Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական վտարանդի ՀԿ-ները Եվրոպայի խորհրդին կոչ են արել Բաքվի դեմ քայլեր ձեռնարկել

Եվրոպայի խորհուրդը

Եվրոպայի խորհուրդը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանական վտարանդի հինգ հասարակական կազմակերպություններ Եվրոպայի խորհրդին կոչ են արել Ադրբեջանի նկատմամբ համակարգված միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը հասնելու և խոշտանգումների վերաբերյալ պնդումները հետաքննելու համար քայլեր։

Ադրբեջանի հարաբերությունները Եվրոպայի խորհրդի և դրա կառույցների հետ տարիներ շարունակ լարված են։ Խորհուրդը հաճախ քննադատել է Բաքվի՝ մարդու իրավունքների ոլորտում վիճակը՝ պարբերաբար հայտարարություններ տարածելով քաղաքական գործիչների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։

ՀԿ-ների հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների չկատարման ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի․ նրանց հաշվարկով՝ Ադրբեջանի վերաբերյալ դատարանի վճիռների 68 տոկոսը չի կատարվել։

Կազմակերպությունները Եվրոպայի խորհրդին կոչ են արել արձագանքել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին և երկրի՝ որպես Խորհրդի անդամ ստանձնած պարտավորությունները չկատարելուն։

Հայտարարությունը, որը, ըստ ամենայնի, Եվրոպայի խորհրդին ուղղված նման առաջին համատեղ դիմումն է, ստորագրել են Անկախ իրավաբանների ցանցը, Կասպյան հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնը, «Բաց Ադրբեջան» նախաձեռնությունը, «Ազատ ձայն» կոլեկտիվը և Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը։

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հավաքական պաշտպանությունը սահմանում է որպես կազմակերպության անդամ պետությունների ընդհանուր պատասխանատվություն։ Հենց այս ընդհանուր պարտավորությունից և պատասխանատվությունից ելնելով՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին կոչ ենք անում կազմակերպության կառույցներում համատեղ և հետևողական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու, որ Ադրբեջանը կատարի անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հայտարարությունում։

Կազմակերպությունները նշել են, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին միացել է 2001-ին, իսկ 2002-ին միացել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ Ադրբեջանի քաղաքացիներին միջազգային իրավական պաշտպանության հնարավորություն տալով։ Նրանց խոսքով՝ այն դեպքերում, երբ ներպետական իրավական պաշտպանության միջոցներն անարդյունավետ են եղել, ՄԻԵԴ-ը դարձել է արդարության հասնելու միակ արդյունավետ ճանապարհը։

Միաժամանակ կազմակերպությունները նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները փորձել են Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային մեխանիզմները ներկայացնել որպես երկրի ինքնիշխանությանը միջամտություն և վարել են քաղաքականություն, որը կասկածի տակ է դնում կազմակերպության կառույցների լեգիտիմությունը։

2022-ից Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ճգնաժամ է խորանում, իսկ անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ սահմանափակումները գնալով խստանում են։

«Անկախ կազմակերպությունների զեկույցները ցույց են տալիս, որ երկրում առնվազն 328 քաղբանտարկյալ կա։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողներն ու քաղաքական ակտիվիստները դատապարտվում են երկարատև՝ մինչև 10-15 տարվա ազատազրկման»,- ասվում է հայտարարությունում։

Կազմակերպությունները Ադրբեջանի իշխանություններին մեղադրել են նաև այս բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի մեջ՝ վկայակոչելով կին բանտարկյալների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին պնդումները, որոնք, նրանց խոսքով, ավելի հաճախակի են դարձել 2026-ի առաջին կեսին։

Նրանք նաև ընդգծել են, որ համագործակցության գործող ձևաչափերը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի գործունեությունը և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի այցերը, չպիտի նպաստեն Ադրբեջանում առկա իրավիճակի լեգիտիմացմանը։

«Կազմակերպության հիմնարար սկզբունքների քայքայումը թույլ տալը միայն այն բանի համար, որ պահպանվի որևէ պետության անդամակցությունը, կարող է շատ ավելի լուրջ և երկարաժամկետ հետևանքներ ունենալ Եվրոպայի խորհրդի և նրա անդամ բոլոր պետությունների համար»,- հայտարարել են կազմակերպությունները։

Նրանք ընդունել են, որ սկզբունքային արձագանքը կարող է արագացնել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու գործընթացը, սակայն պնդել են, որ նման որոշման պատասխանատվությունը կկրեն Ադրբեջանի իշխանությունները, ոչ թե կազմակերպությունը։

Կազմակերպությունները Խորհրդին կոչ են արել արձագանքել Ադրբեջանի կողմից կազմակերպության հետ համագործակցությունը կասեցնելուն, ինչպես նաև Անար Մամեդլիի գործով ՄԻԵԴ վճիռները չկատարելուն։ Մամեդլին սեպտեմբերին դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման։

Նրանք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին կոչ են արել Ադրբեջանի կառավարությունից պաշտոնական պարզաբանում պահանջել երկրում մարդու իրավունքների իրավիճակի և ՄԻԵԴ վճիռներն անտեսելու վերաբերյալ։

Կազմակերպությունները նաև կոչ են արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ), Նախարարների կոմիտեին և գլխավոր քարտուղարին Ադրբեջանի իրավիճակը պահել օրակարգում և համակարգված քայլեր ձեռնարկել երկրում բանտարկյալների ազատ արձակմանը հասնելու համար։

Վերջին տարիներին Ադրբեջանի և ԵԽԽՎ-ի հարաբերությունները լարվել են մարդու իրավունքների, քաղբանտարկյալների և ժողովրդավարական ինստիտուտների շուրջ տարաձայնությունների պատճառով։ 2024-ի հունվարին Ադրբեջանը դադարեցրեց իր մասնակցությունը ԵԽԽՎ-ին, երբ Վեհաժողովը չհաստատեց ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրն ավելի ուշ հայտարարել է, որ Ադրբեջանի վերադարձը Վեհաժողով կախված կլինի Բաքվի կողմից առնվազն 70 ԵԽԽՎ անդամների, այդ թվում՝ իր անունը, սև ցուցակից հանելուց։

Բայրը նաև ասել է, որ եթե Բաքուն իսկապես ցանկանում է վերադառնալ ԵԽԽՎ, ապա պետք է առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների ազատ արձակի։

Դրանից կարճ ժամանակ անց, սակայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Ադրբեջանն ամբողջությամբ դուրս գա Եվրոպայի խորհրդից, «երկրում ոչ ոք դա չի զգա»։

Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է դարձել 2001-ին՝ պարտավորություններ ստանձնելով մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում։ Սակայն երկիրը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային ընթացակարգի ներքո։

Կազմակերպություն

Անձ

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում