Ադրբեջանը հերքում է, որ Ֆրանսիայում ռուս օլիգարխ Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար լոբբինգ է արել

Ալիշեր Ուսմանովը
Լուսանկարը՝ Reuters-ից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանցի անանուն պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Բաքուն չի ճնշել Փարիզին և լոբբինգ չի իրականացրել՝ ռուս-ուզբեկ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների ցանկից հանելու համար՝ հակասելով ավելի վաղ հրապարակումներին։
Financial Times-ը նախկինում գրել էր, որ Ֆրանսիան ԵՄ-ում աջակցություն է փնտրում Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու համար՝ Ադրբեջանում պահվող Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակմանը հասնելու նպատակով։ Պարբերականի պնդմամբ՝ դա նաև ձգձգում էր Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը։
ԵՄ երկրների ներկայացուցիչները գործող պատժամիջոցների ռեժիմը երկարաձգել են մինչև սեպտեմբերի 22-ը՝ բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ տալու նպատակով, քանի որ անդամ երկրները չէին կարողացել համաձայնության գալ երկարաձգման պայմանների շուրջ։ Ֆրանսիան և Սլովակիան ձգձգել էին գործընթացը, որի համար անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների միաձայն համաձայնությունը՝ պահանջելով Ուսմանովին հանել ցանկից։
Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը, որը սեպտեմբերի 18-ին Reuters-ի հետ խոսել է անանուն մնալու պայմանով, հերքել է Financial Times-ի հրապարակումները։ Նա հավելել է, որ Ադրբեջանը բացահայտ աջակցել է Ուսմանովին արևմտյան պատժամիջոցների ցանկերից հանելուն, սակայն չի փորձել ազդել Արևմուտքի որոշումների ընդունման վրա։
«Ադրբեջանը երբեք չի միջամտել և ներգրավված չի եղել ԱՄՆ-ում կամ Եվրամիությունում պատժամիջոցների սահմանման գործընթացներում»,- ասել է դիվանագետը։
Լրագրողների ճեպազրույցում Ադրբեջանի դերի մասին պարզաբանում խնդրելիս Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրյոն հրաժարվել է ուղիղ մեկնաբանությունից՝ հղում անելով «ազգային անվտանգության» նկատառումներին։
Այս զարգացումները տեղի են ունենում Բաքվի և Փարիզի միջև աճող լարվածության ֆոնին։ Ադրբեջանը հաճախ քննադատում է Ֆրանսիայի քաղաքականությունը, հատկապես՝ Հայաստանին աջակցելու համար։
Ենթադրվում է, որ առնվազն երկու Ֆրանսիայի քաղաքացի՝ Մարտին Ռայանը և Անաս Դերազը, այժմ պատիժ են կրում Ադրբեջանում։
Մարտին Ռայանին ադրբեջանական դատարանը մարտին լրտեսության համար մեղավոր է ճանաչել և դատապարտել 10 տարվա ազատազրկման։
2025-ի նոյեմբերին ջրային ոլորտի ֆրանսիացի ղեկավար Անաս Դերազը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ ռուս-ադրբեջանցի միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովից կաշառք ստանալու մեղադրանքով։ Հունիսին նրա պատժաչափը կրճատվել է մինչև ինը տարի։
Ադրբեջանի կառավարությունը նախկինում հերքել է պնդումները, թե օտարերկրյա քաղաքացիներին ձերբակալում է քաղաքական դրդապատճառներով, մինչդեռ Ֆրանսիայի իշխանությունները այդ մասին մտահոգություն են հայտնել։ Սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին ուղղված ճանապարհորդական նախազգուշացում է հրապարակել՝ զգուշացնելով Ադրբեջանում «կամայական ձերբակալության և անարդար դատավարությունների» վտանգի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հաջորդ օրը քննադատել է նախազգուշացումը։
«Ֆրանսիական կողմին կոչ ենք անում զերծ մնալ Ադրբեջանի վերաբերյալ անհիմն և կողմնակալ պնդումներից, հարգել մեր երկրի ինքնիշխանությունն ու ներքին գործերը և վերջ տալ երկկողմ հարաբերություններին վնասող մոտեցումներին»,- ասել է Հաջիզադեն։











