«Քաղաքական հաշվեհարդար և քինախնդրություն»․ Մայր Աթոռն արձագանքել է «Եկեղեցու ներսում ճգնաժամի» մասին զեկույցին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եկեղեցու ներսում ճգնաժամի մասին կառավարության զեկույցը համարում են հակասահմանադրական, հակականոնական և անօրինական։ Հայտարարության մեջ նշվում է, որ «մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» քաղաքական հաշվեհարդար, քինախնդրություն և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտություն է»։
Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ պատրաստված զեկույցի մասին է, որում եկեղեցում առկա իրավիճակը բնորոշում է որպես «ճգնաժամ» և առաջարկում դրա հաղթահարման հինգ քայլ՝ բարենորոգման գործընթացի մեկնարկից մինչև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացում, եկեղեցու միասնական կանոնադրության ընդունում և նոր կաթողիկոսի ընտրություն։
74 էջանոց փաստաթղթի եղինակները հայտարարում են, որ չեն վիճարկում Հայ առաքելական եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան ավանդությունն ու կանոնական կարգը և իրենց նպատակը համարում են այդ կարգի ենթադրյալ խախտումների փաստագրումն ու դրանց լուծման ուղիների առաջարկումը։
Զեկույցում Գարեգին Բ-ն հետևողականորեն անվանվում է ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոս, այլ Հայ առաքելական եկեղեցու «փաստացի պետ»։
Մայր Աթոռից հիշեցնում ում են 2026-ի փետրվարի 7-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Եպիսկոպոսաց հավաքի դիրքորոշումը, որը Հայաստանի իշխանություններին հորդորում է «դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները, հարգել Եկեղեցու ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով եկեղեցականների բռնաճնշումներին և գործել Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով»։
«Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը»,- նշվում է հայտարարությունում։
Կազմակերպություն











