ՌԴ քաղաքացիների «համակարգված ձերբակալություններ» Հայաստանում. Մատվիենկոյի պնդումը չի հաստատվում

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն օգոստոսի 6-ին Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, թե Հայաստանում երրորդ երկրների հարցումներով իրականացվում են ՌԴ քաղաքացիների «համակարգված ձերբակալություններ»։
«Նման պրակտիկայի շարունակության դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել հանրապետություն (Հայաստան-խմբ.)»,- նշված էր ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը փորձել է պարզել՝ արդյոք Հայաստանում ՌԴ քաղաքացիները երրորդ երկրների հարցումներով «համակարգված» ձերբակալվո՞ւմ են։
ՌԴ քաղաքացիների ձերբակալումը/կալանավորումը երրորդ երկրի պահանջով
Տեղեկատվության բաց աղբյուրներում երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության դեպքերը մի քանիսն են։
2026-ի հուլիսին հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Երմակովը։ Ըստ լրատվամիջոցների՝ նա ձերբակալվել էր համակարգչային խարդախության գործով հետաքննության շրջանակում։ Երմակովի հարազատները հայտարարել էին, որ նրան շփոթել են նույն անուն-ազգանունն ունեցող հաքերի հետ, որին ԱՄՆ-ի պահանջով հետախուզում է Ինտերպոլը։
Մեկ այլ դեպք գրանցվել էր 2024-ի հունիսին, երբ Հայաստանում ձերբակալվել էր ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող և կիբերհանցագործության մեջ մեղադրվող Ռուսաստանի քաղաքացի Օլեգ Նեֆեդովը։ Սակայն Նեֆեդովին հաջողվել էր փախչել հենց դատարանի դահլիճից։
Տես նաև՝ Ինչպես ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին փախավ Հայաստանի դատարանից
Ինչ են հայտնում պետական մարմինները
Արդարադատության նախարարությունը #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2020-ի հունվարի 1-ից մինչև 2026-ի օգոստոսի 12-ը Հայաստանում օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հայտարարած հետախուզման հիմքով ձերբակալվել կամ կալանավորվել է ՌԴ 53 քաղաքացի։ Նրանցից 9-ը՝ 2022-ին, 7-ը՝ 2023-ին, 14-ը՝ 2024-ին, 13-ը՝ 2025-ին, իսկ 10-ը՝ 2026-ին (սեպտեմբերի 16-ի դրությամբ)։
Նախարարությունը վիճակագրություն չի վարում ըստ այն երկրների, որոնք ներկայացրել են հանձնման միջնորդություն։ Ուստի այս թվերը ներառում են ոչ միայն երրորդ երկրների, այլև հենց Ռուսաստանի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացիներին։
Մատվիենկոն խոսել է «համակարգված ձերբակալությունների» մասին՝ նշելով, որ դրանց շարունակվելու դեպքում Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան։ Մինչդեռ 2025-ին Հայաստան է մուտք գործել ՌԴ 874 100 քաղաքացի, 2024-ին՝ 889 596, իսկ 2023-ին՝ 1 041 212։
Այս թվերի համադրությունից երևում է, որ օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, պահանջով Հայաստանում տարեկան ձերբակալվում կամ կալանավորվում է ՌԴ 7–14 քաղաքացի, մինչդեռ Հայաստան մուտք գործած ՌԴ քաղաքացիների թիվը տարեկան մոտ 900 հազարից մեկ միլիոն է։
Բացի այդ, արդարադատության նախարարությունից #CivilNetCheck-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում ձերբակալվում են իրենց նկատմամբ հայտարարված հետախուզման հիմքով։ Եթե նրանց նկատմամբ արտերկրում կալանավորում է կիրառվել, Հայաստանում կարող է ժամանակավոր կալանք սահմանվել, որից հետո տվյալ երկիրը պետք է ներկայացնի անձի հանձնման հարցում։ Հանձնումը կարող է մերժվել տարբեր պատճառներով, օրինակ՝ եթե անձը նաև Հայաստանի քաղաքացի է։
Նախարարության տվյալներով՝ 2020-ի հունվարի 1-ից մինչև 2026-ի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում ձերբակալված կամ կալանավորված ՌԴ քաղաքացիներից 8-ը հանձնվել են։ Ներկայումս հանձնման վարույթների շրջանակում կալանքի տակ է ՌԴ 7 քաղաքացի։
ՌԴ քաղաքացիների ձերբակալումը/կալանավորումը Ռուսաստանի պահանջով
Իրավապաշտպանների դիտարկմամբ՝ վերջին տարիներին աճել է ոչ թե երրորդ երկրների, այլ հենց Ռուսաստանի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացիների դեպքերի թիվը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) փաստաբան Անի Չատինյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրենց դիմող Ռուսաստանի քաղաքացիների թիվն անընդհատ աճում է։ Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է քաղաքական հետապնդման դեպքերով, և դիմողների մեծ մասը պատերազմի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը քննադատող մարդիկ են։ Սակայն, Չատինյանի խոսքով, զանգվածային ձերբակալություններ չկան։
Բաց աղբյուրների տվյալներն էլ նույն պատկերն են ցույց տալիս․ Հայաստանում ՌԴ քաղաքացիների ձերբակալությունների մասին հրապարակված դեպքերի մեծ մասում խոսքը Ռուսաստանի կողմից հետախուզվող անձանց մասին է։ Նրանցից շատերը քննադատել են ռուս-ուկրաինական պատերազմը կամ Ռուսաստանի իշխանություններին։
2026-ի հունիսին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվեց ռուս մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին։ Ըստ հրապարակումների՝ նա հետախուզվում էր Ռուսաստանի հարցմամբ։ 2025-ի հունվարին «Ռոսֆինմոնիթորինգը» նրան ներառել էր ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, իսկ Մոսկվայի դատարանը նրան հեռակա կալանավորելու որոշում էր կայացրել։ Վերբիցկին հայտնի է նաև որպես Վլադիմիր Պուտինի քննադատ։ Երեք օր անց նա ազատ արձակվեց, սակայն քանի դեռ հետախուզման մեջ էր, չէր կարող լքել Հայաստանը։
2026-ի փետրվարին ՀՔԱՎ-ը հայտարարեց, որ Հայաստանը պետք է բացառի Ռուսաստանում քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնումը։ Կազմակերպությունը հիշատակում էր Վլադիմիր Ուխալովին, Պավել Դանիլովին և Դմիտրի Շիգաևին՝ նշելով, որ նրանք հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային։ Հունիսին հայտնի դարձավ, որ Դանիլովն ազատ է արձակվել։

2024-ի հոկտեմբերին Հայաստանում ձերբակալվել, ապա մի քանի ժամ անց ազատ էր արձակվել հակապատերազմական գրառումների համար Ռուսաստանում հետախուզվող Ռոման Շկլովերը։ Ըստ հրապարակումների՝ Շկլովերի հետևից Երևան էին եկել ՌԴ ուժայինները, բայց նա հրաժարվել էր նրանց հետ գնալ, և ռուս ուժայինները հեռացել էին։ 2025-ի մարտին նույն կերպ Երևանում ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Նիկոլայ Զոնովը։
2025-ին Երևանում ձերբակալվել էր նաև Ռուսաստանում հակապատերազմական պաստառներ փակցրած Լիլյա Մանյուխինան։ Ըստ փաստաբան Ռոման Երիցյանի՝ Հայաստանը մերժել է Ռուսաստանի՝ նրան արտահանձնելու պահանջը։
Իսկ 2023-ին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման, Գյումրիում ռուսական ռազմաբազայի ոստիկանները ձերբակալել էին Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սեդրակովին։ Մինչ Հայաստանի իրավապահները ստուգում էին, թե արդյոք Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված ՌԴ քաղաքացին անօրինական է պահվում ռազմաբազայում, Սեդրակովին, իրավապաշտպանի խոսքով, իր կամքին հակառակ տեղափոխել էին Ռուսաստան։
Այսպիսով՝ առկա տվյալները չեն հաստատում Մատվիենկոյի պնդումը։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ Հայաստանում տարեկան ձերբակալվում կամ կալանավորվում է օտարերկրյա պետությունների կողմից հետախուզվող ՌԴ 7-ից 14 քաղաքացի, մինչդեռ Հայաստան տարեկան մուտք է գործում մոտ մեկ միլիոն ՌԴ քաղաքացի։ Ընդ որում՝ այդ թվերում են նաև հենց Ռուսաստանի կողմից հետախուզվողները, իսկ բաց աղբյուրներում հրապարակված դեպքերից շատերը վերաբերում են պատերազմը կամ Ռուսաստանի իշխանություններին քննադատած մարդկանց, որոնց հետախուզում է հենց Ռուսաստանը։
Կազմակերպություն
Փաստերի ստուգում
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










