոսքով, ներքին և արտաքին որոշ դերակատարների՝ Վրաստանում որոշակի օրակարգեր ագրեսիվորեն առաջ մղելու փորձերին։ Այս համատեքստում նրանք հաճախ քննադատում են Վրաստանի ավանդական արևմտյան դաշնակիցներին, որոնք վերջին տարիներին ավելի կոշտ են գնահատում իշխող կուսակցության քաղաքականությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում