Երեք տարի՝ առանց կարգավիճակի. Արցախի պայթյունից տուժած ընտանիքներն անորոշության մեջ են

Պայթյունի ժամանակ զոհված երկու եղբոր ընտանիքները
«Հիմա մնացել ենք կանանցով, շատ դժվար է». Սյուզաննա Գրիգորյանի ամուսինն ու ամուսնու եղբայրը 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից ոչ հեռու բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերից են։ Այժմ նրանց ընտանիքները միասին անցնում են բազմաթիվ դժվարությունների միջով ու սպասում կարգավիճակի։
Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով գրանցվել է 219 զոհ, 22 անհետ կորած, շուրջ 300-ը վիրավորվել են։ Պայթյունից երեք տարի անց տուժածների ընտանիքները առանց որևէ կարգավիճակի են՝ առերեսվելով մի շարք խնդիրների։
Սյուզաննան պատմում է, որ փորձել է աշխատանքի անցնել, սակայն երեք երեխաji խնամքը կազմակերպելը դժվար է եղել. «Մտել ենք աշխատանքի ես ու տեգրոջս կինը, 15 օր աշխատել ենք, ուղղակի երեք երեխաների հետ սկեսուրս չէր կարողանում, առողջական խնդիրներ ուներ, ստիպված նորից դուրս եկանք աշխատանքից»։

Ընտանիքի համար խնդիրներից մեկը նաև երեխաների մանկապարտեզի հարցն է։ Սյուզաննան ասում է՝ երեխաներին մանկապարտեզ չեն ընդունել, քանի որ ընտանիքը համապատասխան կարգավիճակ չունի։ Այժմ հերթի մեջ են։
«Գոնե որ կարգավիճակ տային, երեխաների կարիքները կկարողանանք հոգալ, որ մանկապարտեզի հարցն էլ լուծվեր, նորից կմտնենք աշխատանքի, որ կարողանանք ընտանիքները պահել»։
Պայթյունից անհետ կորածների ընտանիքները ևս խնդիրների առաջ են
Պայթյունի հետևանքով անհետ կորած 22 անձանց ընտանիքների վիճակն այլ է։ Նրանք երեք տարի անց էլ չգիտեն՝ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատների հետ։
Պայթյունից անհետ կորած Սամվել Սաֆարյանի կինը՝ Կարինե Բաղդասարյանն ասում է՝ ընտանիքը շարունակում է ապրել անորոշության մեջ։ Միաժամանակ նա փորձում է աշխատել՝ երեխայի կարիքները հոգալու համար։
«Մեզ համար առաջնայինն այն է, որ ինչ-որ տեղեկություններ տան մեզ, կանչեն հաճախակի, ասեն՝ գիտեք, մենք փորձել ենք, բայց մեզ մոտ չի ստացվել։ Գոնե հուսադրող ինչ-որ քայլեր անեն, հետո նոր՝ մնացածը»։

Կարինեի խոսքով՝ հանրության շրջանում կա թյուր կարծիք, թե անհետ կորածների ընտանիքները պետության կողմից ապահովվում են։ Սակայն շեշտում է՝ պետությունը պայթյունից տուժած ընտանիքներին ոչնչով չի ապահովում։
2026-ին ընդունվել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձանց մասին նոր օրենք, որով կարգավորվել են նաև նրանց ընտանիքների սոցիալական իրավունքները։ Սակայն, պայթյունից անհետ կորածների ընտանիքները նշում են, որ օրենքով նախատեսված իրավունքներն իրենց դեպքում առայժմ գործնականում չեն իրացվում։
Նոր օրենքով ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց ընտանիքների համար նախատեսվել է նաև կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք։
Օրենքի համաձայն՝ այդ իրավունքից կարող են օգտվել անհայտ կորածի ընտանիքի այն անդամները, որոնք բավարարում են կերակրողին կորցնելու նպաստի համար սահմանված պայմաններին, եթե անհայտ կորած անձը դատարանի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող։
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից, սակայն, ՍիվիլՆեթին չեն հստակեցրել՝ Արցախի տարածքում սեպտեմբերի 25-ի պայթյունից անհետ կորած անձինք համարվո՞ւմ են օրենքով նախատեսված՝ «ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած» անձինք։ Կամ, արդյո՞ք դատարանի վճռում պետք է հստակ նշվի, որ անձը ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում է անհետ կորել։
Նախարարությունից միայն հղում են արել օրենքի համապատասխան դրույթներին՝ նշելով, որ սահմանված պայմաններին համապատասխանող անհայտ կորածների ընտանիքի անդամները կարող են ձեռք բերել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք։
Կարգավիճակի հարցը երեք տարի անց դեռ քննարկվում է
Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ զոհերի կարգավիճակի հարցում կարևոր է նաև այն հանգամանքը, որ պայթյունը տեղի է ունեցել Արցախի բնակչության բռնի տեղահանման և ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակում։
«Գործող քաղաքական իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի, քանի որ այդ անձինք մահացել են ռազմական դրության ժամանակ, պատերազմական գործողությունների ընթացքում, բռնի տեղահանման ընթացքում և բռնի տեղահանման արդյունքում, պետք է համապատասխան կարգավիճակը ունենան»,- նշում է Հովհաննիսյանը։
2025-ի հոկտեմբերի 30-ին Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ պայթյունից տուժած ընտանիքների կարգավիճակի հարցը քննարկվում է։
«Այդ քննարկումները մշտական եղել են, այնպես չէ, որ ինչ-որ մի փուլում մոռացվել են մեր այդ հայրենակիցները, և եթե ինչ-որ եզրահանգման գանք, դրա մասին կհայտարարենք։ Մենք էլ ենք համարում, որ դա պարզապես դժբախտ պատահար չի և այլ հավասար պայմաններում տեղի չէր ունենա»։
Այսօր էլ նախարարությունից հայտնում են, որ պայթյունից տուժածների կարգավիճակի հարցը քննարկման փուլում է։ Երեք տարի անց ընտանիքները դեռ չգիտեն՝ այդ քննարկումը երբ և ինչ արդյունքով կավարտվի։
Սիրանուշ Ադամյան











