Ադրբեջանի հետ խաղաղությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները «տրանսֆորմացվում են»․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումից հետո Ռուսաստանի հետ Երևանի հարաբերությունները գտնվում են «տրանսֆորմացիայի փուլում»։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն առաջնորդվում է բազմաբևեռության տրամաբանությունից բխող հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ։
Նրա խոսքով՝ նախորդող ողջ շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։
«Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,-հայտարարել է վարչապետը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ արտաքին քաղաքական պատկերացումների համար առանցքային նշանակություն ունի հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու խորացումը։ Նա մատնանշել է Թուրքիայի հետ առկա բարձր մակարդակի երկխոսությունը։
«Ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է վարչապետը։
Նա նաև շեշտել է, որ Իրանի և Վրաստանի հետ բարիդրացիությունը Երևանի համար շարունակում է ունենալ «բացառիկ կարևորություն»։
Վարչապետը միաժամանակ ուշադրություն է հրավիրել միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ ռազմավարական հարաբերությունների ընդլայնման վրա։ Այս համատեքստում նա առանձնացրել է Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի համար առևտրային ինքնավար միջոցներ սահմանելու մասին որոշումը՝ այն որակելով որպես «Հայաստան-ԵՄ նոր որակի հարաբերությունների հերթական դրսևորում»։
Ելույթի ավարտին կառավարության ղեկավարը ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան, որտեղ հոկտեմբերին հյուրընկալվելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը։










